Անցյալ տարի 88 երեխա խնամվել է խնամատար ընտանիքներում: Այս երեխաները հայտնվել են դժվարին իրավիճակում, եւ հնարավորություն չունենալով իրենց կենսաբանական ընտանիքներում խնամք ստանալու՝ հանձնվել են խնամատար ընտանիքներին: Այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Հովհաննիսյանը հայտնեց, որ 2018-ի համեմատությամբ, երբ խնամատար ընտանիքներում խնամվել է 17 երեխա, տարեցտարի այդ ընտանիքների թիվն ավելացել է, ինչը դրական միտում է: Այսինքն՝ առանց ծնողական խնամքի մնացած ավելի շատ երեխա է թեկուզ այլ, բայց ընտանիք վերադարձել: 2019 թ.-ին 50 երեխաներ են խնամվել խնամատար ընտանիքներում, 2020-ին՝ 78 երեխաներ:
Ըստ նախարարության պաշտոնյայի՝ մեկ այլ դրական ցուցանիշ էլ կա. ավելացել է այն խնամատար ընտանիքների թիվը, որոնք ծանր հաշմանդամություն ունեցող երեխաներ են վերցրել խնամքի: 2018-ին ընդամենը երկու ընտանիք է այդ քայլին գնացել, 2021-ին՝ 7 ընտանիք է իր խնամքի տակ վերցրել առողջական լուրջ խնդիրներով երեխաների:
Անահիտ Հովհաննիսյանի խոսքով, խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդրումը եւ զարգացումը նպատակ ունի աստիճանաբար կրճատել մանկատներում խնամվող երեխաների թիվը եւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքը կազմակերպել ընտանիքներում:
Հայաստանի բոլոր մարզերում, բացի Վայոց ձորից, եղել են ընտանիքներ, որոնք ցանկություն են հայտնել դառնալ խնամատար ընտանիք: Անահիտ Հովհաննիսյանը չի բացառում, որ այդ մարզի բացառությունը կարող է կապված լինել մտածողության հետ: Նախարարության պաշտոնյան կարեւոր է համարում, որ խնամատար ընտանիքներ լինեն բոլոր մարզերում, որպեսզի դժվարին իրավիճակում հայտնված երեխային ստիպված չլինեն տեղափոխել այլ՝ երեխային անծանոթ բնակավայր եւ նրա խնամքը կազմակերպեն նրան հարազատ մարզում: Ասաց նաեւ, որ ամենաակտիվը խնամատար ծնող դառնալու հարցում Լոռու մարզն ու Երեւանն են:
Կարդացեք նաև
Նախարարության պաշտոնյայի խոսքով, այս պահին կան օրենսդրական խնդիրներ, որոնք խոչընդոտ են հանդիսանում՝ ավելի շատ երեխաների՝ խնամատար ընտանիքներում խնամվելու գործընթացին. «Այս պահին Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը մշակվում է, որտեղ խնամատարության լավարկման մեխանիզմներ են առաջարկվում»: Ըստ տիկին Հովհաննիսյանի՝ մասնավորապես՝ գործող օրենսդրությամբ, խնամատար ծնողների եւ երեխայի տարիքային տարբերությունը պետք է լինի 18 տարուց ոչ պակաս եւ 50 տարուց ոչ ավելի, իսկ խնամատար ծնողի առավելագույն տարիքը՝ 55 տարեկան. «Բազմաթիվ են այն անձինք, որոնք դիմում են նախարարություն, մարզպետարաններ, Երեւանի քաղաքապետարան՝ ցանկանալով ստանձնել երեխայի խնամատարություն, բայց երեխայի տարիքային շեմը չի համապատասխանում: Ցանկանում ենք խնամատար ծնողի տարիքային շեմը բարձրացնել՝ հասցնելով 65 տարեկանի»:
Խնամատար ծնող դառնալ ցանկացող անձինք, մինչ երեխայի խնամքը ստանձնելն անցնում են վերապատրաստման դասընթացներ: Պաշտոնյայի խոսքով, սակայն մեկ-երկու դեպք ունեցել են, երբ երեխայի եւ ծնողի հոգեբանական կապն այդպես էլ չի ստացվել:
Երեխաների հիմնահարցերի բաժնի պետը նաեւ ասաց, որ այս պահին խնամքի ցերեկային կենտրոններում մոտ 600 երեխայի խնամք է կազմակերպվում: Այդպիսի պետական 6 հաստատություն կա, որոնք բաշխված են մարզերում:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ