Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը մարտին գնալու է Թուրքիա, եթե անգամ այս պահին ինքը տեղյակ չէ». Նաիրա Զոհրաբյան

Փետրվար 08,2022 17:33

Aravot.am-ի զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը

-Տիկին Զոհրաբյան, Թուրքիայի փոխնախագահը հայտարարեց, որ մարտ ամսին Նիկոլ Փաշինյանը մեկնելու է Թուրքիա, սակայն պաշտոնական Երեւանը դեռեւս չի հաստատում այդ տեղեկատվությունը։ Ի՞նչ օրակարգ է, ըստ ձեզ, քննարկվելու Թուրքիայում։

-Ես ձեզ վստահեցնում եմ, որ մարտ ամսին Փաշինյանը մեկնելու է Թուրքիա, անգամ եթե ինքն ու իր աշխատակազմն այս պահին այդ մասին տեղեկացված չեն։ Ողբերգությունն այն է, որ Հայաստանն այլեւս ինքը չի որոշում իր արտաքին քաղաքական օրակարգը եւ մեզ պոստ ֆակտում պարզապես տեղեկացնում են կայացված որոշումների մասին։ Իսկ Թուրքիայում քննարկվելիք օրակարգը շատ պարզ է՝ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատում եւ սահմանների վերաբացում՝ բնականաբար, թուրքական նախապայմանների փաթեթով։

-Սակայն հայկական եւ թուրքական կողմերը բանագնացների առաջին մոսկովյան հանդիպումից հետո հայտարարեցին, որ հարաբերությունների բարելավման օրակարգում որեւէ նախապայման չկա։

-Դա լկտի եւ ցինիկ սուտ է եւ մինչ մեր հասարակությունն իր համար նոր էմոցիոնալ թեմա է գտել՝ Մարալիկում Սողոմոն Թեհլերյանի արձանի հնարավոր ապամոնտաժումը, ինչը վաղ թե ուշ լինելու է, եւ պատրաստ են հերոսաբար շուրջօրյա հերթապահություն սահմանել արձանի շուրջ, Թուրքիան իր հայտնի նախապայմաններին ավելացրել է եւս երկուսը։ Արցախի խնդրի լուծումը ադրբեջանական օրակարգով, որը Թուրքիայի հիմնական նախապայմաններից էր, այլեւս Էրդողանը համարում է լուծված, սակայն թուրքական քաղաքական էլիտան շարունակում է պնդել, որ հայկական կողմը պետք է հրաժարվի Ցեղասպանության օրակարգից եւ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում Ցեղասպանության հարցը շատ սիրուն գցեց Սփյուռքի եւ դաշնակցության գրպանը՝ դա համարելով այլեւս միայն նրանց նեղ օրակարգը։

Եվ արդեն հայտնի նախապայմաններին թուրք էլիտան շատ հստակ եւս երկու նախապայման է բերել օրակարգ՝ անցնցում լուծել Զանգեզուրի միջանցքի հարցը, որպեզի իրենք ունենան անխափան ցամաքային կապ եւ երկրորդ՝ ճնշում գործադրել ամերիկյան հայկական կառույցների վրա, որպեսզի Ցեղասպանության գաղափարը ամերիկյան քաղաքական օրակարգից հանվի, քանզի այն խանգարում է թուրք-ամերիկյան հարաբերություններին։

Լինենք անկեղծ՝ ինչ-որ մեկը կարծո՞ւմ է, որ այն, ինչ Սերժ Սարգսյանն ու Էդուարդ Նալբանդյանը թուրքերի հետ բանակցել էին 2009-ին, դրանից ավելին հնարավո՞ր է հիմա անել, իհարկե՝ ոչ։ Սակայն, թուրքական կողմը հրաժարվեց բանակցված փաստաթուղթը վավերացնել՝ առաջ քաշելով անընդունելի նախապայմաններ։

Հիմա արդեն, գոյություն ունեցող նախապայմաններին, որոնցից առանցքայինը՝ Արցախի հարցը, իրենց համար լուծված է, ավելացել են եւս երկուսը եւ ահա այս օրակարգով էլ տեղի է ունենալու Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանների բացումը։

-Երբ Սերժ Սարգսյանը ստորագրում էր Ցյուրիխյան արձանագրությունները, հանրային եւ քաղաքական լուրջ բողոքի ալիք բարձրացավ։ Ձեր կարծիքով, ինչո՞ւ հիմա նման ընդվզում չկա։

-Դա պիտի հարցնել նախկին ընդվզողներին, ովքեր Հայաստանում եւ Սփյուռքում բողոքի անասելի ալիք բարձրացրեցին եւ երրորդ նախագահը ստիպված էր լինել հայկական գաղութներում՝ ներկայացնելով իրավիճակը։ Հիմա չկա, որովհետեւ, ցավոք, մեր հասարակությունն այլեւս, հասկանալի պատճառներով, ցանկություն չունի ընդհանրապես արձագանքելու որեւէ օրակարգի, իսկ այն ուժերը, ովքեր հակաթուրքականության խարույկներ էին վառում եւ Էրդողանի խրտվիլակ գնդակահարում, հիմա զբաղված են շատ ավելի կարեւոր գործով՝ ԱԺ-ում քննարկում են, օրինակ, Հայ-բելառուսական միջխորհրդարանական հանձնաժողովում Արփի Դավոյանին Հրաչ Հակոբյանով փոխարինելու պատմական հարցը։ Ահա այսպես։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28