«Քաղաքական բանտարկյալներ ունեցել ենք միշտ, բոլոր իշխանությունների օրոք, բայց այս իշխանության օրոք քաղաքական բանտարկյալները հասել են դատական իշխանություն, և սա աննախադեպ է»,- ի պաշտպանություն Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի բողոքի ցույցի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ առաջին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ներկայիս իրավիճակը Րաֆֆի Հովհաննիսյանն այսպես ձևակերպեց. «Դատական իշխանության միջոցով դատական իշխանությունը դարձել է քաղաքական բանտարկյալ: Այսօր Առուշանյանի դատն է, և այս դատավորի ձեռքում առանցքային, շատ կարևոր որոշում է, թե ինչպես է ընթանալու քաղաքական բանտարկյալների ընթացքը: Գիտեք, թե անցյալում ինքն ինչ որոշումներ է կայացրել, վաղը կիմանանք՝ ինքն ունի՞ այդ վճռականությունը, այդ դատական անկախությունը ճշգրիտ, անկախ որոշում կայացնելու, թե՝ ոչ»:
Րաֆֆի Հովհաննիսյանի համար ակնհայտ է, որ Առուշանյանը քաղբանտարկյալ է: Նա շարունակեց. «Ինքը գտնվում է մինչդատական վարույթում, անմեղության տիրույթում, և եթե դատախազներն ունեն փաստեր, թող իրենք դատավարության միջոցով ներկայացնեն և փորձեն փաստել իրենց մեղադրանքները և թույլ տան, որ ընտրված քաղաքապետը ծառայի իր համայնքին, և այնպես լինի, որ ՀՀ-ն չունենա հավելյալ քաղաքական բանտարկյալներ»:
Րաֆֆի Հովհաննիսյանի համոզմամբ՝ այն անձինք, որոնք ՀՀ-ում եկան իշխանության ժողովրդավարական կարգախոսներով, նաև իրենց ձեռամբ, իրենց քաղաքական որոշումներով, հարվածներով ապահովում են մեր երկրի համար քաղաքական բանտարկյալներ:
Կարդացեք նաև
Հարցին՝ ինչո՞ւ են միջազգային կառույցները լուռ այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է ՀՀ-ում, Րաֆֆի Հովհաննիսյանը պատասխանեց. «Միջազգային հանրությունը, եվրոպական կառույցները միշտ էլ փորձել են աշխատել ՀՀ-ի հերթափոխ իշխանությունների հետ, փորձել են աշխատել, երբ եղել են ընտրությունների կեղծիքներ, մարդու իրավունքների խախտումներ: Դա եվրոպական կառույցների նաև երկակի ստանդարտների կիրառման սովորույթն է: Պիտի աշխատենք, որ ՀՀ-ում ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, իրավունքի իշխանությունը կայանա: Մենք եղել ենք բռնապետության վտանգի տակ և գնում ենք այդ ուղղությամբ, եթե միասին չկանգնենք դրա առաջ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ