Գեղարքունիքի մարզի Վարդենիս խոշորացված համայնքի բնակիչներն, ինչպես տեղեկացրել ենք, այսօր փակել էին Մարտունի–Վարդենիս ճանապարհը եւ պահանջում էին մարզպետարանից՝ Վարդենիս խոշորացված համայնքի ղեկավար ընտրված Ահարոն Խաչատրյանին տալ համայնքապետի աշխատասենյակի բանալին եւ կնիքը:
Հավաքվածները վանկարկում էին «արդարություն»:
«Ահարոն Խաչատրյան» դաշինքի ներկայացուցիչ Խաժակ Մկրտչյանը նույնպես ճանապարհ փակած ցուցարարների շարքում էր: Լրագրողների հետ զրույցում Խաժակ Մկրտչյանն ասաց, որ 2021 թվականի դեկտեմբերի 30-ին տեղի ունեցած նիստում, ավագանին Ահարոն Խաչատրյանին ընտրել է համայնքի ղեկավար, սակայն, մինչ օրս «մեծ ու փոքր տարբեր իշխանիկների նախաձեռնած խոչընդոտների պատճառով», Ահարոն Խաչատրյանը չի կարողանում իրացնել օրենքով իրեն վերապահված լիազորությունները։ Խոչընդոտներից մեկն էլ, ըստ բանախոսի, ՔՊ-ական ավագանիների կողմից վարչական դատարան հայց ներկայացնելն էր:
Կարդացեք նաև
«Մենք ՀՀ խոշորացված երկրորդ համայնքն ենք, սահմանամերձ համայնք, որը հիմա գտնվում է պարալիզացված վիճակում, մարդիկ չեն կարողանում իրենց հարցերը կազմակերպված լուծել, սա ես գնահատում եմ որպես պետության դեմ ուղղված գործողություն։ Պատկերացնո՞ւմ եք՝ եթե սահմանի վրա որեւէ զինվոր մի նկար գցի՝ ԱԱԾ-ն անմիջապես կարձագանքի, բայց մի ամբողջ համայնք մնացել է անտերության պայմաններում, որևէ վարչական կազմակերպում գոյություն չունի»,-ասաց Խաժակ Մկրտչյանը։
Ցուցարարներից մեկն էլ, լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենք պատրաստ են փակ պահել ճանապարհն այնքան ժամանակ, մինչեւ իրենց համայնքը ստանա հունի մեջ մտնելու եւ բնականոն ապրելու իր իրավունքը: Քաղաքացին տարակուսած է, իշխող ՔՊ-ի որդեգրած դիրքորոշումից, որ չի ցանկանում համակերպվել իրականության հետ, բայց ինքը արտառոց ոչինչ չի տեսնում դրանում, քանի որ խորհրդարանում ՔՊ-ն մեծամասնություն է եւ բոլորը ընդունել են այդ իրականությունը: Հուսով է, որ իշխանությունն ուշքի կգա եւ կհամակերպվի իրականության հետ:
Վարդենիսի ավագանու ընդդիմադիր անդամ Կարեն Մկրտչյանն էլ, որը նույնպես մասնակցում էր ցույցին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ իրենք ոչ մի պարագայում մանդատները վայր չեն դնելու, իշխող ուժի տարբեր ներկայացուցիչների հայտարարություններն այդ մասին, մարդկանց թյուրիմացության մեջ գցելու նպատակ ունեն:
«Ես Նիկոլի համար լիքը բաներ եմ արել, պառկել եմ ասֆալտին, բայց այսօր մեր շրջանի համար պետք է Ահարոն Խաչատրյանը: Այսօր աշխատող ուժը Ահարոն Խաչատրյանն է, ով կարող է ռայոնի համար սրտացավ մի բան անի»,- ասաց ցույցի մեկ այլ մասնակից՝ հավելելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանից չի հիասթափվել, բայց ընտրություններում ՔՊ-ի թեկնածու Արամ Մելքոնյանին չի ընտրել, քանի որ համոզված է՝ Ահարոն Խաչատրյանն ավելի լավ աշխատող է:
Ճանապարհները փակելուց մոտ մեկ ժամ հետո, ցուցարարներին միացավ Ահարոն Խաչատրյանը: Նրա հետ էր նաեւ մարզպետարանից ներկայացուցիչ: Վարդենիսցիները մարզպետարանի պաշտոնյային խնդրեցին երաշխավորել, որ մեկ ամիս հետո կայանալիք ավագանու նիստի ժամանակ, որտեղ համայնքի ղեկավարի նոր ընտրություն է լինելու, դարձյալ բռնություններ չլինեն եւ խստորեն պահպանվեն օրենքի պահանջները:
«Խոսել եմ մեր մարզպետի եւ այլ ղեկավարների հետ, մի 10 օրում բանակցություններ կանենք, դրանից հետո եթե լուծում չգտանք, այս մեր բողոքի ակցիան էլի կշարունակենք, բայց հուսով եմ մեր մեջ ամեն ինչ նորմալ է լինելու»,-ցուցարարներին փոխանցեց նա՝ հորդորելով բացել ճանապարհը, դադարեցնել ցույցը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ