Ինչպես տեղեկացրել ենք, «Հայաստան» խմբակցությունը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է չեղարկել բալային համակարգը, քանի որ սահմանադրությունն արգելում է նույն արարքի համար կրկնակի պատասխանատվության միջոցի կիրառումը, օրինակ՝ տուգանք եւ ազատազրկում: Հիմնական զեկուցող Գեղամ Մանուկյանն ասաց, որ մարդը, որից մի խախտման համար բալեր են հանվել, ինչո՞ւ պետք է նաեւ մեքենա վարելու իրավունքից զրկվի:
«Հայաստան» խմբակցությունից Թադեւոս Ավետիսյանն ասաց, որ մի սխալ տեղ է կայանել, 0,5 միավոր հանել են, նաեւ 5000 դրամ տուգանել, բա տաքսու վարորդները ի՞նչ անեն:
ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը մոտեցավ ամբիոնի մոտ ու ասաց, որ խոսելու է որպես պատգամավոր ու որպես վարորդ: Ըստ նրա, պետք է ամեն ինչ անեն ոչ թե քիչ տուգանվելու համար, այլ՝ ձեւ գտնեն, որ ավելի քիչ խախտումներ անեն:
ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Դավթյանն ասաց. «Այս նախագիծն ո՞ւմ շահերն է պաշտպանում, մենք փորձում ենք կարգազանց վարորդների շահե՞րը պաշտպանենք: Մենք այսօր 5-6 հազար վարորդ ունենք, որ վարորդական իրավունքից զրկվել են այս բալային համակարգով: Մեր փողոցները, մեր քաղաքացիները ազատվել են 6000 կարգազանց վարորդների՝ փողոց դուրս գալուց: Եվ հիմա դուք փորձ եք անում հնարավորություն ստեղծել, որ այդ մարդիկ նորից գան ու վարեն, դա անվտանգ չի ե՛ւ ձեզ համար, ե՛ւ մյուսների համար: Թադեւոս Ավետիսյանն ասաց՝ քոռ-քոռ առաջ ենք գնում՝ չհասկանալով, թե ուր, ես կարծում եմ, որ ընդհակառակը՝ հենց քոռ-քոռ քշող վարորդներին ենք զրկել իրավունքից, որ մյուս վարորդները կարողանան նորմալ երթեւեկել»:
Կարդացեք նաև
Արծվիկ Մինասյանն ասաց, որ միանշանակ դիմելու են ՍԴ, որովհետեւ հասկացավ՝ այս հարցը ՍԴ դիմելու հարց է:
ՔՊ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն ասաց. «Նախկինում, մինչեւ բալային համակարգը, օրինակ, ոչ սթափ վիճակում վարելու համար մի անգամ տուգանում էին, երկրորդ անգամ տուգանում էին ու զրկում էին վարորդական իրավունքից: Բալային համակարգում էլ չես կարող անընդհատ խախտես ու գումար տաս, խախտես՝ գումար տաս, նշանակում է՝ վատ վարորդ ես: Հիշենք, նախկինում, երբ վարորդական իրավունք էին տալիս, բազմաթիվ դեպքեր կիմանաք, որ կաշառքի միջոցով էին ստանում, ինչը կասկածի տակ է դնում տվյալ մարդու տեսական ու պրակտիկ ունակությունները»:
Գաբրիելյանն ասաց, որ ընդդիմադիրների նախագծերը նայում է ու ուզում է հասկանալ՝ նպատակը ո՞րն է՝ ասում եք՝ զինծառայողների բուժում, երբ դա սահմանված է օրենքով, ասում եք՝ նվազագույն աշխատավարձի բարձրացում, երբ ոչ մեկը դրան դեմ չի: Օրինակ, կարող է ինքն էլ մոտենալ ամբիոնին ու ասել՝ կուզենամ աշխատավարձը դառնա 1000 դոլար, բոլորը կասեն՝ «մալադեց, ինչ լավ տղա է», բայց պետք է ասելիքի տակ հաշվարկ լինի:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ