Երեւանի ավագանու այսօրվա նիստում փոխքաղաքապետեր ընտրվեցին առողջապահության արդեն նախկին փոխնախարար Գեւորգ Սիմոնյանը, արդարադատության նախկին փոխնախարար Սուրեն Գրիգորյանը եւ «ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Մաչյանը։
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ասաց՝ այս փոխքաղաքապետերին ընտրում են` հաշվի առնելով նրանց անցած ճանապարհը։ Ստեփան Մաչյանը վերահսկելու է քաղաքապետարանի քաղաքաշինության ոլորտը, Սուրեն Գրիգորյանը՝ իրավական, առեւտրի, գովազդի ոլորտները, իսկ Գեւորգ Սիմոնյանը վերահսկելու է առողջապահության եւ սպորտի ոլորտները։
Գեւորգ Սիմոնյանն իր ելույթում ներկայացրեց իր կենսագրությունը, այնուհետ «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի դիտարկմանն ի պատասխան` ասաց, որ չի կիսում առողջապահության նախարարության հասցեին հնչեցրած քննադատությունը։
Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ ասաց, որ տարիների ընթացքում սպորտի ոլորտը քաղաքապետարանում բարձիթողի վիճակում է եղել․ «Մենք ունենք տարբեր ՓԲԸ-ներ, որոնք անհասկանալի ինչ-որ տարածքներ են վարձակալում, տարբեր անհասկանալի մարզումներ են իրականացնում։ Խայտառակ վիճակում է գտնվում սպորտի բաժինը․ դրա համար սպորտը Երեւանի քաղաքապետարանում ընդհանրապես չի դիտարկվել»։
Կարդացեք նաև
Սուրեն Գրիգորյանի նշանակման մասին էլ քաղաքապետն ասաց, որ այն թույլ կտա համալիր բարեփոխումներ իրականացնել գովազդի ոլորտում, առաջնահերթ են առեւտրի եւ գովազդի ոլորտները, որոնք պետք է համակարգի Գրիգորյանը։ Քաղաքապետի խոսքով՝ առեւտրի եւ գովազդի ոլորտներն էլ տարիներով բարձիթողի վիճակում են գտնվել․ «Իմ հանձնարարականն է լինելու, որ սկսենք աշխատել Երեւան քաղաքի մասին օրենքում փոփոխություն իրականացնենք»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ