Էրդողանի «Նոր Թուրքիայի» կերտումը
ԱՄՓՈՓ ԿԵՏԵՐ
Վերջին 20 տարում Ռեջեփ Թայյիփ Էրդողանը տենդագին կերտում է «Նոր Թուրքիա»։
21-րդ դարում Թուրքիան աննախադեպ ցուցանիշներ է գրանցել տնտեսական ու ռազմարդյունաբերական ոլորտներում։
Կարդացեք նաև
Էրդողանն իր կրոնական խոշոր և որոշակի առումով անջնջելի կնիքն է թողել Թուրքիայի պատմության մեջ։
21-րդ դարում Թուրքիան դարձել է տարածաշրջանային գերտերություն՝ գլոբալ ազդեցության հավակնություններով։
Էրդողանի «Նոր Թուրքիայի» ու Աթաթուրքի «Հին Թուրքիայի» միջև պայքարը մոտենում է կիզակետին։
2023թ. Թուրքիայում կարող են նշել ոչ թե Աթաթուրքի «Հին Թուրքիայի» 100-ամյակը, այլ Էրդողանի «Նոր Թուրքիայի» ծնունդը։
ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Մեր նախկին հոդվածներում նշել էինք Էրդողանի «Նոր Թուրքիայի» արմատները, թե որտեղից են սերում նրա կրոնական ու քաղաքական հայացքները, թե ինչու է նա ատում Թուրքիայի Հանրապետության (ԹՀ) հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին ու նրա ստեղծած «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությանը (ԺՀԿ), որը 21-րդ դարում գլխավոր ընդդիմադիր ուժն է։ Նշել էինք նաև, որ Էրդողանի գերնպատակը ԹՀ-ի պատմության մեջ (և ընդհանրապես) սեփական հետքը հնարավորինս խորը թողնելն է և այդ համատեքստում անգամ Աթաթուրքին ու որոշակի պլանում նաև օսմանյան սուլթաններին գերազանցելը։ Այս հոդվածում էլ կամփոփենք վերջին 20 տարում տվյալ ուղղությամբ Էրդողանի գործադրած ջանքերը։
Էրդողանի գլխավորած «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) Թուրքիայում իշխանության եկավ 20-րդ դարի սկզբին և ցայսօր իշխանության ղեկին է՝ 17 տարում շահելով 13 ընտրություն, որից 3-ը՝ նախագահական (2007թ., 2014թ., 2018թ.)։ Բացի այդ այն շահել է 6 խորհրդարանական ընտրություն (2002թ., 2007թ., 2011թ., 2015թ. հունիս, 2015թ. նոյեմբեր, 2018թ.) որից 5-ը՝ միակուսակցական կառավարություն հիմնելու իրավունքով (չհաշված 2015թ. հունիսը)։ ԱԶԿ-ը շահել է նաև 4 ՏԻՄ ընտրություն (2004թ., 2009թ., 2014թ., 2019թ.), որոնցից վերջինում, այդուհանդերձ, պարտվել է երկրի խոշորագույն քաղաքներում (Ստամբուլ, Անկարա, Իզմիր, Ադանա, Անթալիա, Մերսին և այլն)։ Եվ, վերջապես, ԱԶԿ-ին հաջողվել է 3 անգամ (2007թ., 2010թ., 2017թ.) ստանալ բնակչության աջակցությունը սահմանադրական բարեփոխումների հանրաքվեներում (ՍԲՀ)։
Այս ընթացքում ԱԶԿ-ին հաջողվել է հաղթահարել երկու ռազմական հեղաշրջման փորձ (ՌՀՓ)՝ 2007թ. և 2016թ.։ Դրանցից առաջինը հայտնի է որպես «ինտերնետային հուշագիր» (գործը չհասավ բուն ՌՀՓ-ին), երբ զինվորականները փորձում էին խոչընդոտել Թուրքիայի նախագահի պաշտոնում Աբդուլլահ Գյուլի ընտրվելուն։ Իսկ երկրորդ ՌՀՓ-ը դարձավ ԹՀ պատմության մեջ ամենաարյունալին (ավելի քան 250-300 զոհ և մոտ 2200 վիրավոր)։ Աչք են զարնում ԱԶԿ-ի դեմ ծրագրված այս ՌՀՓ-երի օրերը։ 2007թ. ՌՀՓ-ը գրանցվել է ապրիլի 27-ին, ինչը համընկնում է 1909թ. այդ օրը սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի գահընկեցությանը (հայտնի է, թե սուլթանի ու խալիֆի հավակնություններով (պանիսլամիզմի ջատագով) Էրդողանը որքան հիացմունքով է արտահայտվում վերջին լիարժեք սուլթան ու խալիֆ, պանիսլամիզմի ջատագով համարվող Աբդուլ Համիդ 2-րդի հանդեպ)։ Երկրորդ ՌՀՓ-ն էլ պետք է մեկնարկեր հուլիսի 15-ի լույս 16-ի գիշերը՝ Անկարայում՝ ժամը 02.00-ին, իսկ Ստամբուլում՝ 03.00-ին։ Այլ կերպ ասած՝ Էրդողանի գահընկեցությունը նշանակված էր հուլիսի 16-ին, ինչը համընկնում է հիջրայի (Մուհամմեդ մարգարեի փախուստը Մեքքայից դեպի Մեդինա) հետ։ Այդպիսով, հիջրայի օրացույցով 7-րդ՝ Ռեջեփ, ամսին նախատեսված էր Ռեջեփ Էրդողանի փախուստն (վտարումը) Անկարայից (1402թ. Լենկ Թեմուրի ու օսմանյան սուլթան Բայազիդ 1-ինի միջև ճակատամարտից ի վեր Անկարան առաջին անգամ էր ականատես լինելու ռազմական գործողությունների)։
ԱԶԿ-ի իշխանության գալուց անմիջապես անց Էրդողանը սկսեց «Նոր Թուրքիա» կերտելու գործընթացը, ինչը գնալով թափ հավաքեց՝ կապված ներքաղաքական ու արտաքին քաղաքական ոլորտներում իր դիրքերի ամրապնդման հետ։ Այս համատեքստում առանձնացրել ենք 4 առանցքային ոլորտ, որտեղ Էրդողանի «Նոր Թուրքիան» պետք է էապես տարբերվի Աթաթուրքի «Հին Թուրքիայից»՝ տնտեսական, կրոնական (կրթական), արտաքին քաղաքական, ռազմական (ռազմարդյունաբերական)։ Քանի որ այս ոլորտները և անգամ դրանց ճյուղերն առանձին հետազոտությունների առարկա են, կփորձենք ընդհանուր կերպ՝ հիմնականում թվերի տեսքով, ցույց տալ Թուրքիայի կտրուկ վերափոխումը 21-րդ դարում։
- 1. Տնտեսական ոլորտ
1980-ականների տնտեսական նշանակալից բարեփոխումներից ու կայուն աճից հետո Թուրքիայի քաղաքացիները 10 տարում (1990-ականներին) վերապրեցին 3 խոշոր ռեցեսիա, որոնցից վերջինն (2000-2001թթ.) ամենալուրջ անկումն էր 1970-ականներից ի վեր։ Մինչդեռ ԱԶԿ-ին հաջողվեց կարճ ժամանակում գրանցել տնտեսական տպավորիչ արդյունքներ։
2002-2011թթ. Թուրքիայի տնտեսական աճը միջինը կազմել է 6.5%, ինչը զգալի գերազանցել է նախորդ 30 տարվա տնտեսական աճի միջին տեմպը՝ 4.7% (2008-2009թթ. տնտեսական ցուցանիշների անկման պատճառը գլոբալ ֆինանսա-տնտեսական ճգնաժամն էր)։ Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (OECD) տվյալներով՝ 2011-2017թթ. Թուրքիան տնտեսական աճի միջին ցուցանիշով (6.7%) առաջին տեղն է զբաղեցրել կառույցի անդամ երկրների թվում։ 2011թ. Թուրքիան տնտեսական աճի ցուցանիշով աշխարհում զբաղեցրել է 2-րդ տեղը Չինաստանից հետո (9.2%)։ 2002-2011թթ. մեկ շնչին բաժին ընկնող ազգային եկամուտը գրեթե եռապատկվել է՝ հասնելով $10.560-ի։ Համաշխարհային բանկի պարամետրերով՝ եթե 1 շնչին բաժին ընկնող ազգային եկամուտը կազմում է $1005 և ավելի ցածր, ապա տվյալ երկիրն ընդգրկվում է «ցածր եկամտով», $1006-3975-ի դեպքում՝ «միջինից ցածր եկամտով», $3976-12.275-ի դեպքում՝ «միջինից բարձր եկամտով», $12.276 և ավելի եկամտի դեպքում՝ «բարձր եկամտով» երկրների խմբում։
Եթե 2001թ. ինֆլյացիայի ցուցանիշը կազմում էր 54.4%, ապա 2004թ. այն այլևս երկնիշ թիվ չէր՝ 9.4%, ինչը ռեկորդային ցուցանիշ էր վերջին 34 տարվա համար։ 2012թ. ինֆլյացիան նվազեց մինչև 6.16%-ի, ինչն ամենափոքր ցուցանիշն է 1968թ.-ից ի վեր։ Նկատենք, որ 1995-1998թթ. ինֆլյացիայի մակարդակը կազմել է ավելի քան 80% (ընդհուպ մինչև 89.11%), իսկ 1999-2001թթ.՝ 54-65%։ 2005թ. կատարվեց դրամական ռեֆորմ, ստեղծվեց նոր թուրքական լիրա, որը հնից տարբերվում էր 6 հատ 0 պակաս (մեկ միլիոն) ունենալով։ Այն փաստը, որ փողն ուներ շատ զրոներ, հանգեցնում էր տարբեր դժվարությունների ինչպես դրամական արժեքները գրելու, այնպես էլ առօրյա կյանքում: Թուրքիայում մարդիկ հեգնում էին, թե բոլորը միլիոնատեր են։ Դրամական բարեփոխումն իրագործվեց 2004թ. ինֆլյացիան վերահսկողության տակ առնելու գործընթացի մեկնարկից հետո (1990-ականներին դրամական բարեփոխման հարցը քանիցս հայտնվեց օրակարգում, սակայն կյանքի չկոչվեց ժամանակաշրջանի տնտեսական ու քաղաքական անորոշությունների պատճառով)։ 2005թ. արդեն կային անհրաժեշտ պայմաններ՝ քաղաքական վճռականություն, հասարակական աջակցություն և տնտեսական կայունություն։
2012թ. ներկայացվեց նոր թուրքական լիրայի խորհրդանիշը, ինչից հետո թուրքական մամուլը գրեց, որ դրանում տեսանելի են RTE (Ռեջեփ Թայյիփ Էրդողան) տառերից հատվածներ։ Անգամ եղան պնդումներ, որ այն խորհրդանշում է Էրդողանի ստորագրությունը, որն իր հերթին հիշեցնում է Սևծովյան տարածաշրջանի մարդու դեմք (Էրդողանն արմատներով սևծովյան Ռիզեից է)։ Դրամական բարեփոխման հետ մեկտեղ ներդրվեց հիպոթեքային նոր համակարգ, որը Թուրքիայի բազում քաղաքացիների հնարավորություն տվեց առաջին անգամ գնել տներ։ ԱԶԿ-ի կառավարման ժամանակ շեշտակի նվազել է նորածինների մահացությունը։ Եթե մինչ ԱԶԿ-ը Թուրքիայի ցուցանիշները տվյալ ոլորտում համեմատելի են (նախապատերազմյան) Սիրիայի, ապա ներկայումս՝ Իսպանիայի ցուցանիշների հետ։ 2010-ականներին Թուրքիայի բնակչությունը տարեկան կանոնավորապես աճեց 1 միլիոնով։ Էրդողանի խոսքերով՝ Թուրքիան ունի ամենաերիտասարդ բնակչությունը (13 միլիոն)՝ ԵՄ-ի երկրների հետ համեմատ։
2002թ. ԿԲ-ի պահուստները կազմում էին $28 միլիարդ, իսկ 2012թ.՝ $122.1 միլիարդ։ 2002թ. ԱՄՀ-ին Թուրքիայի պարտքը կազմում էր $23.5 միլիարդ, ինչն ամբողջությամբ վճարվեց 11 տարում (2013թ.): Թուրքիան իր պատմության մեջ ԱՄՀ-ից ամենամեծ փոխառությունները վերցրել է 2000թ., 2001թ. և 2002թ., այսինքն՝ 2001թ. ճգնաժամից անմիջապես առաջ և հետո։ 1961-2008թթ.՝ գրեթե 50 տարում, ԱՄՀ-ից ստացվել է մոտ $50 միլիարդ։ ԱԶԿ-ին նաև հաջողվեց նվազեցնել ստանձնած արտաքին պարտքի և ՀՆԱ-ի հարաբերակցությունը. եթե 2002թ. արտաքին պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ին կազմում էր 38.4%, ապա 2011թ. այս հարաբերակցությունը դարձավ 23.9%: Թուրքիայում արտաքին պարտքը երկար տարիներ հանդիսացել է տնտեսության լուրջ խնդիր։ 1990-ականներին արտաքին պարտքի բարձր բեռի պատճառով նկատվեց ներդրումների ծավալների և ՀՆԱ-ի աճի տեմպերի զգալի նվազում՝ հանգեցնելով երկրի՝ պարտքի մարման կարողությունների նվազմանը։ 1990-2001թթ. բազում ընտրությունները և կոալիցիոն բոլոր կառավարությունների գործունեության կարճատև բնույթը խոչընդոտեցին քաղաքական և տնտեսական կայունության միջավայրի հաստատմանը (տնտեսական հաջող ծրագրի իրագործման համար անհրաժեշտ է միջինը 4-5 տարի)։
1.1 Ներդրումներ – 2002թ.-ից հետո Թուրքիայում գրանցվեց օտարերկրյա ուղղակի ներդրումների (FDI) բում, քանի որ տնտեսության մեջ ԱԶԿ-ի արած կառուցվածքային բարեփոխումներն ապահովեցին ֆիսկալ կայունություն։ ԵՄ-ին անդամակցության գործընթացի շրջանակներում կատարված բարեփոխումները ճանապարհ հարթեցին հեղափոխական նորամուծությունների համար ֆինանսա-տնտեսական ոլորտում։
Համաշխարհային տնտեսության հավասարակշռությունների փոփոխման շրջանում Թուրքիայի ֆինանսական ոլորտում ստեղծվեցին անհրաժեշտ ենթակառուցվածքներ, և իրականացվեց հարկային խրախուսման քաղաքականություն՝ Պարսից Ծոցի երկրների կապիտալը միջնաժամկետ հեռանկարում մեծ ծավալով ներգրավելու համար։ FDI-ի ներգրավման համար մշակվեց համապատասխան «ճանապարհային քարտեզ», որը նաև առնչվում էր Ստամբուլը միջազգային ֆինանսական կենտրոն դարձնելուն։ 2003թ. ընդունվեց FDI-ին երաշխիքներ ապահովող օրենք, ընկերություն բացելու ժամկետը 38 օրից նվազեցվեց մինչև միջինը 6.5 օրվա։ Թուրքիան Doing Business-ի վարկանիշում 190 երկրների թվում հայտնվեց 33-րդ տեղում։ Եթե 2002թ. Թուրքիայում օտար ընկերությունների թիվը կազմում էր 5600, ապա 2020թ.՝ 74.000 (182 երկիր)։ Թեև ԱԶԿ-ին հաջողվեց մեծ ներդրումներ բերել Արաբական աշխարհից, այնուամենայնիվ, ԵՄ-ին բաժին է ընկնում FDI-ի մեծ մասը։ 2016-2020թթ. Թուրքիայում կատարվել է $33.3 միլիարդի FDI, որի 64.5%-ը ($21.5 միլիարդ)՝ ԵՄ-ից (Թուրքիան, թեև ԵՄ-ի անդամ չէ, բայց նրա ՄՄ անդամ է)։
2021թ. ամռանն Էրդողանը հայտարարեց, թե 2003թ.-ից Թուրքիայում արված FDI-ի ծավալը հասել է $225 միլիարդի։ 2020թ. դեկտեմբերին էլ թուրքական մամուլը հայտնել էր, որ վերջին 18 տարում Թուրքիայում FDI-ը կազմել է $164.6 միլիարդ, որ ռեկորդային է եղել 2007թ.՝ $22 միլիարդ (2002թ.՝ միայն $617 միլիոն)։ Թուրքիայում FDI-ն ամենաշատը բաժին է ընկնում ֆինանսական ոլորտին՝ 32.8%, ապա գալիս են արտադրական ոլորտը՝ 24.2%, էներգետիկան՝ 11%, ՏՏ ոլորտը՝ 8.8%, մեծածախ ու մանրածախ առևտուրը՝ 6.8%, տրանսպորտի ոլորտը՝ 4.8%, ենթակառուցվածքները՝ 3.2%, մնացյալ ոլորտները՝ 8.4%։
Համեմատության համար՝ 1970-2002թթ. Թուրքիայի տնտեսությունում կատարվել է $15 միլիարդի FDI (այլ տվյալներով՝ 1950-2002թթ. FDI-ի ծավալը կազմել է $13.5 միլիարդ), մինչդեռ միայն 2006թ. այն կազմել է ավելի քան $20 միլիարդ, ինչն աննախադեպ էր։ 2007թ. այդ ռեկորդը թարմացվեց՝ ավելի քան $22 միլիարդ, սակայն 2008թ. գլոբալ տնտեսական ճգնաժամն այդ ցուցանիշը վերստին իջեցրեց 20 միլիարդից ($19 միլիարդ 851 միլիոն)։ Հետագայում Թուրքիային չհաջողվեց այլևս հատել $20 միլիարդի շեմը (թեև 2015թ. մոտ էր)։ Միայն 7 տարում (2005-2011թթ.) ԱԶԿ-ին հաջողվեց ներգրավել ավելի քան $105 միլիարդ FDI, որով Թուրքիան 2012թ. FDI-ի համատեքստում դարձավ աշխարհի 13-րդ ամենագրավիչ երկիրը։ Եթե 1991-2002թթ. Թուրքիայի հետ համեմատ Լեհաստանում կատարվել է 4, իսկ Հունգարիայում և Չեխիայում՝ 3-ական անգամ ավելի շատ FDI, ապա 2003թ.-ից ցայսօր Թուրքիան FDI-ի ցուցանիշով առաջ է ընկել Լեհաստանից, կրկնակի առաջ է անցել Չեխիայից և եռակի առաջ՝ Հունգարիայից։
1.2 Արտահանում – 2000-ականներին ԱԶԿ-ը ձեռնամուխ եղավ արտահանման այլընտրանքային շուկաների որոնմանը՝ իր օգտին ծառայեցնելով գլոբալ ճգնաժամի ստեղծած հնարավորությունները (օտար շուկաներում բացասական ազդեցությունների վերացում)։ 2022թ. հունվարին Էրդողանը վատ արդյունք չհամարեց 2021թ. Թուրքիայի 1.8%-անոց տնտեսական աճը՝ հիշեցնելով, որ համաշխարհային տնտեսությունը կրճատվել է 3.4%-ով (2021թ. կանխատեսվում է 9%-անոց աճ)։ Նրա խոսքերով՝ 2021թ. արտահանման ծավալը նախորդ տարվա հետ համեմատ աճել է 32.9%-ով և կազմել $225 մլրդ 368 միլիոն, ինչը ռեկորդային ցուցանիշ է. «Վերջին 12 ամիսներից 11-ի ցուցանիշները եղել են ռեկորդային։ 19 տարի առաջ Թուրքիայի արտահանումը կազմում էր միայն $36 միլիարդ՝ 6 անգամ ավելի փոքր՝ 2021թ. հետ համեմատ։ Եթե 2002թ. մեր արտաքին առևտրի շրջանառությունը կազմում էր միայն $87.6 միլիարդ, ապա 2021թ. այն հասել է $496.7 միլիարդի։ Եթե 2002թ. արտահանում իրականացնում էր 33.523 ընկերություն, ապա 2021թ. վերջին նրանց թիվը 101.386 է։ Թուրքական ապրանքներն այսօր արտահանվում են 205 երկրներ ու գոտիներ։ 2021թ. 75 խումբ ապրանքատեսակների ոլորտում գրանցվել է ԹՀ պատմության մեջ արտահանման ամենամեծ ցուցանիշը։ 2021թ. արտահանողների ընտանիքին միացած նոր ընկերությունների թիվը գերազանցել է 32.000-ը, 43.264 ընկերություն էլ արտահանում է իրականացրել դեպի նոր շուկաներ։ Եթե նախկինում $1 միլիարդի արտահանում իրականացնող նահանգների թիվը 5 էր, ապա այժմ այդ թիվը հասել է 21-ի։ 2021թ. արտահանում իրականացրել են բոլոր 81 նահանգները, որոնցից 78-ը մեծացրել են արտահանումը։ ԵՄ–ը Թուրքիայի ամենամեծ առևտրային գործընկերն է՝ $93.1 միլիարդ (33%)»։
2021թ. օգոստոսին Թուրքիայի Արտահանողների միության (TIM) ղեկավար Իսմայիլ Գյուլեն հայտարարեց, որ նախորդ 14 տարիներին արտահանման մակարդակը մշտապես գերազանցել է $100 միլիարդը, սակայն վերջին 12 ամսում (2020թ. հուլիս – 2021թ. հուլիս) այն առաջին անգամ գերազանցել է $200 միլիարդը։ Նրա խոսքերով՝ միայն հուլիսին արտահանման ծավալը կազմել է $16.4 միլիարդ, ինչը ռեկորդային է հուլիս ամիսների թվում, իսկ հուլիսի 16-ին գրանցվել է օրական արտահանման ռեկորդային ցուցանիշ՝ $1.5 միլիարդ։ Գյուլեն հույս է հայտնել, որ 5 տարում կհաջողվի արտահանման ծավալը հասցնել $300 միլիարդի։ 2021թ. հոկտեմբերին էլ Թուրքիայի առևտրի նախարար Մեհմեթ Մուշը հայտարարեց, թե սեպտեմբերին արտահանումը կազմել է $20.8 միլիարդ՝ ընդգծելով, որ ԹՀ պատմության մեջ առաջին անգամ է ամսական արտահանումը հատում $20 միլիարդի շեմը։
2021թ. վերջին Էրդողանի ընդունած Նոր տնտեսական քաղաքականությունը միտված է արտադրության ու արտահանման խթանմանը։ Նրա խոսքերով՝ Թուրքիան արտադրական կենտրոն է 3 աշխարհամասի համար՝ Եվրոպա, Ասիա, Աֆրիկա։ Այժմ Թուրքիան ձգտում է ընդլայնել արտահանման աշխարհագրությունը դեպի հեռավոր երկրներ՝ առաջնորդվելով «եթե հեռավոր երկրները հեռու չեն ներկրման համար, հետևաբար հեռու չեն նաև արտահանման համար» կարգախոսով։ Ակնկալվում է, որ 2022թ. Թուրքիայի արտահանման ծավալը կհասնի $250 միլիարդի։ Ամեն դեպքում Թուրքիան շարունակում է մեծապես կախված մնալ ներկրումից, որն իր ծավալով գերազանցում է արտահանումը. 2021թ. այն կազմել է $271.3 միլիարդ։
2021թ. դեկտեմբերի 4-ին Էրդողանը հրամանագիր ստորագրեց արտերկրի հետ պաշտոնական գրագրության մեջ Türkiye ձևն օգտագործելու մասին։ Թուրքական ապրանքներն այդպիսով ներկայացվելու են Made in Türkiye և ոչ թե Made in Turkey ձևով։ Հրամանագրում նշված է, որ դա «հերթական համակարգային քայլն է, որն ավելի խորն է արտահայտում Թուրքիայի ժողովրդի մշակույթն ու արժեքները»։ Այդպիսով, դուրս է մնում Turkey (անգլերեն՝ հնդկահավ) ձևը։ Էրդողանի «Նոր Թուրքիան» դրսևորվում է նաև այս ոլորտում։
1.3 Զբոսաշրջություն – 21-րդ դարում զբոսաշրջային ոլորտը բավական մեծ կարևորություն է ձեռք բերել և առաջընթաց գրանցել ԹՀ-ում։ Զբոսաշրջությունը դիտարկվում է նաև որպես արտարժույթի կարևոր աղբյուր։ Զուր չէ, որ Թուրքիայում զբոսաշրջությունն անվանում են «թուրքական նավթ»։ Իշխանության գալուց հետո ԱԶԿ-ը սկսել է զարգացնել զբոսաշրջության տարատեսակ ճյուղեր, որոնցից ամենավերջինը «պատվաստանյութային զբոսաշրջությունն» է։ Ներկայացնենք զբոսաշրջային ոլորտի շեշտակի առաջընթացը։
Սրանք Թուրքիայի ճամփորդական գործակալությունների միության (TÜRSAB) տվյալներն են, որոնք զգալի տարբերվում են Թուրքիայի Վիճակագրության ինստիտուտի (TÜİK) տվյալներից. TÜİK-ի հաշվարկներում տեղ են գտնում նաև արտասահմանաբնակ թուրքերը, որոնք նախընտրում են իրենց հանգիստն անցկացնել Թուրքիայում, և որոնք միջին հաշվով ավելի շատ գումար են ծախսում։ TÜİK-ի տվյալներով՝ 2019թ. Թուրքիա այցելել է 51.860.042 զբոսաշրջիկ, որոնցից 86.2%-ն (44.712.970 մարդ) օտարազգիներ են, իսկ 13.8%-ը (7.147.072)՝ արտերկրում բնակվող ԹՀ քաղաքացիներ։ Միևնույն ժամանակ 2019թ. զբոսաշրջությունից ստացված եկամտի հարցում TÜRSAB-ի ու TÜİK-ի ցուցանիշները համընկնում են 100%-ով։
Զբոսաշրջային ոլորտում վերջին տարիների ամենամեծ անկումները գրանցվել են 2016թ. և 2019թ.։ Դրանցից առաջինը հիմնականում կապված էր 2015թ. աշնանը թուրքական օդուժի կողմից ռուսական մարտական ինքնաթիռ կործանելու հետ, ինչից հետո ՌԴ-ում արգելեցին դեպի Թուրքիա զբոսաշրջային ուղեգրերի վաճառքը (Թուրքիայում հնչող ուժգին պայթյուններն ու 2016թ. ՌՀՓ-ը նույնպես բացասաբար ազդեցին զբոսաշրջային ոլորտի վրա)։ Իսկ 2020թ. 65.1%-անոց անկման պատճառը կորոնավիրուսի համաճարակն էր։ Թուրքիայի զբոսաշրջային ոլորտն աստիճանաբար ոտքի է կանգնում այս հարվածներից, և թուրքական կողմն ակնկալում է, որ 2022թ. Թուրքիա կայցելի 45 միլիոն զբոսաշրջիկ, իսկ եկամուտը կկազմի $35 միլիարդ։
1.4 Ենթակառուցվածքներ – 21-րդ դարում Թուրքիայի շեշտակի վերափոխման ոլորտներից մեկը գրանցվել է հենց ենթակառուցվածքների ոլորտում. 19 տարում Էրդողանը մասնակցել է տասնյակ, եթե ոչ հարյուրավոր կարևոր ենթակառուցվածքների բացմանը։ 2021թ. վերջին նա հայտարարեց, թե $3.5 տրիլիոն են ներդրել տվյալ ոլորտում և կերտել «փայլող աստղով Թուրքիա»։ Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուի ներկայացրած թվերն ավելի համեստ են՝ 1 տրիլիոն 136 միլիարդ լիրա։
1.4.1 Թունելներ և կամուրջներ – Եթե 2003թ. Թուրքիայում կար 83 ավտոճանապարհային թունել՝ 50 կմ ընդհանուր երկարությամբ, ապա 2021թ. թունելների թիվը հասել է 447-ի՝ ընդհանուր 617 կմ երկարությամբ։ Այսինքն, 2003-2021թթ. (64.9 միլիարդ լիրայով) կառուցվել է 364 նոր թունել՝ 567 կմ ընդհանուր երկարությամբ։ Միայն 2021թ. կառուցվել է 12 թունել՝ 27 կմ ընդհանուր երկարությամբ։ Ծրագրված է 2023թ. ավտոճանապարհային թունելների քանակը հասցնել 470-ի՝ 647 կմ ընդհանուր երկարությամբ։ Կան պնդումներ, որ Թուրքիայի հաշվարկները չեն արդարանում, որ այդ թունելներով այդքան մեքենա չի անցնում, որ դրանք այդքան շահավետ չեն։ Սակայն մեր կարծիքով՝ թունելները կառուցվել են Թուրքիան Եվրոպայի ու Ասիայի միջև տրանսպորտային խոշոր հանգույցի վերածելու համար։ Այդ հարցում կարևոր դեր ունեն նաև կամուրջները, որոնց երկարությունը 2002թ. կազմում էր 311 կմ, իսկ 2021թ.՝ 710 կմ։ Թունելներից կարելի է նշել Բոսֆորի նեղուցի հատակով անցնող Եվրասիան ու Մարմարան, Օվիթի թունելը (12.6 կմ, Ռիզե-Էրզրում), Ենի Զիգանան (29 կմ, Տրապիզոն-Գյումուշհանե)՝ Եվրոպայի ամենաերկար երկգիծ թունելը։ Կամուրջներից պետք է ընդգծել 2016թ. Ստամբուլում Բոսֆորի վրա երրորդ կամուրջը (1408 մ), որը ստացավ օսմանյան 9-րդ սուլթան ու 1-ին խալիֆ Սելիմ Ահեղի անունը. այն իր լայնությամբ (59 մ) ռեկորդակիր է, իսկ աշտարակների բարձրությամբ (322 մ) երկրորդն է աշխարհի կախովի կամուրջների թվում։ Կարելի է ընդգծել նաև 2016թ. Իզմիթի ծովածոցի վրա կառուցված Օսման Գազիի (օսմանյան պետության հիմնադիր) անվան կամուրջը (1550 մ), 2015թ. Եփրատի վրա (Աթաթուրքի ջրամբար) Նիսիբի կամուրջը (610 մ), 2021թ. Տիգրիսի վրա (Ըլըսու ջրամբար) Հասանքեյֆ 2 կամուրջը (1001 մ), Տիգրիսի վտակ Բոթանի վրա Բեղենդիքի կամուրջը, որն իր բարձրությամբ (165 մ) ռեկորդակիր է Թուրքիայում։ 2022թ. մարտի 18-ին նախատեսված է «Չանաքքալե (Դարդանել) 1915»-ի կառուցումը, որը դառնալու է ամենաերկար միջին բացվածքով կախովի կամուրջն աշխարհում (կառուցման մեկնարկը տրվել է 2017թ. մարտի 18-ին)։ Դա կապված է 1915թ. այդ օրը Դարդանելի օպերացիայի ծովային փուլում Օսմանյան կայսրության տարած հաղթանակի հետ։ Նրա երկարությունը կազմելու է 4608 մ, աշտարակների բարձրությունը՝ 318 մ, միջին բացվածքը՝ 2023 մ (խորհրդանշում է 2023թ.): Այս կամուրջը նորաբաց 400 կմ-անոց Հյուսիսային Մարմարա ավտոճանապարհի հետ Մարմարայի ռեգիոնը վերածելու է համաշխարհային առևտրային խաչմերուկներից մեկի։ 2021թ. հունիսի 26-ին տրվեց Սազլըդերե ջրամբարի կամրջի (440 մ) կառուցումը, որն Էրդողանը որակեց Ստամբուլի ջրանցքի նախագծի իրագործման մեկնարկ։
1.4.2 Ջրամբարներ, ջրանցքներ – 2020թ. մայիսին Էրդողանը հայտարարեց, որ 2002թ. Թուրքիայում կար 276 ջրամբար և 97 հէկ, մինչդեռ ներկայումս ջրամբարների թիվը հասել է 585-ի, իսկ հէկերի թիվը՝ 584-ի։ 2021թ. հունվարին էլ Էրդողանը հայտարարել էր, որ ԱԶԿ-ը 18 տարում 255 միլիարդ լիրայով կառուցել է 600 ջրամբար, 590 հէկ, 262 ջրատար։ Կցանկանայինք առանձնացնել դրանցից մի քանիսը. 2014թ. մարտին Թուրքիայում բացվեց երկրի ամենամեծ և աշխարհի հինգերորդ խոշոր ոռոգման թունելը՝ Սուրուչի թունելը, որի երկարությունը կազմում է 17.185 մ, տրամաչափը 7 մ (նրանով կարող է անցնել բեռնատար), այն Աթաթուրքի ջրամբարից 90 մ 3 /վ ջուր է հասցնում Սուրուչի հովիտ՝ ոռոգելով 950.000 հա։ 2021թ. բացվեց Տիգրիսի վրա կառուցված խոշորագույն Ըլըսուի ջրամբարը, որի հէկի հզորությունը կազմում է 1200 մվտ, այն տարեկան արտադրելու է 4.12 մլրդ կվտ/ժամ էլեկտրաէներգիա (ջրամբարն ամբարում է 10.6 մլրդ մ3 ջուր)։ Այդպիսով այն զիջելու է միայն Եփրատի վրա կառուցված Քեբանի, Քարաքայայի ու Աթաթուրքի ջրամբարների հէկերին։ 2022թ. նախատեսված է ջրով լցնել Ճորոխի վրա կառուցված Յուսուֆելիի ջրամբարը, որի ամբարտակի բարձրությունը կազմում է 275 մ՝ 100 հարկանի շենքի չափ (25 մ-ով է զիջում Էյֆելյան աշտարակին)։ Այդ ցուցանիշով այն ռեկորդակիր է Թուրքիայում և 3-րդն է աշխարհում (նրա հէկի հզորությունը կազմում է 558 մվտ)։
2022թ. ակնկալվում է նաև Տիգրիսի ավազանում Սիլվանի ջրամբարի բացումը, որը դառնալու է ոռոգման նշանակությամբ երկրորդ խոշոր ջրամբարը Թուրքիայում (Եվրոպայում ամենամեծը համարվող Աթաթուրքի ջրամբարից հետո)։ Այն ամբարելու է միայն 7.3 մլրդ մ 3 ջուր, ամբարտակի բարձրությունը կազմելու է 175 մ, հէկ-ի հզորությունը՝ 160 մվտ։ 97 կմ-անոց մայր ջրանցքը Սիլվանի ջրամբարից կտեղափոխի 211 մ 3 /վ ջուր և կոռոգի 2.350.000 դեկար տարածք (1 դեկարը հավասար է 1000 մ 2 -ու)։ 2021թ. բացվեց Մարդին-Ջեյլանփընար մայր ջրանցքը, որն անվանում են նաև արհեստական գետ։ Այն Թուրքիայի ամենաերկար ջրանցքն՝ է 221 կմ, այն ավելի երկար է Սուեզի ջրանցքից, եռակի երկար է Պանամայի ջրանցքից և քառակի երկար՝ ապագա Ստամբուլի ջրանցքից։ Այն ավելի ջրառատ է (200 մ 3 /վ) Թուրքիայի ամենաերկար գետ Քըզըլ Ըրմաքից (184 մ 3 /վ) և պետք է ոռոգի 1 միլիոն դեկար տարածք, հնարավորություն տա տարեկան աճեցնել 2-3 բերք։ Էրդողանը մտադիր է կառուցել նաև 43 կմ-անոց Ստամբուլի ջրանցքը, որի նախագիծը գնահատվում է առնվազն $20 միլիարդ։ Տվյալ նախագծի մասին Էրդողանն առաջին անգամ հայտարարել է 2011թ. ապրիլի 27-ին։
1.4.3 Երկաթգիծ ու ավտոճանապարհ, օդանավակայաններ – 2018թ. հունիսին Էրդողանը հայտարարեց, որ 79 տարում երկրում կառուցվել է 6100 կմ բաժանված (երկգոտի) ճանապարհ, իսկ իրենք 16 տարում կառուցել են 20.000 կմ բաժանված ճանապարհ։ 2021թ. Թուրքիայի ավտոճանապարհների երկարությունը կազմել է 28.284 կմ, ծրագրված է 2023թ. այն հասցնել 36.500 կմ-ի։ Արագընթաց ավտոմայրուղիների երկարությունը 2003թ. կազմում էր 1714 կմ, իսկ 2021թ.՝ 3532 կմ։ Թուրքիան այս ցուցանիշով 7-րդ տեղն է Եվրոպայում։ Թուրքիայի երկաթգծերի ներկայիս երկարությունը կազմում է 12.803 կմ, ծրագրված է 2023թ. այն հասցնել 16.775 կմ-ի։ Եթե 1950-2002թթ. (52 տարում) կառուցվել է 945 կմ, ապա 2002-2014թթ. (12 տարում) կառուցվել է 1759 կմ երկաթգիծ։ 2003-2018թթ. կառուցվել է 1213 կմ ճեպընթաց երկաթուղի։ Կարելի է ընդգծել «Բաքու-Թբիլիսի-Կարսը», «Ստամբուլ-Անկարա» ճեպընթաց երկաթգծի գործարկումը և «Ստամբուլ-Սիվաս (Սեբաստիա)» ճյուղի մոտալուտ գործարկումը, ինչից հետո այն պետք է շարունակվի մինչև Կարս։ Ջանքեր են գործադրվում «Սև ծով-Միջերկրական ծով» ճեպընթաց ավտոմայրուղու ու երկաթգծի կառուցման ուղղությամբ։
Մեծ առաջընթաց է գրանցվել օդանավակայանների կառուցման ոլորտում։ Եթե 2002թ. Թուրքիան ուներ 26, ապա 2021թ.՝ 56 օդանավակայան։ 2021թ. վերջին Ա. Քարաիսմայիլօղլուն հայտնեց, որ շուտով դրանց թիվը հասնելու է 61-ի։ 2002թ. ավիաուղևորների թիվը կազմում էր 35 միլիոն, իսկ 2019թ. առաջին 11 ամիսներին՝ 195 միլիոն մարդ։ Օդանավակայաններից հարկ է առանձնացնել 2018թ. շահագործման հանձնված Ստամբուլի երրորդ օդանավակայանը, որն ընդգրկվել է աշխարհի 10 լավագույնների թվում, դարձել է ամենաարդյունավետը և ամենածանրաբեռնվածը Եվրոպայում։ 3 տարում այն սպասարկել է 103.5 միլիոն մարդու (730.083 չվերթ)։ Ընդ որում՝ օդանավակայանի թռիչքուղին փորձարկվել է 1453 բեռնատարով (Կ. Պոլսի գրավման տարեթիվ), ինչն ընդգրկվեց Գինեսի ռեկորդների գրքում։
Կարևոր ենթակառուցվածքների թվում հարկ է նշել Ստամբուլի Ուսքյուդար (Սկյութար) թաղամասում կառուցված 49 հարկանի (4-ը ստորգետնյա) Չամլըջա հեռուստաաշտարակը, որի բարձրությունը կազմում է 369 մ, որից 221 մ-ն աշտարակն է, իսկ 168 մ-ը՝ ալեհավաքը։ Այն ամենաբարձրն է Եվրոպայում և միակն աշխարհում, որն ունակ է միաժամանակ հեռարձակել 100 FM ռադիոկայան։ Այն բացվեց 2021թ. մայիսի 29-ին (Կ. Պոլսի գրավման օրը)։ Իր կառուցվածքով այն նման է կակաչի, որն Օսմանյան ժամանակաշրջանի խորհրդանիշ է։ Կառույցն արժեցել է $121.7 միլիոն և ունակ է տարեկան ընդունել 4.5 միլիոն մարդու։ Դրանով հրաժեշտ տրվեց TRT-ի հին հեռուստաաշտարակին՝ 166 մ բարձրությամբ, որը գործում էր 40 տարի։ Այդպիսով, Էրդողանի «Նոր Թուրքիան» ունեցավ նաև իր նոր հեռուստաաշտարակը։
1.4.4 Էներգետիկ ենթակառուցվածքներ – ԱԶԿ-ի կառավարման ժամանակ Թուրքիայում վիթխարի ջանքեր են գործադրվել էներգիայի այլընտրանքային աղբյուրների զարգացման ուղղությամբ։ TEİAŞ-ի (Թուրքիա էլեկտրաէներգիայի փոխանցման կազմակերպություն) տվյալներով՝ 2021թ. օգոստոսին Թուրքիայի ողջ էլեկտրակայանների հզորությունը կազմել է 98.492,7 մվտ, որի 53.15%-ը (52.353,4 մվտ) բաժին է ընկել այլընտրանքային էներգիայով աշխատող էլեկտրակայաններին։ Արևային էներգիային բաժին է ընկել 7.55%-ը՝ 7435.2 մվտ, քամու էներգիային՝ 10.16%-ը՝ 10.014 մվտ։ Երկրաջերմային էներգիայով աշխատող կայանների հզորությունը կազմել է 1650,2 մվտ, իսկ ՀԷԿ-երի հզորությունը՝ 31.441 մվտ (ջէկերի հզորությունը կազմում է 46.139,4 մվտ)։
2021թ. ամռանը Հիդրոէներգիայի միջազգային գործակալությունը (IHA) հրապարակեց «2021թ. Հիդրոէներգիայի հեռանկարներ» զեկույցը, ըստ որի՝ Թուրքիան 2020թ. հիդրոէներգիա արտադրելու հնարավորությունները մեծացրել է 2480 մվտ-ով, այդ ցուցանիշով զբաղեցրել է առաջին տեղը Եվրոպայում և երկրորդն աշխարհում՝ Չինաստանից հետո (13.760 մվտ)։ 2021թ. սեպտեմբերին Էրդողանը հայտարարեց, թե Թուրքիան հիդրոէներգիա արտադրելու ծավալով աշխարհի 10 առաջատար երկրների թվում է (9-րդ տեղ), որ Թուրքիայում առկա է 735 հէկ՝ 31.436 մվտ ընդհանուր հզորությամբ, իսկ հիդրոէներգիայի մասնաբաժինը կազմում է 20.1%։
Վերջին շրջանում Թուրքիային հաջողվել է գազի որոշակի պաշարներ հայտնաբերել Սև ծովում՝ 540 մլրդ մ 3 գազ, ինչը բավարար կլինի նրա 12 տարվա կարիքների համար։ Դրանք հայտնաբերվել են երեք փուլով՝ 320, 85 և 135 մլրդ մ 3 գազ։ Ընդ որում՝ այն հայտնաբերել է Fatih նավը։ Սևծովյան գազի փոխադրման և ընդհանրապես առևտրային նպատակներով Զոնգուլդակ նահանգում կառուցվել է Թուրքիայի երրորդ խոշոր՝ Ֆիլյոսի նավահանգիստը (այն ծառայելու է որպես էներգետիկ բազա)։ Թուրքիան հուսով է, որ կկարողանա գազի նոր պաշարներ հայտնաբերել նաև Միջերկրական ծովում։ Վերջին տարիներին Թուրքիան գնել է 3 հորատող (Fatih, Yavuz, Kanuni) և 2 (Barbaros Hayreddin Paşa, Oruç Reis Gemisi) հետազոտանավ, պատրաստվում է գնել նոր՝ 7-րդ սերնդի հորատող նավ։ Էրդողանի խոսքերով՝ աշխարհում կա նման դասի միայն 5 նավ. 4-րդ հորատող նավի երկարությունը կազմելու է 238 մ, լայնությունը՝ 42 մ, ջրատարողությունը՝ 68.000 տ, աշտարակի բարձրությունը՝ 104 մ, անձնակազմը՝ 200 մարդ։ Այն կարող է հորատել առավելագույնը 12.200 մ խորության վրա։
Աչք է զարնում այն, որ հորատող նավերն անվանակոչվել են օսմանյան ամենահայտնի սուլթանների, իսկ հետազոտանավերը՝ օսմանյան ամենահայտնի ծովակալների անուններով։ Բացի այդ Օսմանի հոր՝ Էրթուղրուլի անունով է կոչվել Թուրքիայի առաջին լողացող հեղուկ գազի (LNG) պահեստավորման և գազաֆիկացման նավը, որի երկարությունը կազմում է 295 մ, լայնությունը՝ 46 մ, բարձրությունը՝ 63 մ։ Այն գնվել է Հարավային Կորեայից, ունակ է օրական գազաֆիկացնել 28 միլիոն մ 3 գազ։ ԱԶԿ-ը նաև մեծացրել/ընդլայնել է ստորգետնյա գազապաստարանների և հեղուկ գազի ընդունման կայանների թիվը։
ԱԶԿ-ի կառավարման տարիներին են կառուցվել «Թուրքիա-Հունաստան», «Բաքու-Թբիլիսի-Էրզրում», «Անդրանատոլիական» (TANAP), «Երկնագույն հոսք», «Թուրքական հոսք», գազատարները, «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղը (նաև Star նավթավերամշակման գործարանը)։ Ի դեպ, 1850 կմ-անոց TANAP-ը Եվրոպայի ու Մերձավոր Արևելքի ամենաերկար գազատարն է։ Թուրքիայում կառուցվում է նաև Աքքույուի ԱԷԿ-ը, որի հզորությունը կազմելու է 4800 մվտ, իսկ էլեկտրաէներգիայի տարեկան արտադրությունը՝ 80 միլիարդ կվտ/ժամ։ Այդչափ էլեկտրաէներգիա ստանալու համար հարկ է ծախսել 16 միլիարդ մ 3 գազ ($7.2 միլիարդի)։ Ծրագրված է ԱԷԿ կառուցել նաև սևծովյան Սինոպում և Բուլղարիայի հետ սահմանին ընկած Իղնեադայում։ «Նոր Թուրքիան» փաստորեն պետք է տարբերվի նաև ԱԷԿ ունենալով։
1.5 Էրդողանի ամփոփումը – 2021թ. օգոստոսի 24-ին Էրդողանն ԱԶԿ նահանգային ղեկավարների հետ ընդլայնված հանդիպման ժամանակ ամփոփեց իրենց աշխատանքը վերջին 19 տարում. «Մեզ հարցնում են, թե ինչ ենք արել 19 տարում, ներկայացնեմ։ Թուրքիայի տնտեսական աճի տարեկան տեմպերը ցածր էին 1%-ից, մենք հասցրեցինք միջինը 5%-ի, Թուրքիայում կատարվող տարեկան ներդրումների ծավալը 70 միլիարդ լիրայից հասցրել ենք 1.4 տրիլիոն լիրայի, արտահանման ծավալը $36 միլիարդից նախորդ տարի հասցրել ենք $170 միլիարդի, և հուսով ենք, որ այս տարի այն կհասնի $200 միլիարդի։ Ընթացիկ հաշվի դեֆիցիտը, որը տարիներ շարունակ մեր երկրի տնտեսության ամենամեծ խնդիրն էր, 2019թ. վերածեցինք պրոֆիցիտի, ԿԲ–ի պահուստները հասել են $109 միլիարդի և շուտով կհասնեն $115 միլիարդի։ 66 միլիոն բնակչությամբ ժամանակաշրջանում $238 միլիարդ կազմող ՀՆԱ–ի ծավալը հասցրել ենք $960 միլիարդի։ Ըստ գնողունակության համարժեքության՝ մեր երկիրն ազգային եկամտի հաշվարկում 17-րդից տեղափոխեցինք 11-րդ տեղը՝ մոտենալով մեր թիրախներին համահունչ մակարդակին (Թուրքիան տնտեսապես ամենազարգացած երկրների տասնյակում ընդգրկելուն)։ Վերջին 19 տարում ստեղծվել է 9 միլիոն աշխատատեղ, այլ կերպ ասած՝ Թուրքիան իր զբաղվածությունը մեծացրել է 9 միլիոնով։ 2002թ. կրթության ոլորտում՝ ներառյալ բարձրագույն կրթությունը, մեր բյուջեն կազմում էր 10.3 միլիարդ լիրա, մինչդեռ 2021թ. բյուջեն կազմել է 212 միլիարդ լիրա։ Դասարանների թիվը 343.000-ից հասցրել ենք 601.000-ի, նշանակվել է 693.000 նոր ուսուցիչ։ Պարտադիր կրթության ժամկետը հասցրեցինք 12 տարվա՝ 4+4+4 համակարգով։ Համալսարանների թիվը 76-ից հասցրել ենք 207-ի, ակադեմիական կազմը 70.000-ից հասցրել ենք 181.000-ի, իսկ ուսանողների թիվը 1.5 միլիոնից հասցրել ենք 8 միլիոնի։ Առողջապահական ոլորտում հիվանդանոցային մահճակալների թիվը 164.000-ից հասցրել ենք 255.000-ի։ Ընթացքի մեջ է ևս 13 քաղաքային հիվանդանոցի կառուցումը։ Բարձրացրել ենք առողջապահական ծառայությունների որակը։ Մաարիֆ հիմնադրամը 44 երկրում տնօրինում է 349 դպրոց (նախկինում՝ գյուլենական), 1 բուհ, 13 կրթական կենտրոն ու 42 հանրակացարան։ Երիտասարդական կենտրոնների թիվը 9-ից հասցվել է 376-ի, մարզահամալիրների թիվը՝ 1575-ից 3915-ի։ Բուհական հանրակացարաններում մահճակալների թիվը 182.000-ից հասցրել ենք 717.000-ի, բակալավրի ուսանողների թոշակը 45 լիրայից հասցրել ենք 650 լիրայի, ասպիրանտների թոշակը՝ 90 լիրայից 1300 լիրայի, դոկտորանտներինը՝ 135 լիրայից 1950 լիրայի (հանրակացարաններում ապրողների համար սննդի աջակցությունը՝ 11 լիրայից 480 լիրայի)։ Վերջին 19 տարում 431 միլիարդ լիրա սոցիալական օգնություն ենք տրամադրել ընտանեկան և սոցիալական ծառայությունների ոլորտում։ Հաշմանդամների զբաղվածությունը պետական հատվածում 5777-ից հասցրել ենք ավելի քան 60.000-ի։ Մաքուր նվազագույն աշխատավարձը, որը 2002թ. կազմում էր 184 լիրա, այսօր հասել է 2825 լիրայի։ Մինչդեռ մեր ակտիվ ապահովագրողների թիվը 2002թ. 12 միլիոն էր, այսօր այն գերազանցում է 24 միլիոնը։ Դատավորների և դատախազների թիվը 9349-ից հասցրել ենք 21.904-ի։ Բաժանված մայրուղու երկարությունը 6101 կմ–ից հասցրել ենք 28.284 կմ–ի, ավտոճանապարհային թունելների քանակը 83-ից հասցվել է 447-ի, իսկ երկարությունը՝ 50 կմ–ից 617 կմ–ի։ Կամուրջների երկարությունը 311 կմ–ից հասցվել է 710 կմ–ի։ Զրոյից կառուցել ենք 1213 կմ ընդհանուր երկարությամբ արագընթաց գնացքների ցանց, գրեթե ամբողջությամբ թարմացրել ենք գործող 11.590 կմ–անոց երկաթուղիները, Անկարայում կառուցվել է Թուրքիայի առաջին լոգիստիկ բազան։ Օդանավակայանների թիվն ավելացրել ենք 30-ով՝ 26-ից հասցնելով 56-ի: Շահագործման ենք հանձնել Ստամբուլի օդանավակայանը՝ տարեկան 90 միլիոն ուղևոր սպասարկելու հնարավորությամբ: Ծովային ոլորտում նավաշինական գործարանների թիվը 37-ից հասցրել ենք 84-ի, մեր զբոսանավերի տարողությունը 8500-ից հասել է 18.545-ի։ Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտում՝ լայնաշերտ կապի բաժանորդների թիվը 2002թ. ընդամենը 3000 էր, իսկ այսօր հասել է 84 միլիոնի, էլեկտրոնային կառավարությունից օգտվողների թիվը կազմում է 56 միլիոն։ Վերջին 19 տարում կեղտաջրերի մաքրման ծառայություններով ապահովված քաղաքային բնակչությունը 35%-ից հասել է 90%-ի։ Վերջերս նախաձեռնել ենք 79 նահանգում 60,6 միլիոն մ 2 տարածքում 369 ազգային այգիների ստեղծման նախագծեր, արդեն ավարտել ենք դրանցից 76-ը։ Կառուցել ենք 1.100.000 բնակարան և վերափոխել 2.5 միլիոն բնակարան։ Մեր գյուղատնտեսության համախառն ներքին արդյունքը, որը 2002թ. նույնիսկ 37 միլիարդ լիրայի չէր հասնում, անցյալ տարի գերազանցել է 333 միլիարդ լիրան։ Վերջին 19 տարում 165 միլիարդ լիրայի գյուղատնտեսական աջակցություն ենք ցուցաբերել մեր ֆերմերներին։ 2002թ. դրությամբ անտառապատ տարածքները կազմում էին 20,8 միլիոն հա, ինչը հասցրել ենք 22,9 միլիոն հա–ի: Արտերկրում մեր դիվանագիտական ներկայացուցչությունների թիվը 2002թ. 163-ից հասցրել ենք 252-ի, որով Թուրքիան դարձել է աշխարհում 5-րդ ամենամեծ դիվանագիտական ներկայացուցչական ցանցն ունեցող երկիրը։ Եթե 2002թ. ռազմարդյունաբերության ոլորտում իրականացվել է ընդամենը 62 պաշտպանական ծրագիր, ապա այսօր այդ թիվը գերազանցում է 750-ը։ Ռազմարդյունաբերության նախագծերի բյուջեն $5,5 միլիարդից հասել է $75 միլիարդի։ Թուրքիան այժմ ռազմարդյունաբերության ոլորտի առաջատար արտադրողներից և արտահանողներից մեկն է բազմաթիվ ոլորտներում, հատկապես ԱԹՍ–երի: Արդյունաբերության և տեխնիկայի ոլորտում ստեղծված արդյունաբերական գոտիների թիվը 192-ից հասցվել է 325-ի, հիմնել ենք 22 արդյունաբերական գոտիներ և 79 տեխնոպարկ։ Հայրենական ավտոմոբիլի արտադրական գործընթացն ընթանում է նախատեսվածի պես։ Մենք սեփական մեքենան մեր ճանապարհներին կտեսնենք 2023թ.։ Մենք էլեկտրաէներգիայի արտադրման ընդհանուր հզորությունը 31.846 մվտ–ից հասցրել ենք 98.162 մվտ–ի և ավարտել ենք տարածաշրջանի կարևորագույն էներգետիկ նախագծերից մեկը՝ «Թուրքական հոսք» գազատարի նախագիծը։ Թուրքիայի առաջին լողացող պահեստավորման և գազաֆիկացման բլոկը շահագործման է հանձնվել Իզմիրում, իսկ երկրորդը՝ Հաթայում։ Սև ծովում «Ֆաթիհ» հորատող նավի աշխատանքների արդյունքում հայտնաբերեցինք 540 միլիարդ մ 3 գազ, որից 405 միլիարդ մ 3 –ը՝ «Թունա-1», իսկ 135 միլիարդ մ 3 –ը՝ «Ամասրա-1» հորատանցքում։ Մշակութային և զբոսաշրջության համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված ակտիվների ու տարածքների թիվը 9-ից հասցրել ենք 19-ի, իսկ մշակութային կենտրոնների թիվը 42-ից 120-ի։ Վերականգնած քանդակների թիվը 46-ից հասել է 5548-ի»:
1.6 Ընդդիմության հակափաստարկները – 2020թ. հունիսին ԺՀԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն քննադատեց ԱԶԿ-ի տնտեսական քաղաքականությունը՝ հայտարարելով, թե ՀՆԱ-ն, որը 2014թ. կազմում էր $934 միլիարդ, 2018թ. նվազել է մինչև $789 միլիարդի, իսկ 2019թ. արդյունքներով կնվազի մինչև $753 միլիարդի. «Հիմա պարզ տեսնում եք ազգային եկամտի ճգնաժամի արդյունքը։ Բնակչությունն ավելանում է, բայց ազգային եկամուտների լուրջ նվազում կա, դա նշանակում է, որ երկիրը լավ չի կառավարվում, մենք խնդիր ունենք, սա պետք է լուծվի։ ԱԶԿ–ի կառավարությունը ԹՀ պատմության մեջ ամենամեծ տնտեսական ռեսուրսն օգտագործած կառավարությունն է։ Օրինակ, 79 տարում ԹՀ ներքին ու արտաքին պարտքը միասին կազմել է $713 միլիարդ։ Այդ գումարով մենք հիմնել ենք Telekom-ը, կառուցել ենք Քեբանի ու Աթաթուրքի ջրամբարները, կառուցել ենք ավտոճանապարհներ ու երկաթգծեր։ Մինչդեռ ԱԶԿ–ի կառավարությունը վերջին 17 տարում ծախսել է $2 տրիլիոն 346 միլիարդ, այսինքն 3.5 անգամ ավելի շատ, քան 79 տարում։ Մենք մասնակի տեղյակ ենք, թե այդ գումարներն որտեղ և որչափ են ծախսվել, որ 100 լիրայի գործն արվել է 1000 լիրայով»։
2021թ. ամռանն էլ ԺՀԿ-ի կազմած տնտեսական զեկույցում նշված էր, որ 2002թ. ԱԶԿ-ի իշխանության գալու ժամանակ Գանձապետարանի ներքին ու արտաքին պարտքը կազմում էր 243.1 միլիարդ լիրա, սակայն ԱԶԿ-ն այն հասցրել է 2.32 տրիլիոն լիրայի։ Այդպիսով, ԱԶԿ-ը նախորդ 80 տարում կուտակված պարտքը մեծացրել է 7 անգամ՝ գրանցելով հակառեկորդ։ Արտաքին պարտքը $314.5 միլիարդից աճել է մինչև $446.4 միլիարդի։ 2020թ. արտաքին պարտքի չափը համարժեք էր ՀՆԱ-ի 62.8%֊ին, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ Եթե սպառողների վարկերն ու վարկային քարտերով պարտքերը 2002թ. կազմել են 6.6 միլիարդ լիրա, ապա 2020թ. դրանք հասել են 887.6 միլիարդ լիրայի։ 2002թ. գործազրկության մակարդակը կազմում էր 10.3%, իսկ 2021թ.՝ 10.6%։ Այսինքն ԱԶԿ-ին չի հաջողվել գործազրկության մակարդակը նվազեցնել երկնիշ թվից (ԱՄՀ-ի տվյալներով այն կազմում է 14.6%)։ 2002թ. վերջին $1-ը համարժեք էր 1.67 լիրայի (2022թ. հունվարին այն կազմում է 13.62 լիրա, իսկ 2021թ. դեկտեմբերին՝ 18 լիրա):
Ընդդիմադիր հոդվածագիր Էմրե Դևեջին նշում է. «2002թ. նոյեմբերին գործազուրկների թիվը կազմում էր 2.689.000 մարդ (բնակչությունը՝ 68.8 միլիոն)։ TÜİK-ի տվյալներով՝ 2020թ. գրանցված գործազուրկների թիվը կազմում է 13.4%՝ 4.227.000 մարդ, իսկ DİSK-Ar-ի (Հեղափոխական արհմիությունների կոնֆեդերացիա) տվյալներով՝ 27.3%՝ 9.8 միլիոն մարդ։ Հաշվի առնելով կարճաժամկետ աշխատանքի անցածների թիվը՝ գործազուրկների թիվը գերազանցում է 10 միլիոնը (բնակչությունը՝ 84 միլիոն)։ ԱԶԿ–ի կառավարման ժամանակ հարուստներն ավելի են հարստացել. շվեյցարական Credit Suisse բանկի տվյալներով՝ 2002թ. բնակչության ամենահարուստ 10%-ին պատկանում էր ընդհանուր կարողության 67.7%-ը, իսկ 2018թ.՝ 81.2%-ը։ Այս ընթացքում բնակչության 90% մեծամասնության մասնաբաժինն ընդհանուր կարողության մեջ 33.3%-ից նվազել է մինչև 18.8%-ի»:
Այդպիսով, վերոնշյալը վկայում է, որ ԱԶԿ կառավարման առաջին 15 տարում Թուրքիայի տնտեսական ցուցանիշները միջին հաշվով եռապատկվել են՝ որոշակի բացառություններով. 2008-2009թթ. ցուցանիշների անկումը պայմանավորված էր համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամով, իսկ հետագա տարիներին տնտեսական աճի տեմպերի դանդաղումը մեծապես կապված է 2013թ. վերջին Թուրքիան ցնցած «Մեծ կաշառք» գործի, բայց հատկապես 2016թ. ՌՀՓ-ի հետ, երբ ակնառու դարձավ Էրդողանի ավտորիտար կառավարումը։ Ներքին «ճակատում» Էրդողանի ավտորիտար կառավարումը (ԿԲ նախագահներ ու տեղակալներ փոփոխելը, վերաֆինանսավորման տոկոսադրույքներ սահմանելը և ընդհանրապես ֆինանսա-տնտեսական գործերին շարունակաբար միջամտելը) բացասաբար ազդեց Թուրքիայի տնտեսական ցուցանիշների վրա։ Նույնը կարելի է ասել ՌՀՓ-ից հետո արտերկրում Թուրքիայի ձեռնարկած ռազմական միջամտությունների մասով (այս թեմային մանրամասն անդրադարձել ենք մեր նախկին հոդվածներից մեկում)։ Եվ, վերջապես, 2020-2021թթ. տնտեսական ցուցանիշների վրա բացասաբար է ազդել կորոնավիրուսի համավարակը։ Արդյունքում ԱԶԿ-ը չկարողացավ հասնել «2023թ. տեսլականում» ազդարարած նպատակներին. 2023թ. Թուրքիայի ՀՆԱ-ն պետք է կազմեր $2 տրիլիոն, 1 շնչին բաժին ընկնող ազգային եկամուտը՝ $25.000, արտահանման ծավալը՝ $500 միլիարդ, Թուրքիան պետք է հանգրվաներ աշխարհում ամենազարգացած տնտեսություններն ունեցող երկրների առաջատար տասնյակում։
Եվ, այնուամենայնիվ, կարելի է փաստարկել, որ Էրդողանին զգալի հաջողվեց «Նոր Թուրքիա» կերտել տնտեսական պլանում։ Դա ակնառու է ենթակառուցվածքների ոլորտում, ինչը Թուրքիայի համար ստեղծում է բավական լավ հնարավորություններ՝ վերածվելու թե՛ տրանսպորտային (երկաթուղային), թե՛ էներգետիկ (գազային) միջանցքի։ Ընդ որում, երկաթուղային առումով Թուրքիան հնարավորություն ունի միջանցք դառնալ ոչ միայն «Արևմուտք-Արևելք» և «Հյուսիս-Հարավ» ուղղություններով, այլև դրանց ճյուղավորումներով (ասենք, «Արևելք-Հարավ», «Արևմուտք-Հյուսիս»)։ Թուրքիան ունի աշխարհի խոշորագույն գազային հանգույցի վերածվելու բավական լավ հեռանկար, երբ նրա տարածքով կարող է դեպի ԵՄ ուղարկվել մինչև 10 երկրի գազ։ Ինչ վերաբերում է տնտեսական ցուցանիշների որոշակի անկմանը վերջին տարիներին, ապա պետք է փաստել, որ անգամ այդ պայմաններում 2020-ականների Թուրքիան չես համեմատի օրինակ 1990-ականների Թուրքիայի հետ, և Էրդողանը դեռ կփորձի շտկել իրավիճակը 2023թ. նշանակված կարևոր ընտրություններից առաջ՝ հաշվի առնելով, որ առաջին հերթին տնտեսական ցուցանիշների շեշտակի բարելավումն է ԱԶԿ-ին հնարավորություն տվել 2002թ.-ից ի վեր հաղթել բոլոր ընտրություններում անխտիր։
- 2. Կրոնական (կրթական) ոլորտ
ԹՀ-ում պետություն-կրոն հարաբերությունների ոլորտում կառուցվածքային ամենամեծ խզումը տեղի ունեցավ 1924թ. մարտի 3-ին, երբ վերացվեց խալիֆայությունը։ 1928թ. սահմանադրությունից հանվեց «Պետության կրոնն իսլամն է» դրույթը, իսկ 1937թ. սահմանադրության մեջ լաիցիզմի սկզբունքի ընդգրկմամբ պաշտոնապես ընդունվեց մինչ այդ փաստացի ընդունված աշխարհիկությունը։ Աթաթուրքը ստեղծեց աշխարհիկ համակարգ, որը, ըստ էության, վերահսկում էր կրոնը և մարգինալացնում այնպիսի քաղաքացիների, որպիսին հետագայում դարձավ Էրդողանը (ճանաչվեց հիմնականում իսլամի միջոցով): Աթաթուրքն այդպիսով իսլամը մղեց անկյուն՝ վերացնելով քաղաքականության վրա կրոնական հաստատությունների և առաջնորդների անմիջական ազդեցությունը: Թվում էր, թե Աթաթուրքի այս ժառանգությունը կպահպանվի անվերջ, սակայն 2003թ. ԹՀ վարչապետ դարձած Էրդողանն Աթաթուրքի աշխարհիկությունը վերակազմավորեց և ապամոնտաժեց մեկ տասնամյակում:
2.1 Իրավիճակը Թուրքիայում նախքան ԱԶԿ–ի իշխանության գալը – 1996թ. հունիսի 28-ին ԹՀ-ն իր պատմության մեջ առաջին անգամ ունեցավ իսլամի վրա հենված քաղաքական փիլիսոփայություն դավանող վարչապետ՝ ի դեմս Նեջմեթթին Էրբաքանի (Էրդողանի քաղաքական դաստիարակ)։ Վերջինս այցելեց Լիբիա և Իրան, սկսեց քննադատել Իսրայելին, հայտարարել, թե Սիրիան չի աջակցում PKK-ին, ցանկանում էր մզկիթ կառուցել Թաքսիմ հրապարակում, վերացնել գլխաշոր (հիջաբ) կրելու արգելքը, վարչապետական նստավայրում իֆթարի էր կանչում թարիքաթների առաջնորդներին, դեմ էր արտահայտվում ԵՄ-ին և կողմ՝ մուսուլմանական երկրների միջև համագործակցության խորացմանը (նրա ջանքերով ստեղծվեց Իսլամական ութնյակը՝ D-8)։ Այս ամենը, ներառյալ աշխարհիկության դեմ կարգախոսները, հանգեցրեցին 1997թ. փետրվարի 28-ի թավշյա (հետմոդեռնիստական) հեղաշրջման, որը բանակի կողմից քաղաքական գործընթացներին միջամտելու 4-րդ դեպքն է (նախորդ 3 դեպքերը գրանցվել են 1960թ, 1971թ. և 1980թ.)։ Այդ ժամանակ բանակը փաստորեն հանդես եկավ աշխարհիկության պաշտպանության առաջամարտիկի դերում։
Թե՛ Օսմանյան կայսրությունում, թե՛ ԹՀ-ում քաղաքականության ամենակարևոր դերակատարներից մեկը եղել է բանակը (ԹՀ հիմնադիրների զգալի մասը եղել են զինվորականներ)։ Ամեն դեպքում մինչև բազմակուսակցական համակարգին անցում կատարելը (քեմալական կառավարման շրջանում) բանակն իրեն դուրս էր դնում քաղաքական գործընթացներից։ Սակայն 1960թ.-ից աճեց քաղաքականության վրա բանակի ազդեցությունը, և նա սկսեց գրեթե ամեն 10 տարին մեկ անգամ իրականացնել ռազմական ուղիղ միջամտություն («տասնամյակային միտումը» պահպանվեց նաև ԱԶԿ-ի ժամանակ՝ 2007թ. և 2016թ.)։
1997թ. սեպտեմբերի 15-ին Բարձրագույն կրթական խորհուրդն (YÖK) ընդունեց շրջաբերական՝ արգելելով հիջաբով ուսանողների մուտքը բուհեր (1990թ. աշնանը Թուրգութ Օզալի կառավարության ջանքերով բուհերում թույլատրվել էր հիջաբի (թյուրբան) կրումը)։ Կարճ ժամանակ անց այդ արգելքը տարածվեց բոլոր բուհերում՝ չնայած հիջաբ կրողների կատաղի դիմադրությանը։ Հիջաբի արգելքը մի շարք քաղաքներում տարածվեց նաև իմամ-հաթիփի (կրոնական) դպրոցների վրա (1973թ.-ից իմամ-հաթիբի վարժարան՝ IHL)։ 1998թ. 3000 աշակերտ հեռացվեց դպրոցից։ Հիջաբի արգելքը տարածվեց նաև պետհիմնարկներում, որտեղ այն չպահպանած բազում ծառայողներ ենթարկվեցին կարգապահական տույժի կամ ազատվեցին աշխատանքից։ Պատգամավոր Աբդուլլահ Գյուլի կնոջ՝ Հայրյունիսա Գյուլի գրանցումը բուհում չհաստատեցին հիջաբով լուսանկարի համար (կնոջ մազերի բաց լինելն ու պարանոցի երևալը պարտադիր էր)։ Դրանից հետո Հ. Գյուլը դիմեց ՄԻԵԴ, սակայն երբ նրա ամուսինը դարձավ Թուրքիայի արտգործնախարար, Հ. Գյուլը հետ վերցրեց հայցը (02.03.2004)։
Հարված հասցվեց Կրոնական գործերի վարչությանը (Diyanet), որը 1997թ. աշխատակիցների թվով (81.492) հասել էր ԹՀ պատմության մեջ իր ամենաբարձր արդյունքին (2003թ.՝ 74.108 աշխատակից)։ Նվազեց նաև Ղուրանի դասընթացներ անցնող երեխաների թիվը. եթե 1996թ. 5241 Ղուրանի դասընթացին մասնակցում էր 158.446 աշակերտ (111.155 աղջիկ, 42.291 տղա), ապա 2002թ. 3664 Ղուրանի դասընթացին մասնակցում էր միայն 79.836 աշակերտ (70.473 աղջիկ, 9363 տղա)։ Ութամյա անդադար կրթության պատճառով երեխաների համար դժվար էր այդ ընթացքում Ղուրանի դասընթացների համար ժամանակ գտնելը։
Այդպիսով, 1997թ. հեղաշրջումից հետո՝ մինչև ԱԶԿ-ի իշխանության գալը, բազմաթիվ սպաներ ու պետծառայողներ պաշտոնանկ արվեցին հավատացյալ լինելու համար, պահպանողական մուսուլմանների ընկերություններին պիտակավորեցին որպես «կանաչ կապիտալ» և ենթարկեցրին խտրականության, գլխաշոր կրելու արգելքը խստապես պահպանվում էր ուսումնական հաստատություններում, փակվեցին Ղուրանի բազմաթիվ դասընթացներ ու IHL-ներ, ընդունելության քննությունների համակարգում կատարած փոփոխության պատճառով այդ դպրոցների շրջանավարտների համար գործնականում անհնար դարձավ Աստվածաբանականից բացի որևէ այլ ֆակուլտետ դիմելը։
Իշխանության գալով՝ ԱԶԿ-ը բախվեց այս խնդիրների համալիրին, նա իշխանության եկավ՝ ի ցույց դնելու, որ Թուրքիայում կարող են համագոյակցել պահպանողականությունն ու ժողովրդավարությունը։ 2002թ. ընտրական հռչակագրում ԱԶԿ-ը ներկայացված էր որպես ժողովրդավարական կուսակցություն, որը պատրաստ է այդ ժողովրդավարությունը ծառայեցնել պետության բարօրության համար, աչքի ընկնել քաղաքական հանդուրժողականությամբ և այլն։ Միևնույն ժամանակ հռչակագրում նշված էր, որ ԱԶԿ-ը պահպանողական կուսակցություն է, որ նա ազգի պատմական փորձը տեսնում է որպես ամուր հիմք ապագայի համար։ Այդպիսով, ԱԶԿ-ը բնութագրվեց որպես «Պահպանողական ժողովրդավարություն»։
2.2 Հիջաբի ու իմամ–հաթիփի դպրոցների խնդիրները – Իշխանության առաջին երկու փուլում (2002-2007թթ. և 2007-2011թթ.) ԱԶԿ-ը քաղաքական, իրավական և հոգեբանական համատեքստում անհրաժեշտ ջանքեր գործադրեց կրոնական ազատությունների, կրթության ու ծառայությունների ուղղությամբ, սակայն առկա խնդիրների մեծ մասին լուծում կարողացավ տալ միայն իշխանության երրորդ փուլում (2011-2015թթ.): ԱԶԿ-ը չէր մոռացել, որ «Ազգային հայացքի» կուսակցություններից 3-ը՝ «Ազգային փրկության» կուսակցությունը (MNP), «Բարօրություն» կուսակցությունը (RP) և «Առաքինություն» կուսակցությունը (FP) փակվել են աշխարհիկության դեմ պայքարի դուրս գալու պատճառով։ Այդ պատճառով հիմնադրման օրվանից ԱԶԿ-ն աշխատում էր ինքնապահպանման բնազդով, հեռու էր մնում աշխարհիկության վերաբերյալ բանավեճերից, փորձում էր իրեն ապահովագրել իրավական գործընթացներից, որոնց բախվել էին «Ազգային հայացքի» կուսակցությունները։ ԱԶԿ պաշտոնական փաստաթղթերում (կանոնադրություններ, հռչակագրեր, կառավարության ծրագրեր), ղեկավարության բազմաթիվ ելույթներում շարունակ ընդգծվում էր, որ ԱԶԿ-ը հակաաշխարհիկ չէ, նույնիսկ նշվում էր, որ աշխարհիկությունը ժողովրդավարության և հավատքի ազատության անփոխարինելի տարր և երաշխիք է։ Ամեն դեպքում որևէ կուսակցություն, այդ թվում նաև «Ազգային հայացքի» կուսակցությունները բաց կերպ չեն հայտարարել, թե դեմ են աշխարհիկությանը, երբեք չեն ասել, թե իրենց օրակարգում շարիաթական պետություն ստեղծելն է։ ԱԶԿ-ը կողմ է անգլո-սաքսոնական «պասսիվ աշխարհիկությանը» և դեմ է ֆրանսիական «ուժեղ աշխարհիկությանը», քանի որ ԱՄՆ-ում ու Մեծ Բրիտանիայում կիրառվող պասիվ աշխարհիկության դեպքում կա պետության ու կրոնի հստակ բաժանում, չկա կրոնական խտրականություն, պետությունը նույն հեռավորությունն է պահպանում տարբեր կրոններից, հանդես է գալիս բոլոր հավատացյալների պաշտպանության օգտին, և մարդիկ իրենց ավելի հարմարավետ են զգում։
Նշենք, որ որ Էրդողանն անձամբ բարեպաշտ մուսուլման է, սովորել է IHL-ում, ամեն առիթով նշում է այդ մասին։ Եվ բնական է, որ IHL-ի թեման ի սկզբանե նրա օրակարգում էր։ 2014թ. փետրվարին IHL-ի ստեղծման 100-ամյակին Էրդողանը ևս մեկ անգամ կարևորեց դրանց արժեքը՝ հպարտորեն հայտարարելով, որ ինքն ու իր չորս երեխաները IHL-ի շրջանավարտներ են։ Ի դեպ, ժամանակին Էրդողանը հարկադրված է եղել սրտի կսկիծով լքել IHL-ն ու իր ընկերներին, ընդունվել աշխարհիկ դպրոց, որպեսզի կարողանա զբաղվել քաղաքականությամբ։ IHL-ի թեման այդպիսով բացասաբար է ազդել անձամբ Էրդողանի վրա։ Նրա ընտանիքի իգական սեռի անդամներն էլ խնդիրների են բախվել հիջաբ կրելու արգելքի պատճառով. երկու դուստրերը հարկադրված են եղել ուսում ստանալ արտերկրում, իսկ կինը, ինչպես նաև կուսակիցների կանայք, բազում խնդիրների էին բախվում պաշտոնական ծրագրերին ու հրավերներին մասնակցելիս։ Իշխանության գալուց հետո հիջաբի թեման նույնպես Էրդողանի ուշադրության կենտրոնում էր. 2005թ. նոյեմբերի 15-ին նա հայտարարեց, որ հիջաբ կրելը կրոնական անհրաժեշտություն է և հարցը դիտարկում է կրոնական ու խղճի ազատության շրջանակներում, որ հիջաբը չի համարում քաղաքական պայքարի խորհրդանիշ։
Այդպիսով, իշխանության գալուց հետո կրոնական համատեքստում Էրդողանի թիվ երկու խնդիրներն էին հիջաբի ու IHL-ի հարցերը։ Սակայն այդ ժամանակ ԱԶԿ-ի դիրքերը փխրուն էին, աշխարհիկ ընդդիմության դիրքերը՝ ուժեղ, և պատահական չէր, որ իշխանության առաջին փուլում հիջաբի խնդիրը չդարձավ օրակարգային։ 2002թ. ընտրությունների հաջորդ օրն Էրդողանը նշեց, որ հիջաբի թեման առաջնահերթ չէ, որ չի պատրաստվում միջամտել մարդկանց կենսակերպին։ Նա տվեց «վեց հավաստիացում»՝ ցույց տալով, որ իշխանության առաջին շրջանում ԱԶԿ-ն օրակարգ չի բերելու ընտրություններում իրեն աջակցած իսլամական հատվածի պահանջները։ Այդ «վեց հավաստիացումներն» են՝ «Թափ ենք հաղորդելու ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցությանը», «Ուժեղացնելու ենք աշխարհին Թուրքիայի ինտեգրումը», «Վճռական ենք լինելու ԱՄՀ-ի հետ ծրագրեր իրագործելու հարցում», «Չենք ճկելու Թուրքիան», «Չենք վերապրելու նոր փետրվարի 28», «Հիջաբը մեզ համար առաջնահերթ թեմա չէ»։ Էրդողանի այս «վեց հավաստիացումները» թվապես հիշեցնում են ԹՀ հիմնադիր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի գաղափարախոսության 6 հայտնի սկզբունքները (6 նետերը)։
Այդպիսով, չնայած 2002թ. ընտրությունների արդյունքներով միակուսակցական կառավարություն ձևավորելու իրավունք ստանալուն՝ ԱԶԿ-ը որդեգրեց իսլամական սեգմենտի պահանջներն առժամանակ հետաձգելու ուղի։ Թե՛ «աշխարհիկ», թե՛ «իսլամական» հատվածի կողմից հիջաբի խնդիրը դիտվում էր որպես Թուրքիայի կարևորագույն խնդիրներից մեկը։ Աշխարհիկ հատվածի կարծիքով՝ հիջաբը տարբերվում է ավանդական քողարկման ձևերից, քաղաքական խորհրդանիշ է, որ հարցն օրակարգ է բերվել իսլամական կուսակցությունների կողմից, որ կանանց քողարկվածությունը համընկնում է շարիաթի նկրտումներին։ Մինչդեռ իսլամական հատվածի պնդմամբ՝ քողարկումը կապված է կրոնական համոզմունքի և/կամ ինքնության հետ, չի օգտագործվում որպես քաղաքական խորհրդանիշ, որ հիջաբով ուսանողների մուտքի արգելքը համալսարան մարդու իրավունքների խախտում է։ ԱԶԿ կառավարման առաջին շրջանում («Վերահսկվող տարաձայնությունների ժամանակաշրջան») նրանց առաջին բախումը գրանցվեց պաշտոնական ծրագրերին ԱԶԿ-ական պատգամավորների ու նախարարների կանանց հիջաբ կրելու շուրջ։ 2003թ. ապրիլի 23-ին Երեխաների տոնի կապակցությամբ խորհրդարանի նախագահ Բյուլենթ Արընչի կազմակերպած ընդունելությանը մասնակցում էր նաև նրա կինը՝ հիջաբով, ինչի պատճառով ԹՀ նախագահն ու ԳՇ պետը հրաժարվեցին մասնակցել միջոցառմանը։ Հաջորդ ճգնաժամը գրանցվեց 2003թ. հոկտեմբերի 29-ին՝ Հանրապետության տոնին նվիրված նախագահական ընդունելության ժամանակ, երբ ԹՀ նախագահ Ահմեթ Նեջդեթ Սեզերը խորհրդարանի նախագահ Բ. Արընչին, վարչապետ Էրդողանին, կառավարության մի շարք անդամների ու ԱԶԿ-ական պատգամավորներին հրավիրել էր առանց նրանց՝ հիջաբ կրող կանանց։ ԱԶԿ-ի ներկայացուցիչների զգալի մասը դա որակեց որպես խտրականություն և հրաժարվեց մասնակցել միջոցառմանը։ Ապա խնդիրներ ծագեցին նաև կրթական ոլորտում, երբ 2004թ. ԱԶԿ-ն օրակարգ բերեց IHL-ի շրջանավարտների մուտքը բուհեր հեշտացնելու խնդիրը, սակայն ԳՇ պետ Հիլմի Օզքոքը հայտարարեց, որ IHL-ի շրջանավարտները պետք է զբաղվեն միայն կրոնական ծեսերով։ ԱԶԿ-ը փորձեց վերափոխել Բարձրագույն կրթական կանոնը՝ ընդունելով IHL-ների շրջանավարտների ընդունելության քննությունների առջև ընկած խոչընդոտների վերացման օրենքի ուղղում, որն էլ ուղարկվեց նախագահի հաստատմանը։ Սակայն Սեզերը վետո դրեց դրա վրա։
Այդպիսով, 1997թ. հեղաշրջումից հետո կրոնական զանգվածի երկու հիմնական խնդիրներն էին IHL-ի ու հիջաբի հարցերը։ Այդ զանգվածը հենց տվյալ խնդիրները լուծելու համար ընտրեց ԱԶԿ-ին՝ մեծ պատասխանատվության տակ դնելով նրան։ Սակայն կառավարման առաջին փուլում ԱԶԿ-ը չկարողացավ արդարացնել տվյալ սպասելիքները։
2.3 Բանակի ու դատական մարմինների հետ ԱԶԿ–ի «կրոնական» առճակատումը – Այդ ամենին զուգահեռ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շրջանակներում կատարվում էին օրենսդրական բարեփոխումներ, որոնք զինվորականները սրտի խորը կսկիծով ստիպված էին հանդուրժել (ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության կողմնակիցների թիվը բավական մեծ էր, և զինվորականները չէին ցանկանում տորպեդահարել տվյալ գործընթացը)։ 2002թ. փետրվարից մինչև 2004թ. հուլիսը Թուրքիայում ընդունվել է բարեփոխումների 8 փաթեթ, որով փոփոխություններ են արվել 53 օրենքների 218 հոդվածներում (բարեփոխումների 9-րդ փաթեթը ներկայացվել է 2006թ. ապրիլի 12-ին)։ Այդ բարեփոխումներն առնչվում էին ոչ միայն կրոնական թեմաներին (ոչ մուսուլման համայնքների կրոնական հիմնադրամներ, նրանց աղոթատեղիներ և այլն), այլև զինվորականներ-քաղաքացիականներ հարաբերություններին և հատկապես ԱԱԽ-ի քաղաքացիականացմանն ու թափանցիկացմանը (զինվորականների թվի նվազեցմանը)։ Քաղաքացիականացումը կարևոր տեղ էր զբաղեցնում Կոպենհագենյան չափանիշներում (պատահական չէ, որ 2011թ. գեներալներին մի կողմ մղելուց հետո Էրդողանը գործնականում կորցրեց հետաքրքրությունը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հանդեպ)։
2007թ. մեկնարկեց ԱԶԿ կառավարման երկրորդ փուլը, երբ ԱԶԿ կառավարությունը, ցուցաբերելով վճռականություն, կարողացավ հաղթահարել բանակի ապրիլքսանյոթյան «ինտերնետային հուշագիրը», և ԱԶԿ-ի թեկնածու Աբդուլլահ Գյուլը 2007թ. նախագահական ընտրությունների արդյունքներով դարձավ Թուրքիայի 11-րդ նախագահ։ Այդ հաղթանակը հեշտացրեց ԱԶԿ-ի գործը՝ կապված օրենքներ և ուղղումներ ընդունելու հետ։ Ապրիլի 27-ի «ինտերնետային հուշագիրը» կապված էր հենց նախագահական ընտրությունների հետ, քանի որ վտանգ կար, որ նախագահի պաշտոնը բաժին կընկներ ԱԶԿ-ի թեկնածուին, ում կինը հիջաբ էր կրում։ Հուշագրում տեղ էին գտել ԹՀ հիմնական արժեքները, նախագահական ընտրությունների աշխարհիկության հարցը, ընդգծվել էր, որ բանակն աշխարհիկության վճռական պաշտպանն է և անհրաժեշտության դեպքում կձեռնարկի միջոցներ։ Թեև այս հայտարարությունն ակնկալվող քննարկումներ առաջացրեց երկրի քաղաքական կյանքում (Էրդողանն այն համեմատեց երկրաշարժի հետ), սակայն չհանգեցրեց զինվորականների համար ցանկալի արդյունքի։ Պատճառներից մեկն այն է, որ բանակը չկարողացավ պնդել այն ամենը, ինչը նշված էր հուշագրում, իսկ մյուս պատճառը կառավարության վճռականությունն էր, որը չերերաց այդ հուշագրի հրապարակումից հետո և նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը։
Փետրվարի 28-ից հետո RP և FP կուսակցությունների փակմամբ քաղաքական իսլամի մասին խոսակցությունները ժամանակավորապես դուրս էին մնացել օրակարգից։ Սակայն ԱԶԿ-ի իշխանության գալը մտահոգություններ առաջացրեց բանակում, և աշխարհիկության շուրջ լարվածությունը սկսեց աճել։ Առաջացան ճգնաժամային մի շարք իրավիճակներ, որոնց հանգուցալուծումն «ինտերնետային հուշագիրն» էր։ Վերջինիս հրապարակումից անմիջապես անց վարչապետ Էրդողանն ու ԳՇ պետը հանդիպեցին Դոլմաբահչե պալատում, որից հետո զինվորականները հետքայլ կատարեցին. իրավիճակը լիցքաթափելու նպատակով որոշվեց անցկացնել խորհրդարանական արտահերթ ընտրություններ։ Արդյունքում Ա. Գյուլն ընտրվեց երկրի նախագահ, իսկ նրա կինը դարձավ նախագահական նստավայր մուտք գործած հիջաբով առաջին տիկին (first lady)։ Սակայն բանակային հրամանատարները հրաժարվեցին մասնակցել նախագահի երդմանն ու խորհրդարանի բացմանը։ Այդուհանդերձ, նրանց արձագանքը մնաց միայն բողոքի մակարդակում, փաստացի միջամտություն չկատարվեց։ 2008թ. մեկնարկեց «Էրգենեքոնի գործի» դատավարությունը, որի շրջանակներում բազում գործող ու պաշտոնաթող սպաներ կալանավորվեցին գաղտնի կազմակերպություն հիմնելու մեղադրանքով։
2010թ. զինվորականները պահանջեցին, որ 17 գեներալներ, որոնց մեծ մասը կալանավորված էր, դառնան Բարձրագույն ռազմական խորհրդի (YAŞ) անդամներ։ Կառավարությունը, սակայն, հայտարարեց, որ դա անհնար է և պահանջեց պաշտոնաթող անել կալանավորված զինվորականներին։ ԳՇ պետ Ըշըք Քոշաներն ու զորատեսակների հրամանատարները հրաժարական տվեցին։ ԳՇ պետ նշանակվեց Ժանդարմերիայի գլխավոր հրամանատար Նեջդեթ Օզելը, ով զորատեսակների հրամանատարների թվում միակն էր, որ հրաժարական չէր տվել։ Ապա կառավարության ու ԳՇ հարաբերություններում գրանցվեցին մի շարք խորհրդանշական իրադարձություններ։ Դրանցից մեկը 2011թ. ԱԱԽ նիստում նստելու կարգի փոփոխությունն էր. մինչ այդ զինվորականները նստում էին մի կողմում, իսկ քաղաքացիական անձինք՝ մյուս կողմում։ Որոշվեց, որ այսուհետ նրանք նստելու են խառը։ Բացի այդ վարչապետը սկսեց YAŞ-ի նիստում նստել միայնակ և ոչ թե ԳՇ պետի կողքին։ Օգոստոսի 30-ին նշվող Հաղթանակի և ԶՈՒ օրվա շնորհավորանքները սկսեց ընդունել ոչ թե ԳՇ պետը, այլ երկրի նախագահը։ Նույն օրն ապրիլի 27-ի հուշագիրը հեռացվեց ԳՇ կայքից։
Հիջաբի ու IHL-ի հարցում առկա արգելքները շարունակում էին խնդիրներ հարուցել, և 2008թ. փետրվարի 9-ին ԱԶԿ-ն ընդունեց Բարձրագույն կրթության օրենքում ուղղումներ անելը, որով հիջաբ կրելու արգելքը վերացվեց բուհերում, բայց ոչ դպրոցներում, այն էլ միայն ծառայություն ստացողների (ուսանողների) և ոչ թե հանրային ծառայություններ մատուցողների (դասախոսական կազմի) համար։ Փոփոխությունից հետո Ա. Գյուլի կողմից նշանակված YÖK-ի ղեկավար Յուսուֆ Զիյա Օզջանը շրջաբերական հրապարակեց, որով բուհերում թույլատրվում էր բոլոր տեսակի հագուստները, այդ թվում՝ հիջաբը։ Սակայն Պետխորհուրդը չեղարկեց շրջաբերականը։ Բուհերում հիջաբի արգելքի պահպանման օգտին հանդես եկավ նաև ռեկտորների մեծ մասը։ Ընդդիմադիր ԺՀԿ-ն անմիջապես դիմեց ՍԴ, որն էլ այդ ուղղումը չեղարկեց 2008թ. հունիսի 5-ին։ ՍԴ որոշման մեջ նշված էր, որ ուղղումն անհամատեղելի է սահմանադրության երկրորդ հոդվածում նշված աշխարհիկության անփոփոխ սկզբունքին։
Բուհերում հիջաբի արգելքը վերացնելու ԱԶԿ-ի այս փորձից անմիջապես անց՝ 2008թ. մարտին, Գերագույն դատարանի գլխավոր դատախազ Աբդուռահման Յալչընքայան ԱԶԿ-ի փակման համար հայց ներկայացրեց ՍԴ՝ ընդգծելով, որ «ԱԶԿ-ը դարձել է աշխարհիկությանը հակասող գործողությունների կիզակետ» և պահանջեց 5 տարով քաղաքականությամբ զբաղվելու հնարավորությունից զրկել ԱԶԿ վերնախավին՝ 71 մարդու, ներառյալ վարչապետ Էրդողանին ու նախագահ Գյուլին։ Հայցի հիմքում ընկած էին հիջաբի ու IHL-ի թեմայով ԱԶԿ-ի վերնախավի հայտարարություններն ու նախաձեռնությունները։ ՍԴ-ը հուլիսի 30-ին կայացրեց վճիռ. նրա 6 անդամ կողմ արտահայտվեց ԱԶԿ փակմանը, 5-ը դեմ արտահայտվեց։ Փոխարենը ՍԴ 11 անդամից 10-ը կողմ արտահայտվեց ԱԶԿ-ի գանձապետական օգնության նվազեցման օգտին։ Այդպիսով, միայն 1 քվե չբավարարեց ԱԶԿ-ի հավերժ փակման համար. նման որոշման համար անհրաժեշտ էր ՍԴ անդամների 2/3-ի աջակցությունը։
2.4 Հիջաբի ու իմամ–հաթիփի դպրոցների խնդիրների լուծումը – Գյուլի կողմից ԹՀ նախագահի գործառույթները ստանձնելուց հետո ԱԶԿ-ը հանդես եկավ սահմանադրական մի շարք ուղղումներով, որոնք նախատեսում էին վերափոխումներ անել նաև բարձրագույն դատական մարմիններում։ Այդ ուղղումներն ընդունվեցին ԹՀ պատմության մեջ տեղի ունեցած ամենաարյունալի ռազմական հեղաշրջումից ուղիղ 30 տարի անց՝ 2010թ. սեպտեմբերի 12-ին անցկացված ՍԲՀ-ի ժամանակ։ Ի դեպ, դրանցով վերացվեց ժամանակավոր 15-րդ հոդվածը, որով անձեռնմխելիություն էր շնորհվել այդ հեղաշրջման կազմակերպիչներին (արդյունքում հեղաշրջման կազմակերպիչ, տվյալ ժամանակվա ԳՇ պետ Քենան Էվրենը, ով երկրի միակ նախագահն էր, ում չէր ընտրել խորհրդարանը, կանգնեց դատարանի առջև, ինչն աննախադեպ էր)։ Սահմանադրական փոփոխություններով YAŞ-ի վիճահարույց որոշումները ենթակա էին դատական վերանայման։ Ռազմական դատարանների իրավասությունը սահմանափակվեց «զինվորական ծառայություններով և զինվորական պարտականություններով»: Ազգային անվտանգության քաղաքականության փաստաթուղթը (MGSB) փոփոխվեց, վերացվեց EMASYA անվտանգության, հասարակական կարգի և համագործակցության մասին արձանագրությունը, որը թույլ է տալիս ռազմական գործողություններ իրականացնել առանց քաղաքացիական իշխանությունների հետ համաձայնության։ Կատարվեցին իրավական բարեփոխումներ՝ թույլ տալու համար պաշտպանական բյուջեի խորհրդարանական վերահսկողությունը:
Սահմանադրական փոփոխություններով բարդացվեց աշխարհիկ ուժերի կողմից ԱԶԿ-ի ու նման (իսլամիստական) կուսակցությունների փակումն ու ապագայում հիջաբի արգելքի վերացման վերաբերյալ սահմանադրական փոփոխության չեղարկումը։ ՍԲՀ-ից անմիջապես անց YÖK-ը որոշում կայացրեց, որ համալսարանի դասախոսները չեն կարող գլխաշորով ուսանողներին հեռացնել լսարանից, փոխարենը կարող են բողոք ներկայացնել նրանց դեմ՝ զեկույց ներկայացնելով: Այս որոշումը, բուհերի մի մասում փաստացի ամբողջովին հանելով արգելքը, վերադարձրեց մինչև փետրվարի 28-ն արգելքի կիրառման շուրջ ստեղծված ոչ միանշանակ իրավիճակը։ Ա. Գյուլի նախագահ ընտրվելուց հետո նրա նշանակած YÖK-ի ղեկավարն ու բազմաթիվ (նոր) ռեկտորները զգալիորեն ապահովեցին բուհերում հիջաբ կրելու արգելքի վերացումը։ Չնայած դրան՝ դեռ կային խնդիրներ, և 2011թ. Թուրքիայի խորհրդարանն ընդունեց իր պատմության մեջ խոշորագույն ուսանողական համաներումը, ինչը ճանապարհ հարթեց նախկինում հիջաբի արգելքից տուժածների համար՝ վերագրանցվելու իրենց ուսումնական հաստատություններում, որոնց նրանք հարկադրաբար լքել են փետրվարի 28-ի հեղաշրջումից հետո։ «Փետրվարի 28-ի կին զոհերը» չհապաղեցին սկսել «կրկնակի զոհի» արշավ՝ ընդգծելով, որ իրենք այդ ամենի պատճառով կորցրել են 15 տարի, արդեն 40 տարեկան են և չեն կարող ընդունելության քննություններ հանձնել։
Բուհերում հիջաբի արգելքի վերացումից հետո աճեցին պետծառայողների համար այդ արգելքը հանելու պահանջները։ 2013թ. աշնանն ԱԶԿ-ի հայտարարած Ժողովրդավարացման փաթեթն արդեն նախատեսում էր հիջաբի արգելքի վերացում պետծառայողների համար՝ բացառությամբ դատավորների, դատախազների, ոստիկանների և զինվորականների։ Ապա եկավ Թուրքիայի խորհրդարանում հիջաբ կրելու արգելքը վերացնելու հերթը։ Դեռևս 2011թ. ԱԶԿ-ական պատգամավոր Մուսթաֆա Շենթոփը, ով սահմանադրության պրոֆեսոր է (ներկայումս խորհրդարանի նախագահ), ԶԼՄ-ների հետ զրույցում նշել էր, որ խորհրդարանի կանոնակարգում հիջաբ կրելու արգելք չկա, հետևաբար հնարավոր է մուտք գործել հիջաբով, առավել ևս, որ նախկինում դա արել է Մերվե Քավաքչըն (1999թ. ապրիլի 18-ին Ստամբուլից պատգամավոր ընտրված Քավաքչըն երդմնակալության նպատակով մայիսի 2-ին խորհրդարան էր եկել հիջաբով)։ Շենթոփի խոսքերով՝ դրանից հետո Քավաքչըն ստիպված է եղել լքել խորհրդարանը տվյալ ժամանակաշրջանի պայմանների և ոչ թե կանոնադրությանը հակառակ գործելու պատճառով (նրան քաղաքացիությունից զրկել են՝ պատճառաբանելով, որ նա ԱՄՆ քաղաքացիության մասին չի հայտնել իշխանություններին)։ Շենթոփի հայտարարությունից մոտ երկու տարի անց ԱԶԿ-ի չորս կին պատգամավորներ (Նուրջան Դալբուդաք, Գյուլայ Սամանջը, Սևդե Բեյազըթ Քաչարը, Գյոնուլ Բեքին Շահքուլուբեյը) հիջաբով մտան խորհրդարան։
2016թ. ՌՀՓ-ից երկու ամիս անց՝ օգոստոսի 30-ի տոնին, Թուրքիայում իրենց ծառայությունը սկսեցին հիջաբով ոստիկանները, ինչը պատմական պահ էր։ 2017թ. օգոստոսի 30-ի տոնի ժամանակ Շուլե Աքարը կրում էր հիջաբ՝ դառնալով ԹՀ պատմության մեջ ԳՇ պետի հիջաբով առաջին կին։ 2021թ. էլ զինված ուժերում թույլատրվեց թյուրբանի կրումը։
Ինչ վերաբերում է IHL-ին, ապա դրանց առջև ամենամեծ խոչընդոտը շարունակում էր մնալ 1999թ.-ից գործակցի կիրառումը, որը բավական բարդացվում էր IHL-ի շրջանավարտների համար, Աստվածաբանական ֆակուլտետից բացի այլ ֆակուլտետ դիմելը։ Այս թեմայով YÖK-ն առաջին կոնկրետ քայլն արեց 2009թ. հուլիսի 21-ին՝ վերջ դնելով տարբեր գործակիցների կիրառմանը և ներդնելով բուհ ընդունվելու քննությունների երկաստիճան համակարգ։ Սակայն Ստամբուլի իրավաբանների միության նախագահությունը որոշումը չեղարկելու համար հայց ներկայացրեց Պետխորհրդի 8-րդ պալատ։ Վերջինս նոյեմբերի 25-ին հակասահմանադրական ճանաչեց այս փոփոխությունը։ Այնուհետև YÖK-ը դեկտեմբերին նոր կանոնակարգ մշակեց և վերադարձավ տարբեր գործակիցների կիրառմանը, սակայն մասնագիտացված վարժարանների ու IHL-ների միջև տարբերությունը համեմատաբար կրճատվեց։ Ստամբուլի իրավաբանների միության նախագահությունն այս հարցով դեկտեմբերի 29-ին դիմեց Պետխորհրդին, որն էլ կարգավորումը չեղյալ հայտարարեց 2010թ. փետրվարի 8-ին։ Ամեն դեպքում IHL-ի շրջանավարտների համար որոշակի առաջընթաց գրանցվեց 2010թ., իսկ գործակիցների տարբերության կիրառումն ամբողջությամբ վերացվեց 2011թ. վերջին։
2012թ. մարտի 30-ին ներդրվեց կրթական նոր համակարգ (կիրառվում է 2012/13-ից), որով պարտադիր կրթությունը 8 տարուց (5+3) հասցվեց 12 տարվա (4+4+4)։ Առաջին 4 տարիները որակվեցին որպես նախնական դպրոց, երկրորդ 4 տարիները՝ միջնակարգ դպրոց, իսկ երրորդ 4 տարիները՝ ավագ դպրոց (վարժարան)։ Այս փոփոխության հիմնական դրդապատճառներից մեկն IHL-ին միջնակարգ կրթություն շնորհելն էր, ինչպես նաև մասնագիտացված կրթության աճին նպաստելը և պարտադիր կրթությունը 12 տարվա հասցնելը։ Այդպիսով, նախկինում պարտադիր համարվող 8-ամյա նախնական կրթությունը բաժանվեց երկու մասի. նախնական դպրոց՝ 4 տարի և միջնակարգ՝ 4 տարի։ Վերջինս իր հերթին բաժանվեց երկու հավասար կարգավիճակ ունեցող մասի՝ սովորական միջնակարգ դպրոց և իմամ-հաթիփի դպրոց (IHL)։ Դրանով իսկ Էրդողանի «Նոր Թուրքիան» ունեցավ կրթական նոր համակարգ։
ԱԶԿ-ն այդպիսով ի զորու եղավ իսլամական մասին չհիասթափեցնել ու նրա պահանջները կյանքի կոչել միայն երրորդ փուլում՝ 2011թ. ընտրություններում հաղթելուց հետո, երբ նա հերթական անգամ ստացավ միակուսակցական կառավարություն հիմնելու իրավունք։
2.5 Բարձրագույն կրոնական կրթություն – 1933թ. Ստամբուլի Դարուլֆունունի աստվածաբանական ֆակուլտետի փակումից հետո՝ 1949թ., Անկարայի համալսարանում բացվեց Աստվածաբանության ֆակուլտետ՝ այդ ժամանակաշրջանի աշխարհիկության և կրոնական քաղաքականության մեղմացմանը զուգահեռ: Երբ 1950-ականներին բացված IHL-ի շրջանավարտները ցանկացան շարունակել իրենց բարձրագույն կրոնական կրթությունը, և ուսուցիչների կարիքը գնալով աճող IHL-ում հասավ այնպիսի չափի, որ Անկարայի Աստվածաբանության ֆակուլտետը չկարողացավ ապահովել, 1959թ. որոշվեց բացել Բարձրագույն իսլամական ինստիտուտներ, որտեղ կարող էին ուսանել միայն IHL-ի շրջանավարտները։ Հետագա տարիներին այդ ինստիտուտների թիվը հասավ 8-ի, որոնց 1971թ. հավելվեց Էրզրումում բացված Իսլամական գիտությունների ֆակուլտետը։ Սակայն 1980թ. հեղաշրջումից հետո այդ բոլոր ինստիտուտները (նաև Էրզրումյան ֆակուլտետը) վերափոխվեցին Աստվածաբանության ֆակուլտետների, որոնց թիվը 1999թ. հասել էր 22-ի։
1999թ. թավշյա հեղաշրջումից հետո Աստվածաբանության ֆակուլտետները ռեակցիոն բանավեճերում այնքան էլ առաջին պլան չեկան, որքան IHL-ները, սակայն IHL-ում ուսանողների թվի անկումն ազդում էր Աստվածաբանական ֆակուլտետների դիմորդների և հետևաբար ուսանողների թվի վրա։ Այդ անկումը կապված էր նաև Աստվածաբանական ֆակուլտետների շրջանավարտների զբաղվածության սահմանափակումների հետ։ Աստվածաբանության ֆակուլտետները, որոնց քվոտաները տարեցտարի կրճատվում էին 1997թ.-ից ի վեր, ԱԶԿ կառավարման առաջին տարիներին հասել էին ուսանողների քանակի ամենացածր մակարդակին (2004թ. Աստվածաբանական 23 ֆակուլտետի հատկացվել է 972 քվոտա): Մինչև 2008թ. հատկացված քվոտաներում մեծ փոփոխություն չի եղել։ Իրավիճակը փոխվեց ԱԶԿ-ի կառավարման երկրորդ ժամանակաշրջանում. 2007թ. Աստվածաբանության ֆակուլտետներին հատկացվեց 837, իսկ 2008թ.՝ 2784 քվոտա (4 անգամ ավելի)։ Մինչև 2014թ. գրեթե բոլոր համալսարաններում բացվեց 220 Աստվածաբանության ֆակուլտետ, քվոտաների թիվը 2013թ. հասավ 17.814-ի, քայլեր ձեռնարկվեցին դրանց շրջանավարտների զբաղվածությունն ապահովելու ուղղությամբ։ Այդպիսով, Էրդողանը ձգտում էր IHL-ներն ու Աստվածաբանության ֆակուլտետները նախ քանակապես ավելացնելու, ապա նաև դրանք աշակերտների և ուսանողների համար ավելի գրավիչ դարձնելու միջոցով հասնել պահպանողական-կրոնական հասարակությամբ «Նոր Թուրքիա» կերտելուն։
2.6 Diyanet – Կրոն-պետություն հարաբերությունների և աշխարհիկության համատեքստում ամենաքննարկվող հարցերից մեկը եղել է պետության դերը կրոնական ծառայությունների մատուցման գործում։ Կրոնական գործերը Թուրքիայում իրականացնում է Diyanet-ը, որը որպես վարչապետին կից կառույց ստեղծվել է 1924թ. մարտի 3-ին (խալիֆայության վերացման օրը)։ Արդեն նշվեց, որ 1997թ. հեղաշրջումից հետո Diyanet-ը ստացավ մի շարք հարվածներ և թուլացավ։ Սակայն ԱԶԿ-ի կառավարման ժամանակաշրջանում այն մեծ զարգացում գրանցեց թե՛ որակական, թե՛ քանակական առումով։ Օրենսդրական կարգավորումներով ընդլայնվեց Diyanet-ի գործունեության շրջանակը, բարելավվեցին նրա կադրերի պայմանները։ ԱԶԿ-ի կողմից Diyanet-ի տրվող կարևորության ամենաակնառու ցուցիչներից մեկը դարձավ 1980թ. ռազմական հեղաշրջումից հետո ընդունված պետական արձանագրությունում 2012թ. փոփոխություն անելը։ Ըստ այդմ, նոր ցուցակում ընդգրկվելիք խմբերի թիվը 82-ից կրճատվեց 35-ի, իսկ հին ցուցակի հետ համեմատ, որում զինվորականներն առաջին տեղում էին, նոր ցուցակն ուներ ավելի քաղաքացիական տեսք՝ ԵՄ նորմերին համապատասխան։ Diyanet-ի ղեկավարը, ով հին տարբերակում իր վարկանիշով 51-րդն էր, բարձրացվեց 10-րդ տեղ՝ առաջ ընկնելով զորատեսակների հրամանատարներից, գեներալ-ծովակալներից և կառավարության անդամներից։ Diyanet-ի ղեկավարը սկսեց ներկա գտնվել Էրդողանի ենթակառուցվածքային մեգա նախագծերի բացման արարողություններին, կարևոր դեր կատարել ապրիլի 14-20-ին Թուրքիայում նշվող «Սուրբ ծննդյան շաբաթվա» (Kutlu Doğum Haftası) տոնին (ապրիլի 20-ը համարվում է Մուհամմեդ մարգարեի ծննդյան օր)։ ԱԶԿ-ի կառավարման ժամանակ տվյալ տոնակատարություններն ընդլայնվեցին ու դիվերսիֆիկացվեցին։ Ընդդիմությանը զայրացնում էր դրանց ուսանողների ստվար մասնակցությունը, նա ԱԶԿ-ին մեղադրում էր տոնակատարությունների զգալի մասը միտումնավոր ապրիլի 23-ին անցկացնելու մեջ, ինչը համընկնում է (քեմալական տոն) Ազգային ինքնիշխանության ու երեխաների պաշտպանության օրվան (1920թ. այդ օրը ստեղծվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովը)։
ԱԶԿ-ի կառավարման հաջորդ ժամանակաշրջաններում Diyanet-ը շարունակեց բարգավաճել, նրա սրընթաց առաջընթացը նկատելի է հատկապես վերջին տարիներին՝ կապված ոչ միայն ներքին «ճակատում» Էրդողանի դիրքերի ամրապնդման, այլև նրա հետ, որ Diyanet-ը և հատկապես Թուրքիայի Կրոնական հիմնադրամը (TDV) վերածվել են Թուրքիայի «փափուկ ուժի» քաղաքականության կարևոր գործիքի։ 2013թ. հուլիսից իր հեռարձակումներն է սկսել Diyanet Radyo-ն («Կրոնական ռադիո»)։ Այդ ժամանակ նրա հաղորդումներն օրական 24 ժամ հեռարձակվում էին Թուրքիայի միայն 25 նահանգում։ Հետագայում հեռարձակումները պետք է իրականացվեին Թուրքիայի 50, ապա բոլոր 81 նահանգներում։ Diyanet Radyo-ից օրեր առաջ էլ օրական 24 ժամ ռեժիմով իր հեռարձակումներն էր սկսել Diyanet TV հեռուստաալիքը (փորձնական տարբերակով գործարկվել էր 2012թ.)։ Տարիների ընթացքում մեծ աճ գրանցեց Diyanet-ի թե՛ բյուջեն, թե՛ աշխատակիցների թիվը, ինչպես նաև մզկիթների, Ղուրանի դասընթացների քանակը, ուխտագնացների համար նախատեսված գումարը։
2021թ. սեպտեմբերին թուրքական մամուլը գրեց, որ 2022թ. Diyanet-ի բյուջեն հասցվելու է 16.1 միլիարդ լիրայի, ինչը գերազանցում է 17 նախարարություններից 7-ի և 12 այլ վարչությունների բյուջեն (2023թ. Diyanet-ի բյուջեն կազմելու է 18.62, իսկ 2024թ.՝ 20.72 միլիարդ լիրա)։ ՆԳՆ-ի բյուջեն կազմում է 14.7, Առևտրի նախարարությանը՝ 8.4, ԱԳՆ-ինը՝ 7.4, Արդյունաբերության ու տեխնոլոգիաների նախարարությանը՝ 6.1, Զբոսաշրջության ու մշակույթի նախարարությանը՝ 4.8, Քաղաքաշինության ու բնապահպանության նախարարությանը՝ 4.8, Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարությանը՝ 4.1 միլիարդ լիրա։ Բացի այդ Diyanet-ի բյուջեն ավելին է 40 պետական կառավարման մարմիններից 26-ի բյուջեից. օրինակ, ծախսերի համար Միգրացիայի կառավարման գլխավոր տնօրինությանը (GIGM) հատկացվել է 4.4, Նախագահական ապարատին՝ 3.8, Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարմանը (AFAD)՝ 2.4, Խորհրդարանին՝ 2.1 միլիարդ լիրա, Կապի վարչությանը՝ 680.1, Հաշվեքննիչ պալատին՝ 514.3, Վճռաբեկ դատարանին՝ 485.2, Պետխորհրդին՝ 324.3, ՍԴ-ին՝ 107.6 միլիոն լիրա և այլն։
Հատկանշական է, որ 2021թ. օգոստոսի 30-ի շնորհավորանքները ստանալիս Էրդողանը Diyanet-ի ղեկավար Ալի Էրբաշին ընդունեց 12-րդը։ Ընդ որում, ԳՇ պետ Յաշար Գյուլերը, ով ավելի վաղ գտնվում էր առաջատար տասնյակում, հայտնվեց 14-րդ հորիզոնականում։ Ի դեպ, տոնակատարությանը նախորդած Հաղթանակի քարոզի ժամանակ Էրբաշը չէր հիշատակել Աթաթուրքի անունը։ Հաղթանակի քարոզն առնչվում էր (1922թ.) Մեծ հարձակմանը, (1526թ.) Մոխաչի ու (1071թ.) Մանազկերտի ճակատամարտերին ու (639թ.) Դիարբեքիրի նվաճմանը (թուրքական կողմը Դիարբեքիրը համարում է «Անատոլիայում» իսլամի դարպաս, քանի որ այն «Անատոլիայում» իսլամի նվաճած առաջին քաղաքն է)։ Ընդ որում, Էրբաշը հիշատակել էր Դիարբեքիրի նվաճող Իյազ բին Գանեմիին, սակայն չէր հիշատակել Աթաթուրքին։
28.03.2003-11.10.2010 ժամանակահատվածում Diyanet-ի ղեկավար Ալի Բարդաքօղլուն իր քարոզներում մշտապես նշում էր Աթաթուրքի անունը, սակայն, երբ 2010թ. Diyanet-ի ղեկավար դարձավ Մեհմեթ Գյորմեզը, սկսվեց քարոզներում Աթաթուրքի անունը չհիշատակելը։ Գյորմեզը պաշտոնավարել է մինչև 2017թ. հուլիսի 31-ը, և իր քարոզներում ոչ մի անգամ չի հիշատակել Աթաթուրքին։ 2017թ. նրան փոխարինած Ալի Էրբաշը վարվում է նույն կերպ։ Աչք է զարնում այն, որ Բարդաքօղլուի պաշտոնավարությունն ավարտվելու օրը համընկել է Աթաթուրքի մահվան օրվան, և Բարդաքօղլուին հաջորդած Գյորմեզն այլևս չի հիշատակել Աթաթուրքին։
Թուրքական ընդդիմությունը ներկայումս ունի մտավախություն, որ ԱԶԿ-ի կողմից մշակվող նոր Սահմանադրությունը կունենա շարիաթի տարրեր։ Թուրք փորձագետ Սոներ Չաղափթայն ընդգծում է. «ԱՄՆ–ում և Եվրոպայում շարիաթը հաճախ ասոցացվում է մարմնական պատիժների հետ, ինչպիսիք են ԻՊ–ի և նման ծայրահեղական կառույցների իսլամիստների կողմից իրականացված գլխատումները: Բայց իրականում միայն մի քանի երկրներ են շարիաթ հաստատում նման ձևով, օրինակ, Իրանը և Սաուդյան Արաբիան: Մուսուլման մեծամասնություն ունեցող երկրներից շատերն ունեն կրոնական և աշխարհիկ օրենքների խառնուրդ, որոնք կիրառում են շարիաթի այլ, ոչ այնքան դաժան ձևեր: Այս դեպքերում շարիաթն ինտեգրվում է իրավական, քաղաքական և վարչական միջոցառումների բարդ ցանցի մեջ»։ Նրա խոսքերով՝ վերջին տարիներին զգացվում են Diyanet-ի կողմից հասարակության մեջ շարիաթի տարրեր ներդնելու փորձեր. «Թուրքիային տասնամյակներ շարունակ հաջողվել է շարիաթը զերծ պահել պաշտոնական ոլորտից։ Թուրքիայում վերջին զարգացումները ցույց են տալիս փոփոխություն. Էրդողանի կառավարությունը սահմանափակում է անհատական ազատությունները, ինչպես նաև պատժամիջոցներ է սահմանում այն անձանց համար, ովքեր «վիրավորում են իսլամը» կամ անտեսում են իսլամական պրակտիկաները: 2017թ. նոյեմբերից ոստիկանությունը վերահսկում է կրոնի վերաբերյալ առցանց մեկնաբանությունները և ճնշում է ազատ արտահայտման դեպքերը, երբ համարում է, որ նման մեկնաբանությունները «վիրավորական են իսլամի համար»: Արդեն սովորական է դարձել, որ ոստիկանությունը ձերբակալելու է նրանց, ովքեր հրապարակայնորեն քննադատում են իսլամը: Կրթությունը Էրդողանի ջանքերի հիմքն է՝ թուրքական հասարակության մեջ շարիաթը հյուսելու համար: Թուրքիայի կրթական համակարգը, ինչպես ոստիկանությունը, գտնվում է կենտրոնական կառավարության հսկողության տակ, և կրթության նախարարությունը ճնշում է գործադրում քաղաքացիների վրա՝ հանրային դպրոցներում պահպանողական իսլամական սովորույթներին համապատասխանելու համար: Կառավարությունը, օրինակ, պաշտոնապես պահանջում է, որ Թուրքիայի բոլոր նորակառույց դպրոցներն ունենան իսլամական աղոթքի սենյակներ: 2018թ.-ից մի դեպքում Ստամբուլի կրթության մի պաշտոնյա ուսուցիչներից պահանջեց, որ աշակերտները ներկա գտնվեն տեղական մզկիթներում առավոտյան աղոթքին: 2018թ. հունվարին Diyanet-ի կայքում հրապարակվեց ֆեթվա, որով նախատեսվում էր 9 տարեկան աղջիկներին և 12 տարեկան տղաներին թույլատրել ամուսնանալ, քանի որ շարիաթի համաձայն՝ չափահաս կյանքը սկսվում է սեռական հասունացման ժամանակաշրջանում։ Սակայն Diyanet-ի այս որոշումը հանգեցրեց բողոքի վիթխարի ակցիաների, և այն չեղարկվեց։ Հաջորդ ամսում՝ 2018թ. փետրվարին, հայտարարվեց Թուրքիայի գրեթե 60.000 պետական դպրոցներից յուրաքանչյուր դասարանում Diyanet-ի ներկայացուցիչներ նշանակելու նոր պլանի մասին։ Դա կրթական համակարգը կդնի Էրդողանի գլխավորած կրոնական իշխանությունների առավել ակնդետ ուշադրության ներքո։ Սակայն այդ փոփոխությունը դեռ շուտ տեղի չի ունենա»։ Չաղափթայի կարծիքով՝ ջիհադը կարևոր քայլ է հասարակության վրա շարիաթի վարագույրը գցելու համար։ Նա հիշեցնում է, որ 2018թ. հունվարին Սիրիայի հյուսիսում (Աֆրին) Թուրքիայի իրականացրած «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողության առաջին երկու օրերին Diyanet-ը Թուրքիայի բոլոր մոտ 90.000 մզկիթներին կարգադրել է իրենց մինարեթների բարձրախոսների միջոցով հեռարձակել Ղուրանի «ալ-Ֆաթհ» գլուխը՝ «նվաճման աղոթքը»։
Հավելենք, որ 2021թ. աշնանը Diyanet-ը հայտարարեց, որ պատրաստվում է հանդիպել Կրթության նախարարության ներկայացուցիչների և ակադեմիկոսների հետ՝ 4-6 տարեկան երեխաների շրջանում Ղուրանի դասընթացներ անցկացնելու համար։ Diyanet-ը պնդեց, որ նպատակը ոչ թե Ղուրանի դասընթացները պարտադիր դարձնելն է, այլ ծնողների նախընտրությամբ մանկապարտեզներում Ղուրանի դասընթացներ անցնելը պարտադիր նախադպրոցական կրթություն համարելը։ Diyanet-ը հերքել է այն պնդումները, թե 4-6 տարեկան երեխաների համար պարտադիր է դառնում Ղուրանի դասընթացներ անցկացնելը, ինչպես նաև այն, որ այդ դասընթացները գալիս են փոխարինելու 5 տարեկան երեխաների համար Կրթության նախարարության անցկացրած նախադպրոցական ուսմանը։
Այդպիսով, Diyanet-ն աննախադեպ հաջողություններ է գրանցել ԱԶԿ-ի կառավարման ժամանակ, ինչը, թերևս, կլինի շարունակական՝ հաշվի առնելով հաջորդ երկու տարում նրա բյուջեն ռեկորդային չափով վերստին մեծացնելու պլանները։ Իհարկե, Diyanet-ի այս հաղթարշավի տևականությունը կախված է լինելու ԱԶԿ-ի իշխանության տևականությունից։ Թուրքիայում Diyanet-ի ղեկավարին արդեն իսկ անվանում են Էրդողանի «ԳՇ պետ». եթե աշխարհիկ ռեժիմի ապավենը ԳՇ պետն է, ապա Էրդողանի ռեժիմի ապավենը Diyanet-ի ղեկավարն է։ Նշենք, որ 2016թ. ՌՀՓ-ից անմիջապես առաջ (հուլիսի 15) Մ. Գյորմեզն ընթրել է Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանի հետ, և կողմերը քննարկել են գալիք ՌՀՓ-ի ճնշման հարցը։ Գյորմեզը խոստացել է ՌՀՓ-ի ժամանակ Թուրքիայի մզկիթների մինարեթների բարձրախոսների միջոցով իսլամական մոլեռանդ զանգվածին դուրս բերել փողոցներ՝ ընդդեմ տանկերի, ինչն էլ արվել է արդյունքում։ Ուշագրավ է, որ Հ. Ֆիդանը հուլիսի 14-ին էլ 6 ժամանոց տետ-ա-տետ հանդիպում էր ունեցել ԳՇ պետ Հուլուսի Աքարի հետ և վերստին քննարկել գալիք ՌՀՓ-ի տապալման հարցը։
2.7 «Էրդողանի մզկիթների» եռյակը Ստամբուլում – 2013-2019թթ. Էրդողանը Ստամբուլի Ուսքյուդար թաղամասում կառուցեց Չամլըջայի մզկիթը, որը տեսանելի է քաղաքի բոլոր հատվածներից։ 67.500 մ 2 տարածքով մզկիթը նախատեսված է 63.000 հավատացյալի համար, ունի թանգարան, պատկերասրահ, գրադարան, 1000 հոգանոց կոնֆերանսի դահլիճ, 8 գեղարվեստական ստուդիա և 3500 ավտոմեքենայի համար նախատեսված ավտոպարկ։ Մզկիթի (գմբեթի) բարձրությունը կազմում է 72 մ, որը խորհրդանշում է Ստամբուլում ապրող 72 ազգերին։ Ալլահի 16 անունները գրված են թյուրքական 16 պետություններին նվիրված գմբեթի ներքին մակերեսին։ Մզկիթն ունի 6 մինարեթ, որոնցից 2-ի բարձրությունը կազմում է 90 մ, իսկ մյուս 4-ինը՝ 107.1 մ, ինչը խորհրդանշում է Մանազկերտի ճակատամարտի տարեթիվը։ Չամլըջայի մզկիթը ԹՀ պատմության մեջ կառուցված խոշորագույն մզկիթն է. մինչ այս մզկիթի հայտնվելը 462 տարի Ստամբուլի ամենամեծ մզկիթը հանդիսացել է օսմանյան ամենահզոր սուլթան համարվող Սուլեյման Փառահեղի մզկիթը։
Ս. Չաղափթայն այս կապակցությամբ գրում է. «Հետևելով օսմանյան սուլթանների ավանդույթին, որոնք կայսերական մզկիթներ են կառուցել Ստամբուլի պատմական հին քաղաքի յոթ բլուրները զարդարելու համար, Էրդողանը կառուցել է իր մզկիթը ժամանակակից Ստամբուլի ամենաբարձր կետի մոտ՝ ստեղծելով տեսողական ութերորդ բլուրը: Չամլըջա մզկիթը զարդարված է վեց մինարեթներով, որով (իր փառքով) նա մրցում է 17-րդ դարում սուլթան Ահմեթ 1-ինի կառուցած Կապույտ մզկիթի հետ, որը ներկայումս Ստամբուլի միակ մյուս մզկիթն է, որն ունի նույնքան (6) մինարեթ (1930-ականներին, երբ Սուրբ Սոֆիան վերածվեց թանգարանի, Կապույտ մզկիթը դարձավ ԹՀ գլխավոր մզկիթը՝ 6 մինարեթով առաջին մզկիթը)։ Ֆիզիկապես ճախրելով Ստամբուլի սուլթանական մզկիթների վրա՝ Չամլըջա մզկիթն ազդարարում է նոր սուլթանի՝ Ռ. Թ. Էրդողանի վերելքի մասին: Չամլըջայի մզկիթը գտնվում է ավելի քան 15 միլիոն բնակչությամբ Ստամբուլի աշխարհագրական կենտրոնում և թույլ է տալիս թուրք առաջնորդին իր մշտական պատմական հետքը թողնել քաղաքի վրա: 1994թ. Ստամբուլի քաղաքապետ ընտրված մարդու համար դա արտառոց վերելք է։ Դարեր շարունակ Սուլեյման Փառահեղի կայսերական փառքն ազդարարող «Սուլեյմանի մզկիթի» գմբեթը, որը գտնվում է 53 մ բարձրության վրա, սավառնում էր Ստամբուլի ուրվագծի վրա և գերիշխում քաղաքի երկնքի մյուս մզկիթների վրա՝ ներառյալ Սուրբ Սոֆիան ու Կապույտ մզկիթը։ Սուլեյման Փառահեղն այս մզկիթը կառուցել է 16-րդ դարում՝ Օսմանյան կայսրության հզորության գագաթնակետին: Տարիներ առաջ, երբ ես զբոսավար էի աշխատում, զբոսաշրջիկներին մշտապես տանում էի Ստամբուլի մզկիթներ։ Այդ ժամանակ ես կարծում էի, որ Սուլեյմանի մզկիթին համապատասխան շինություն երբեք չի կարող կառուցվել Ստամբուլում: Սակայն Չամլըջան ավելի բարձր է։ Ես վերադարձա Վաշինգտոն՝ մտածելով, որ Էրդողանը գերազանցեց անգամ Սուլեյմանին»։
Չամլըջայի մզկիթն ի ցույց է դնում Էրդողանի վիթխարի քաղաքական տեսլականը։ Այն նման մասշտաբի առաջին մզկիթն է Ստամբուլում, որն Օսմանյան կայսրության փլուզումից հետո ԹՀ-ում պաշտոնապես հովանավորվել է թուրք առաջնորդի կողմից։ Այդ մզկիթը, որն արդեն իսկ ոչ պաշտոնապես անվանում են «Էրդողանի մզկիթ», համապատասխանում է Էրդողանի «Նոր Թուրքիայի» տեսլականին։ Այդ տեսլականի մեջ է տեղավորվում նաև 2017-2021թթ. Թաքսիմի մզկիթի կառուցումը, որն ունի 2 մինարեթ և նախատեսված է 3000 հավատացյալի համար։ Թաքսիմում մզկիթ ցանկացել են կառուցել Թուրգութ Օզալը՝ 1980-ականներին և Նեջմեթթին Էրբաքանը՝ 1996թ., սակայն միայն Էրդողանին հաջողվեց մզկիթ կառուցել քեմալականների սրտում (Թաքսիմ հրապարակում)՝ կատարելով Օզալի ու Էրբաքանի երազանքը։ Եվ վերջապես, 2020թ. հուլիսին Էրդողանը մզկիթի վերածեց թանգարանի կարգավիճակ ունեցող Սուրբ Սոֆիան՝ ի ցույց դնելով Թուրքիայի քաղաքական իսլամիստական վերափոխումը։ Մինչդեռ Սուրբ Սոֆիան թանգարանի վերածելով՝ Աթաթուրքը հասկացնել էր տվել կրոնը քաղաքականությունից հեռացնելու իր ցանկությունը։ Ի դեպ, 2020թ. հուլիսի 24-ին Ա. Էրբաշը, Սուրբ Սոֆիայում 86-ամյա ընդմիջումից հետո կատարելով առաջին նամազը՝ սուրը ձեռքին, նզովեց Աթաթուրքին՝ առանց նրա անունն ուղիղ հիշատակելու։ Նա մասնավորապես հայտարարեց, որ իսլամական ունեցվածքն անձեռնմխելի է, և նա, ով կդիպչի նրան, կնզովվի ու կայրվի։ Այդ ժամանակ Թուրքիայում աղմուկի պատճառ դարձավ այն, որ Էրբաշը քարոզը կարդում էր սուրը ձեռքին։ Օրեր անց նա պարզաբանեց, որ 481 տարի ուրբաթօրյա քարոզները մզկիթներում արվել են սուրը ձեռքներին, ինչը նվաճումների խորհրդանիշ է։ Նա հույս հայտնեց, որ Ալլահի թույլտվությամբ կվերականգնեն տվյալ ավանդույթը։
Ս. Չաղափթայն ընդգծում է, որ Չամլըջայի, Թաքսիմի ու Սուրբ Սոֆիայի մզկիթները կազմում են Ստամբուլում «Էրդողանի մզկիթների եռյակը» և անկախ նրանից, թե ինչ կլինի Էրդողանի հետագա ճակատագիրը՝ ակնհայտ է, որ Ստամբուլում «Էրդողանի երեք մզկիթների» երկրպագուներն ու այցելուները մշտապես նրան կհիշեն որպես վերջին 100 տարում ԹՀ ամենահետևողական առաջնորդի՝ տեսքով նախագահ, բայց հոգով սուլթան:
Մեր կարծիքով՝ Ստամբուլում «էրդողանական մզկիթների» այս եռյակը որոշ առումով կարող է հիշեցնել և անգամ հակադրվել իսլամի 3 գլխավոր սրբավայրերին՝ «Ալ-Հարամ» (Մեքքա), «Նաբավի» (Մեդինա), «Ալ-Աքսա» (Երուսաղեմ)։ Էրդողանը ծրագրել է միավորել ողջ մուսուլմանական աշխարհն «Ասրիկա» (Ասիա-Աֆրիկա) նախագծի ներքո և Ստամբուլը դարձնել հետմոդեռնիստական այդ խալիֆայության կենտրոն։ Չենք բացառում, որ Էրդողանի կրոնական համոզմունքները թույլ չեն տվել Չամլըջայի մզկիթի համար նաև 7-րդ մինարեթը կառուցելը, որով ի ցույց կդրվեր, որ այն չի զիջում անգամ Մեքքայի մզկիթին, որն աշխարհում միակ մզկիթն է 7 մինարեթով (ի դեպ, սկզբում այն ուներ 6 մինարեթ, բայց երբ Ստամբուլում կառուցվեց 6 մինարեթով Կապույտ մզկիթը, Մեքքայի մզկիթին հավելվեց ևս մեկ մինարեթ)։
2.8 Metropoll-ի հարցումներն ու Z սերունդը – Վերոնշյալն այդպիսով վկայում է, որ Էրդողանը բավական լուրջ հաջողություններ է գրանցել կրոնական/կրթական ոլորտում։ Ամեն դեպքում նրան չի հաջողվում մեծապես «կրոնականացնել» («իսլամականացնել») մարդկանց, ինչի մասին վկայում են Metropoll ընկերության վերջին հարցումները։ 2021թ. հոկտեմբերին Metropoll-ը հրապարակեց սեպտեմբերյան հարցախույզի արդյունքները, որի մասնակիցների 69%-ը կողմ է արտահայտվել լաիցիզմի պահպանմանը (պետական ու կրոնական գործերի տարանջատմանը)՝ գտնելով, որ այն անհրաժեշտ է Թուրքիայի համար։ Ընդ որում, լաիցիզմի պահպանմանը կողմ է արտահայտվել ԱԶԿ-ի ընտրողների 56%-ը, ԺՀԿ-ի ընտրողների 84%-ը, ԼԿ-ի ընտրողների 78.6%-ը, ԱՇԿ-ի ընտրողների 76.7%-ը, քրդամետ ԺԴԿ-ի ընտրողների 72.8%-ը։ Լաիցիզմի վերացմանն ամենաշատը կողմ է ԱԶԿ-ի ընտրազանգվածը՝ 37.4%, ապա գալիս են ԺԴԿ-ը՝ 24.2%, ԱՇԿ-ը՝ 20.7%, ԼԿ-ը՝ 17.4%, ԺՀԿ-ը՝ 13.13%։ Բացի այդ հարցախույզի մասնակիցների 85%-ը դեմ է արտահայտվել քաղաքականության մեջ կրոնն օգտագործելուն։ Ուշագրավ է, որ ԱԶԿ-ի ընտրազանգվածում այդ ցուցանիշը կազմել է 75%։ ԱՇԿ-ի ցուցանիշը կազմել է 82%, ԼԿ-ինը՝ 89%, ժՀԿ-ինը՝ 93%։ Metropoll-ի այս և նմանատիպ այլ հարցումները ցույց են տալիս, որ թեև Էրդողանին հաջողվել է փոխել կրթական համակարգը, մեծացնել Diyanet-ի անձնակազմն ու բյուջեն, մեծացնել մզկիթների, Ղուրանի դասընթացների, IHL-ների ու Աստվածաբանության ֆակուլտետների քանակը, լուծել վերջիններիս շրջանավարտների զբաղվածության խնդիրները, վերացնել հիջաբի արգելքն ամենուր, մեծացնել դեպի Մեքքա ուխտագնացության համար նախատեսված խրախուսական վճարը և այլն, այդուհանդերձ, ԹՀ քաղաքացիների մեծ մասը ցանկանում է լաիցիզմի պահպանում, չի ցանկանում շարիաթի ներդրում, չի «իսլամականացվում» ցանկալի չափով, ինչը վերաբերում է նաև ԱԶԿ-ի ընտրազանգվածին։
Էրդողանը մեծ բարդությունների է բախվել, այսպես կոչված, Z սերնդի հետ, որը թուրքական մամուլի պնդմամբ՝ դառնալու է ԱԶԿ-ի «սարսափ երազը»։ Այս սերնդի մեջ մտնում են 1996թ. (որոշ տվյալներով՝ 2000թ.) և հետո ծնվածները՝ ընդհանուր 9 միլիոն երիտասարդ, որոնցից 7 միլիոնն առաջին անգամ է քվեարկության մասնակցելու 2023թ. (ընտրելու իրավունք ունեցողների ընդհանուր քանակը կազմելու է 65 միլիոն մարդ)։ Z սերունդն այդպիսով լուրջ դեր է խաղալու քվեարկության ժամանակ, սակայն ORC ընկերության հարցումը ցույց է տվել, որ նրա միայն 13%-ն է պատրաստ իր քվեն տալ ԱԶԿ-ի օգտին (ԺՀԿ-ի օգտին՝ 31%-ը)։
Մեր կարծիքով՝ այս պատկերը կարող է ունենալ մի քանի բացատրություն։ Նախ այս սերունդը չի վերապրել ո՛չ 1990-ականների ծանր արհավիրքները, ո՛չ էլ դրան անմիջապես հաջորդած ԱԶԿ-ի կառավարման բարգավաճման տարիները (2000-ականները)։ Ավելի ազատատենչ ու առաջադեմ (թվային տեխնոլոգիաներին մեծ տեղ տվող) համարվող Z սերնդի ներկայացուցիչները չափահաս են դարձել հիմնականում 2016թ. ՌՀՓ-ից հետո, երբ Թուրքիայում շեշտակի աճել են բռնաճնշումները։ Նրանք մեծ հաշվով չեն վստահում երկրի դատական համակարգին, ականատես են տնտեսական իրավիճակի զգալի վատթարացմանը, իշխանական բուրգի կոռուպցիոն սխեմաներին, պոպուլիստական քաղաքականությանը, խոսքի (մամուլ, սոցցանցեր) ազատության ճնշումներին ու սահմանափակումներին, ոստիկանության ու Ժանդարմերիայի սանձարձակություններին, դեմ են երկրի իսլամականացմանը, «իսլամական ուղղվածությամբ» միգրացիոն քաղաքականությանը, համակրում են Արևմուտքին (ժողովրդավարությանը)։ Հենց Z սերունդն էլ կարող է մեծապես նպաստել քաղաքական ասպարեզից Էրդողանի հեռացմանը, ով հուսահատ փորձեր է ձեռնարկում նրանց մի մասին իր կողմ գրավելու համար և այդ համատեքստում շարունակ թվարկում է վերջին 20 տարում ԱԶԿ-ի արած գործերը և դժգոհում, որ Z սերունդը տեղյակ չէ այդ ամենից։
- 3. Արտաքին քաղաքականություն
Քանի որ նախկինում մեր հոդվածներում լայնորեն անդրադարձել ենք ԱԶԿ-ի վարած արտաքին քաղաքականությանը, ուստի այս անգամ կսահմանափակվենք միայն կարճ ամփոփմամբ։ Էրդողանի մտահղացմամբ՝ «Նոր Թուրքիան» իր արտաքին քաղաքական ուղղվածությամբ նույնպես պետք է տարբերվի «Հին Թուրքիայից», ինչը դրսևորվում է նաև Արևմուտքից որոշակի երես թեքելով և դեպի իսլամական աշխարհ (դեպի Արևելք) շրջվելով։ Էրդողանի «Նոր Թուրքիան» այսօր իրենից ներկայացնում է տարածաշրջանային գերտերություն՝ գլոբալ ազդեցության հավակնություններով։
Այդ ամենի հիմքը դրվել է 2000-ականներին, երբ ԱԶԿ-ը վարում էր «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը, ինչը մեծ հաջողություն ունեցավ, ամրապնդեց Էրդողանի թե՛ ներքաղաքական, թե՛ արտաքին քաղաքական դիրքերը (Թուրքիան այդ ժամանակ հայտնի էր որպես մեծ միջնորդ, միջնորդական առաքելություն էր իրականացնում տարածաշրջանային ու արտատարածաշրջանային երկրների/ուժերի միջև)։ Արդյունքում, «զրո խնդիրը» լավ նախադրյալներ ստեղծեց, որպեսզի ԱԶԿ-ը հաջորդ տասնամյակում՝ 2010-ականներին (սկսած ԱԶԿ կառավարման երրորդ ժամանակաշրջանից), սկսի վարել նեոօսմանիզմի քաղաքականություն։ Վերջինս դրսևորվեց նաև «ռազմակայանային քաղաքականությամբ», որի շրջանակներում Թուրքիան իր ռազմական ներկայությունը լեգիտիմ և ապօրինի ձևերով հաստատեց Օսմանյան կայսրության նախկին տարածքներում։ Թուրքական մամուլի պնդմամբ՝ այսօր ԱՄՆ-ից հետո Թուրքիան ունի երկրորդ ամենամեծ ռազմական ներկայությունն աշխարհում, որի մի մասը դրսևորվում է միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցելով, իսկ մյուս մասը՝ ռազմակայաններ հիմնելու/ռազմական ներկայություն հաստատելով (2019թ. Թուրքիան գիտակայան է բացել Անտարկտիկայում)։
Էրդողանի «Նոր Թուրքիան» այսօր հավակնում է նաև «հանուն արդարության պայքարի առաջամարտիկի» դերին, երբ շարունակ խոսում է, որ «ներկայիս աշխարհն անարդար է, և որ ավելի արդար աշխարհը հնարավոր է», որ «աշխարհն ավելի մեծ է, քան 5 երկրները, և որ ՄԱԿ ԱԽ-ը պետք է բարեփոխվի»։ Էրդողանի «Նոր Թուրքիան» այսօր հավակնում է շրջակա ջրատարածություններում գերիշխող ուժ դառնալուն, ինչի համար առաջ է քաշվել «Կապույտ հայրենիք» դոկտրինը։ Էրդողանի «Նոր Թուրքիան» հավակնում է թե՛ Թյուրքական աշխարհի, թե՛ ողջ Իսլամական աշխարհի առաջնորդի դերին, ինչի համար առաջ են քաշվել «Թյուրքական աշխարհի տեսլական – 2040»-ը և «Ասրիկան»։
Էրդողանի «Նոր Թուրքիան» սկզբնական շրջանում աչքի էր ընկնում բավական արդյունավետ «փափուկ ուժի» քաղաքականություն վարելով, իսկ վերջին շրջանում նա չի խուսափում նաև «կոշտ ուժ» գործադրելուց՝ գտնելով, որ միայն «փափուկ ուժի» կիրառումը երբեմն բավարար չի լինում։ «Կոշտ ուժի» կիրառումը հիմնականում սկսվեց 2016թ. ՌՀՓ-ից հետո, ինչից հետո Էրդողանը վարում է «անձնական» արտաքին քաղաքականություն, որը (Սիրիայում, Լիբիայում ու Արցախում ռազմական միջամտություններ, Արևելյան Միջերկրականում թեժացում) առաջին հերթին կոչված է փառքի նոր դափնիներ բերել նրան, ի ցույց դնել «Հին Թուրքիայի» (Աթաթուրքի) հանդեպ իր «Նոր Թուրքիայի» (իր) գերազանցությունը տարբեր ոլորտներում, ամրապնդել ԹՀ պատմության մեջ սեփական խորը հետքը։ Աթաթուրքի ուրվականն այդպիսով Էրդողանին հետապնդում է ամենուրեք՝ ոչ միայն ներքաղաքական, այլև արտաքին քաղաքական և մնացյալ ոլորտներում։
- 4. Ռազմարդյունաբերություն
ԱԶԿ-ի կառավարման գրեթե 20 տարում մեծ զարկ է տրվել ռազմարդյունաբերական ոլորտի զարգացմամը։ Էրդողանը «Նոր Թուրքիա» է կերտում նաև այս ոլորտում։
2002 | 2021 | |
Նախագծեր | 62 | 762 |
Բյուջե, $ միլիարդ | 5.5 | 75 |
Ընկերություն | 56 | 1500 |
Տարեկան շրջանառություն, $ միլիարդ | 1 | 11 |
Ar-Ge բյուջե, $ միլիոն | 49 | 1500 |
Արտաքին կախվածություն, % | 80 | 20 |
Արտահանում, $ միլիոն | 250 | 3200 |
Նշենք, որ վերջին 19 տարում ԹՀ-ում ստեղծվել է 1239 Ar-Ge (հետազոտական-զարգացման) կենտրոն և 79 տեխնոպարկ։ Ներկայումս թուրքական 7 ռազմական ընկերություն ընդգրկված է աշխարհի 100 առաջատարների թվում (5 տարի առաջ 2 ընկերություն էր)։ SIPRI-ի տվյալներով՝ վերջին 5 տարում Թուրքիան զենքի ներկրումը կրճատել է 59%-ով։ Բացի այդ 2015-19թթ. զենքի արտահանումն աճել է 30%-ով՝ նախորդ հնգամյակի հետ համեմատ, և Թուրքիան զենքի արտահանման շուկայում զբաղեցրել է 14-րդ տեղը։ 2016-2020թթ. ցուցանիշներով Թուրքիան արդեն 13-րդն է, իսկ զենքի ներկրման ոլորտում 15-րդ հորիզոնականից նահանջել է 20-րդ հորիզոնական։ Թուրքիային է բաժին ընկնում զենքի համաշխարհային արտահանման 1%-ը։ 2020թ. SIPRI-ն հայտնել է, որ վերջին 10 տարում (2010-2019թթ.) Թուրքիայի ռազմական ծախսերն աճել են 86%-ով՝ հասնելով $20.4 միլիարդի։ Չնայած դրան՝ Թուրքիան ծրագրել է ավելի մեծացնել ռազմական ծախսերը. 2023թ.՝ $25.15 միլիարդ, իսկ 2024թ՝ $26.7 միլիարդ։
2021թ. սեպտեմբերին Թուրքիայի ռազմարդյունաբերության ոլորտի ղեկավար Իսմայիլ Դեմիրը հայտարարել է, որ Թուրքիան ձգտում է ռազմարդյունաբերական համալիրի տարեկան շրջանառության ծավալը հասցնել $27 միլիարդի, իսկ ռազմական արտադրանքի արտահանման ծավալը՝ $10 միլիարդի. «Որքան նվազում է ռազմական արտադրանքի ներկրման մակարդակը, այնքան անկախ է դառնում երկրի արտաքին քաղաքականությունը, այնքան ուժեղանում են բանակցային սեղանի շուրջ Անկարայի դիրքերը։ Դեռ 2002թ. Թուրքիան դասվում էր զենքի ներկրումից մեծապես կախված երկրների շարքին։ Մինչդեռ այսօր Թուրքիան իր ռազմական կարիքների ավելի քան 60%-ն ապահովում է ներքին արտադրության հաշվին»։
Նկատենք, որ ռազմարդյունաբերության ոլորտի զարգացումը Թուրքիային հնարավորություն է տալիս տնտեսել միլիարդավոր դոլարներ։ Այդ զարգացման համար թուրքական կողմը ձեռնարկում է տարատեսակ քայլեր՝ սկսած ուսուցման նպատակով իր կադրերին Արևմուտք ուղարկելուց և օտար մասնագետների բերելուց, վերջացրած զենքերի արտադրման մրցույթներում օտար այն երկրներին և ընկերություններին նախապատվություն տալուց, որոնք պատրաստ են Թուրքիայի հետ լիովին/մասնակի կիսվել տվյալ զենքի արտադրման տեխնոլոգիաներով և սկսել դրա համատեղ արտադրությունը Թուրքիայում։
Թուրքիայի ռազմարդյունաբերության ոլորտի շեշտակի զարգացմանը մեծապես նպաստում է այն, որ Թուրքիան արդեն 70 տարի է, ինչ ՆԱՏՕ-ի անդամ է և դրա շրջանակներում ռազմական վիթխարի օգնություն ու տեխնոլոգիաներ է ստացել Արևմուտքից (ԱՄՆ-ից)։ Թեև թուրքական համարվող բազում զինատեսակներում (ասենք, Bayraktar TB2) կան օտար երկրներում արտադրվող բաղադրիչներ, որ դրանք մաքուր թուրքական չեն, այնուամենայնիվ, թուրքական կողմը սկսում է հաղթահարել նաև նման խնդիրները (օրինակ, Կանադայի կողմից Bayraktar TB2 ԱԹՍ-երի տեսախցիկի վաճառքի արգելքը)։
Աներկբա է, որ ռազմարդյունաբերության ոլորտում Էրդողանի «Նոր Թուրքիան» հսկայական առաջընթաց է գրանցել 21-րդ դարում, ստեղծել է բավական լավ հիմք՝ ռազմական կարիքների զգալի մասը սեփական ռեսուրսներով ապահովելու և զենքի արտահանման ծավալները մոտ ժամանակներս շեշտակի մեծացնելու համար։ Այս ոլորտի զարգացումը մեծապես կախված է ԹՀ-ի ներքին ու արտաքին քաղաքական զարգացումներից, որոնք կարող են ինչպես լրջորեն աջակցել նրան (Սիրիայում, Լիբիայում ու Արցախում ռազմական միջամտություններում թուրքական ԱԹՍ-երի գովազդ և պահանջարկի աճ, Աֆրիկայում, Ասիայում և այլուր մեծ տեմպերով տարվող դրոնային դիվանագիտություն), այնպես էլ լրջորեն խանգարել նրան (2016թ. ՌՀՓ և ռազմական մասշտաբային վերափոխումներ, S-400 համակարգերի գնում և Թուրքիայի ռազմարդյունաբերական ոլորտի վրա ամերիկյան պատժամիջոցների սահմանում)։
Ռազմական-ռազմարդյունաբերական ոլորտում Էրդողանի «Նոր Թուրքիան» պետք է «Հին Թուրքիայից» տարբերվի «կոմանդոս» ջոկատների առատությամբ, ավելի թարմացված ու նոր սերնդի տանկերով (Altay), էլեկտրամագնիսական հրանոթներով, ռազմանավերով, մարտական ինքնաթիռներով (սեփական մշակման հինգերորդ սերնդի TF-X կործանիչ, Hürkuş և Hürjet ուսումնա–մարզական ու թեթև գրոհիչ) և հարվածային ուղղաթիռներով (Atak 2, Gökbey), հրթիռներով, տորպեդներով, ՀՕՊ, ՀՀՊ, ՌԷՊ համակարգերով, սեփական մշակման համարվող խոշոր, միջին ու մինի անօդաչու սարքերով (օդային, ցամաքային ու ծովային), աշխարհում առաջին անօդաչու կործանիչով (MIUS), ավիակիր ունենալով (Anadolu թեթև ավիակիրը շարք կմտնի 2022թ., ապա պետք է կառուցվի Trakya լիարժեք ավիակիրը), նոր սերնդի (օդից կախվածություն չունեցող (Air Independent Propulsion/AIP) սուզանավերով, միջուկային ծրագրով (թերևս միջուկային զենքով), տիեզերական ծրագրով (նախատեսված է 2023թ. տիեզերական սարք ուղարկել Լուսին, ապա ստեղծել տիեզերակայան, տիեզերագնաց ուղարկել տիեզերք, զարգացնել արբանյակային տեխնոլոգիաները և այլն), արհեստական ինտելեկտի (ՀՆԱ-ում դրա մասնաբաժինը հասցնել 5%-ի), կիբեր հայրենիքի ռազմավարություններով և այլն։
Էրդողանի խոսքերով՝ Թուրքիան ծանր դասի ԱԹՍ-ի (Akıncı) արտադրությամբ դարձել է աշխարհի երրորդ երկիրը, իսկ անօդաչու կործանիչի (MIUS) արտադրությամբ կդառնա աշխարհի առաջատարը։ Բացի այդ նա ընդգծել է, որ Anadolu-ն դառնալու է հարվածային ԱԹՍ-ներով (Bayraktar TB3) սպառազինված առաջին ավիակիրն աշխարհում (ծրագրված է Թուրքիայի խոշորագույն ռազմանավ Anadolu-ն սպառազինել նաև MIUS-ով և Atak 2-ի ծովային տարբերակով)։ Էրդողանը նաև շարունակ նշում է, թե աշխարհում մոտ 10 երկիր ունի ավիակիր, և որ Թուրքիան աշխարհի առաջատար 10 երկրների թվում է, որոնք ունակ են նախագծել ու արտադրել սեփական ռազմանավ։
Սակայն կա ևս մեկ կարևոր տարբերակիչ ոլորտ, որին հարկ է անդրադառնալ. 2021թ. օգոստոսի 30-ին Անկարայում տրվեց Ay Yıldız («Կիսալուսին ու աստղ») նախագծի մեկնարկը, որը նախատեսում է պաշտպանական գերատեսչությունների միավորում մեկ համալիրի ներքո (կիսալուսինն ու աստղը խորհրդանշում են Թուրքիայի դրոշը)։ «Թուրքական Պենտագոնի» կառուցումը նախատեսված է ավարտել 2023թ. հոկտեմբերի 29-ին՝ ԹՀ 100-ամյակին։ Համալիրում տեղակայվելու են ՊՆ-ի, ԳՇ-ի, ԶՈՒ զորատեսակների հրամանատարությունների շենքերը։ Դրանցում ծառայելու է 15.000 մարդ։ Համալիրի տարածքը կազմելու է 12.6 միլիոն մ 2 , որից 890.000 մ 2 -ը կազմելու են փակ շինությունները (ՊՆ-ի, ԳՇ-ի, ՑԶ-ի շենքերը՝ 157.000-ական մ 2 , իսկ ՌԾՈՒ-ի ու ՌՕՈՒ-ի շենքերը՝ 151.300-ական մ 2 )։ Օսմանա-թուրքական ճարտարապետական ոճով կառուցվելիք համալիրը պետք է լինի այնքան պաշտպանված, որ ունակ լինի գործել նաև միջուկային պատերազմի դեպքում։
Էրդողանը նշել է, որ «համալիրը կառուցվելու է ամենավերջին տեխնոլոգիաներով, որ Ay Yıldız-ի առաջքաշումը ժամանակի պահանջ է, որ այն կոչված է բարձրացնելու Թուրքիայի իմիջն աշխարհում, ի ցույց դնելու Թուրքիայի ներուժը, ահ և վստահություն ներշնչելու Թուրքիայի թշնամիներին ու բարեկամներին»։ Էրդողանն ակնարկել է, որ պատշաճ չէ Թուրքիայի նման երկրին, որ բարձրաստիճան զինվորականները 21-րդ դարում նստեն հին շենքերում՝ հիշեցնելով, որ Թուրքիայի ԳՇ շենքը կառուցվել է 1930թ., ՑԶ-ի շենքը՝ 1937թ., ՌԾՈՒ-ի ու ՌՕՈՒ-ի հրամանատարությունների համատեղ շենքը՝ 1960թ. (1985թ. ՌՕՈՒ-ի հրամանատարությունը տեղափոխվել է այլ շենք)։
Մեր կարծիքով՝ «Թուրքական Պենտագոնը» կոչված է մեկ տեղում հավաքել ռազմական վերնախավը, ինչը մի կողմից կմեծացնի նրանց միջև կոորդինացիան, սակայն մյուս կողմից էլ կմեծացնի նրանց հանդեպ իշխանությունների վերահսկողությունը՝ նոր ՌՀՓ-ները կանխելու համար. Ay Yıldız համալիրում նույնպես ԳՇ-ի շենքը գտնվելու է ՊՆ-ի հարևանությամբ։ Ուշագրավ է, որ ողջ համալիրը գտնվելու է Անկարայի Եթիմեսգութ շրջանում, որտեղ 2020թ. հունվարին բացվել է MİT-ի նոր շենքը (հին շենքը կառուցվել է 1970-ականներին), որն անվանում են նաև «Ամրոց»՝ 3 մ բարձրությամբ բետոնե պարիսպներով (շենքի տարածքը կազմում է 5 միլիոն մ 2 )։ Էրդողանը, թերևս, փորձելու է MİT-ի միջոցով ավելի շատ իրազեկվել բարձրաստիճան զինվորականների գործողությունների մասին, վերահսկել դրանք և հնարավոր խժդժությունների դեպքում անմիջապես ձեռնարկել կանխարգելիչ քայլեր։
Ay Yıldız-ը կոչված է նաև ի ցույց դնելու պաշտպանական/ռազմական ոլորտում Թուրքիայի ձեռքբերումները, այն կետը, որտեղ Թուրքիան հասել է վերջին շրջանում։ Ay Yıldız-ը կդառնա «Նոր Թուրքիայի» խորհրդանիշներից մեկը։ Թուրքական մամուլի հաղորդմամբ՝ այն դառնալու է ամերիկյան Պենտագոնի մրցակիցը և անգամ ստվերելու է այն։ «Թուրքական Պենտագոնն» իր տարածքով 20 անգամ գերազանցելու է ամերիկյան Պենտագոնը, որը ներկա դրությամբ իր տեսակում խոշորագույնն է աշխարհում։
ԱՄՓՈՓՈՒՄ ՈՒ ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ամփոփելով վերոնշյալը՝ կարող ենք ասել, որ Էրդողանին զգալիորեն հաջողվեց ստեղծել «Նոր Թուրքիա», որը, նրա թիմակիցների խոսքերով, ամենաուժեղն է վերջին 300 տարիների ընթացքում։ Էրդողանի «Նոր Թուրքիան» ավելի ակնառու է դառնում 1990-ականների («Հին») Թուրքիայի հետ համեմատելու խորապատկերին, երբ Թուրքիայում կոալիցիոն կառավարությունները հաջորդում էին միմյանց, գրանցվում էին ֆինանսա-տնտեսական ճգնաժամեր և այլն։ Հենց 1993թ. է Էրդողանը կարծիք հայտնել, որ 70 տարում (1923-1993թթ.) Թուրքիան չի հասել որևէ լուրջ արդյունքի և պարզապես վատնել է այդ ժամանակաշրջանը։ Դրանից ուղիղ 10 տարի անց՝ 2003թ., դառնալով վարչապետ, Էրդողանը ձեռնամուխ եղավ «Նոր Թուրքիայի» կերտմանը և այդպիսով ի ցույց դնելու համար իր տվյալ խոսքերի ճշմարտացիությունը։
Նա անմիջապես սկսեց «Նոր Թուրքիայի» գրոհը, որն ուներ 4 հիմնական ուղղություն։ Դրանցից ամենաարագ և ամենամեծ հաջողություններն արձանագրվեցին տնտեսական ոլորտում, իսկ մնացյալ ոլորտներում գործը դանդաղ էր առաջ գնում, և Էրդողանը հարկադրված էր որոշակի սպասողական կեցվածք որդեգրել։ Ավելին, հենց տնտեսական խոշոր հաջողությունները մեծապես ամրապնդեցին Էրդողանի դիրքերը ԹՀ-ում ու արտերկրում և լավ նախադրյալներ ստեղծեցին մյուս ոլորտներում էլ առաջ ընթանալու համար։
Ժամանակի ընթացքում Էրդողանը ձերբազատվեց երկգլուխ կառավարման պաշտոնական (վերացրեց վարչապետի պաշտոնը) և ոչ պաշտոնական (ձերբազատվեց Ֆեթհուլլահ Գյուլենի ազդեցությունից) ձևերից, անցում կատարեց «մեկ մարդու» ռեժիմի, դարձավ ժողովրդի ուղիղ քվեարկությամբ ընտրված ԹՀ առաջին նախագահը (մինչ այդ խորհրդարանն էր ընտրում երկրի նախագահ), ինչից հետո հայտարարեց, որ «բացառիկ նախագահ է, որ ժողովրդի կողմից ուղիղ ընտրված նախագահը չի կարող ունենալ ներկայացուցչական գործառույթներ և փոխարենը պետք է ունենա (աննախադեպ) լայն լիազորություններ»։ 2016թ. ՌՀՓ-ից հետո Էրդողանը «մեծ մաքրում» անցկացրեց ԶՈՒ-ում՝ թույլ չտալու համար մեկ ուժի (ԳՇ պետ) ձեռքում խոշոր ռեսուրսների կենտրոնացում։
Բացի այդ Էրդողանն Անկարայում՝ Աթաթուրքի անվան անտառի տարածքում, կառուցել տվեց նախագահական նոր նստավայր՝ Ak Saray (Սպիտակ տուն), որը 30 անգամ մեծ է Վաշինգտոնում գտնվող Սպիտակ տնից։ Էրդողանի խոսքերով՝ այն ունի 1150 սենյակ, ինչը, թերևս, խորհրդանշում է 1150թ. Իսլամական քաղաքակրթության երկրորդ վերելքի մեկնարկը. 1149թ. ձախողվել էր Խաչակրաց երկրորդ արշավանքը, ինչում զգալի դեր են խաղացել թե՛ սելջուկ թուրքերը (թյուրքական գործոն), թե՛ Դամասկոսի էմիրը (իսլամական գործոն)։ Ay Yıldız-ի ու Ak Saray-ի օրինակները, թերևս, վկայում են, որ Էրդողանն այդպիսով ցանկանում է ի ցույց դնել «Թուրքիայի (իր) գերազանցությունն ԱՄՆ-ի նկատմամբ» և առավել լայն իմաստով՝ «մուսուլմանական աշխարհի առավելությունը քրիստոնեական աշխարհի» (արևմտյան քաղաքակրթության) նկատմամբ։
Էրդողանի ջանքերը միտված են նաև 2023թ. Աթաթուրքի «Հին Թուրքիայի» 100-ամյակն իր «Նոր Թուրքիայի» ծննդով ստվերելու, քեմալական տոնն իսլամիստական տոնով փոխարինելուն։ Դա նշանակում է, որ 2023թ. նշանակված Թուրքիայի խորհրդարանական ու նախագահական ընտրություններում հաղթելն Էրդողանի համար նշանակելու են ոչ միայն սոսկ պաշտոնավարման շարունակում, այլ իր «Նոր Թուրքիայի» ծննդյան մասին ազդարարման մասին հնարավորության ստացում, որը բազմաթիվ ոլորտներում կտարբերվի Աթաթուրքի «Հին Թուրքիայից»։ Էրդողանն այդպիսով գալիք ընտրություններում կշեռքի նժարի վրա է դնելու նաև իր «Նոր Թուրքիան»։ Նա քաջ գիտակցում է, որ այդ ընտրություններում չհաղթելու դեպքում իշխանության ղեկին է հայտնվելու քեմալական ԺՀԿ-ի գլխավորած դաշինքը, որն անմիջապես սկսելու է ապամոնտաժել իր «Նոր Թուրքիան»։ Ինչպես Էրդողանն է «Աթաթուրքի գործիքներով» ապամոնտաժել Աթաթուրքի ժառանգությունը, այնպես էլ Աթաթուրքի հիմնած ԺՀԿ-ն է «Էրդողանի գործիքներով» ապամոնտաժելու նրա ժառանգությունը (կփոխի կրթական համակարգը, կվերագործարկի հիջաբի արգելքը, IHL-ների շրջանավարտները վերստին կսկսեն խնդիրների բախվել բուհեր դիմելու հարցում, էապես կսահմանափակի Diyanet-ի բյուջեն, կկրճատի նրա անձնակազմը, վերադարձ կկատարի կառավարման խորհրդարանական համակարգին, Թուրքիան արևելքից կշրջի դեպի արևմուտք և այլն)։
Ամեն դեպքում Էրդողանին արդեն հաջողվել է սեփական խորը և մնայուն հետքը թողնել ԹՀ պատմության մեջ։ Քաղաքական ասպարեզից հեռանալու դեպքում դեռ երկար տարիներ կգործեն նրա կառուցած ենթակառուցվածքները՝ մեգանախագծերը, մզկիթները և այլն։ Դժվար է կարծել, թե հետէրդողանական ժամանակաշրջանում կկարողանան վերացնել/վերափոխել նրա կառուցած մզկիթները, ասենք Չամլըջայի մզկիթը և այլն։ Էրդողանն այդպիսով անմահացրել է իր անունը ԹՀ պատմության մեջ, ինչը, սակայն, թերևս բավարար չէ նրա համար։ Էրդողանի գերնպատակն իշխանության ղեկին ցմահ մնալն է (առողջական վիճակի բավարար լինելու դեպքում)։ Դրան նրան մղում է ոչ միայն «Նոր Թուրքիա» ստեղծելու ուղղությամբ երկու տասնամյակ գործադրած ջանքերը և իրենից հետո այն ապամոնտաժվելու լրջագույն (թերևս կասկած չհարուցող) վտանգը, այլև այն, թե պատմության մեջ ինչպես են հիշելու իր պաշտոնավարման ավարտը։ Էրդողանը գիտակցում է, որ եթե գալիք ընտրություններում չառաջադրի իր թեկնածությունը, ապա դա կնշանակի ԱԶԿ-ի ձախողում (թուրքական մամուլի պնդմամբ՝ առանց Էրդողանի, ԱԶԿ-ի վարկանիշը կազմում է միայն 20%)։ Իր համար հետնորդ չպատրաստած Էրդողանն այդպիսով ինչ-որ առումով հարկադրված է վերստին առաջադրել սեփական թեկնածությունը, ինչը նրա համար պարունակում է որոշակի ռիսկ՝ այդ ընտրություններում չհաղթելու համար (թուրքական մամուլը վերջերս պարզապես հեղեղված է ԱԶԿ-ի ու անձամբ Էրդողանի վարկանիշի անկման և ընդդիմադիր դաշինքի ու ընդդիմադիր առաջնորդների վարկանիշի բարձրացման մասին լուրերով ու սոցհարցումներով)։ Ամեն դեպքում Էրդողանը փաստացի չի կարող թույլ տալ չհաղթել գալիք ընտրություններում։ Ինչո՞ւ.
ա) Խաչ կքաշվի նրա «Նոր Թուրքիայի» վրա, որն արագորեն ու զգալիորեն կապամոնտաժվի և ավելի քիչ կգոյատևի, քան Աթաթուրքից հետո գոյատևել է «Հին Թուրքիան»։ Էրդողանը, թերևս, գիտակցում է, որ անգամ ներկայիս թիմակիցներն իր իսլամիստական գծի մեջ չեն (կամ գծի մեջ են հարկադրաբար)։ Էրդողանի փոխարինողների թվում հաճախ են շոշափվում ԹՀ ՊՆ նախարար (նախկին ԳՇ պետ) Հուլուսի Աքարի, MIT-ի ղեկավար Հաքան Ֆիդանի, ՆԳՆ ղեկավար Սուլեյման Սոյլուի, ինչպես նաև Էրդողանի փեսա Սելչուք Բայրաքթարի անունները։ Սակայն նրանցից որևէ մեկին, հազիվ թե, կարելի է որակել որպես «իսլամի ջատագով» և անգամ ընդհակառակը (արևմտյան վեկտորի համակիրներ)։
բ) Էրդողանը պատմության մեջ կմտնի թեկուզև ընտրական ճանապարհով գահընկեց արված Թուրքիայի առաջնորդ, ինչը խիստ անցանկալի է նրա համար, եթե չասենք «քաղաքական ինքնասպանություն»։ Նրա մոտեցումը ենթադրաբար հետևյալն է՝ «Սուլթանը պետք է կառավարի ցմահ»։ Անկախ ամեն ինչից, Էրդողանը պարզապես իրավունք չունի ասպարեզը լքել պարտված՝ լինի դա ընտրություններով, ռազմական կամ պալատական հեղաշրջմամբ, կամ էլ որևէ այլ տարբերակով։ Նա ամեն կերպ ձգտում է պաշտոնավարման ավարտի հարցում խուսափել Աբդուլ Համիդ 2-րդի ճակատագրին արժանանալուց։
գ) Էրդողանի համար, թերևս, անկասկած է, որ ընտրություններում տանուլ տալու դեպքում դառնալու է դատարանի առջև կանգնած Թուրքիայի երկրորդ նախագահ (Ք. Էվրենից հետո, ում չի ընտրել ո՛չ խորհրդարանը, ո՛չ էլ ժողովուրդը)։ Եվ եթե Ք. Էվրենը դատարանի առջև է կանգնել 1980թ. ռազմական հեղաշրջում անելու, ապա Էրդողանը դատարանի առջև կարող է կանգնել առնվազն բազմաթիվ մեքենայությունների, կոռուպցիոն գործունեություն ծավալելու համար (ԹՀ-ի մեգանախագծերը և ընդհանրապես շինարարական այլ նախագծերը, թուրքական լիրայի շեշտակի տատանումները, արտերկրում ապօրինի գործունեությունը (ԻՊ-ից նավթ գնել, Սիրիայի թալան, Լիբիայում մութ գործարքներ) զգալիորեն հարստացրել են նրա ընտանիքին և շրջապատին)։ Էրդողանը կարող է դատվել նաև պետական դավաճանության համար։
Այս 3 կետը հստակ վկայում են, որ Էրդողանը «պարզապես դատապարտված» է հաղթելու գալիք ընտրություններում՝ լինեն դրանք արտահերթ, թե ոչ արտահերթ, լինի դա օրինական, թե ապօրինի մեթոդներով։ Գալիք ընտրություններն Էրդողանի համար դառնալու են «կենաց ու մահու պայքար», այդ թվում նաև իր «Նոր Թուրքիայի» ստեղծումն ազդարարելու կտրվածքով։
Հայկ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
ՄԱՀՀԻ փորձագետ, թուրքագետ
Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա) քաղաքագիտության ինստիտուտի ասպիրանտ-հետազոտող
«Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)
Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)