Լրահոս
Օրվա լրահոսը

Աննա Ծառուկյան. «Դատավոր Բորիս Բախշիյանը քաղբանտարկյալից բացի՝ ունի նաեւ խղճի բանտարկյալի կարգավիճակ»

Փետրվար 08,2022 16:25

Փաստաբան Աննա Ծառուկյանը «Հենարան» ակումբում ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորման առիթով ասաց. «Դատավորին ձերբակալելով՝ փորձում են լռեցնել մյուս դատավորներին, դաս տալ մյուսներին, որովհետեւ այսօրվա դրությամբ ունենք մի իրավիճակ, որ ոչ ոք չպետք է համարձակվի իշխանությանը դեմ խոսող կամ գործող որեւէ անձի կալանքից ազատել: Չենք կարող ասել պատահականություն էր, որ քրեական գործի խափանման միջոցի հարցի քննարկումը մակագրվեց դատավոր Դավիթ Արղամանյանին, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ, ըստ էության, Աշոտ Մինասյանին բաց թողնելուց անմիջապես հետո սկսվեց հետապնդումը: Դրա մասին վերջինի պրոֆեսիոնալ պաշտպանական թիմն էլ է հայտարարում:

Ժողովուրդը պետք է շատ ուշադիր լինի այն հանգամանքին, որ սա պանդորայի դուռ է, որը բացվում է բոլոր դատավորների համար, որովհետեւ դատարանը խափանման միջոցի հարց է քննարկում, ինքնուրույն որոշում է կայացնում, այն էլ խափանման միջոցը խախտած ամբաստանյալի նկատմամբ որոշում է կալանավորում ու դրանից հետո անմիջապես հետապնդվում է:

Մի շարք որոշումներ փաստաբանների տիրույթում առկա են, նմանատիպ որոշումներ են կայացվել, եւ դատավորները առհասարակ չեն հետապնդվել: Ինչո՞ւ հիմա, ինչո՞ւ այս պահին: Կարծում եմ, որ պայմանավորված է «Աշոտ Երկաթով» (Աշոտ Մինասյան․–խմբ): Եվ դատավոր Բորիս Բախշիյանի պաշտպանական թիմը սպասելիք էլ չպետք է ունենար այն դատավորից, որը կալանավորեց քաղբանտարկյալ Գառնիկ Իսագուլյանին: Ես ինքս առնչվել, տեսել եմ այդ դատավորի գործիքակազմը, աշխատելաոճը, որի որոշման ձեւակերպումները իրավաբանության հետ ոչ մի կապ չեն ունենում: Միայն ընդգծում ենք, որ սույն իշխանության հետ քաղաքական հայացքներ կիսող անձ է, որը նույնիսկ ինքնաբացարկի իր որոշման մերժման մեջ չի էլ թաքցնում, որ այո, ունեցել է այդպիսի տեսակետներ, սակայն հիմա շատ նորմալ է, որ ինքը քաղաքական գործեր քննի:

Սա անթույլատրելի է: Քաղբանտարկյալից բացի գոյություն ունի նաեւ խղճի բանտարկյալ հասկացություն: Եվ Բորիս Բախշիյանը այս պահի դրությամբ նաեւ խղճի բանտարկյալի կարգավիճակ ունի, որովհետեւ փորձ է արել տեսակետ հայտնել, որ ՀՀ-ում կա իշխանությունից անջատ արդարադատություն: Եվ միայն սրանով պայմանավորված նրան պատժում են»,-ասաց փաստաբան Աննա Ծառուկյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28