«Ես դատապարտում եմ։ Հարցը դա չի։ Ընդդիմության դատապարտելով հարց չի լուծվի։ Դատապարտողը պետք է լինի պետությունը»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Հիշեցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում ասել էր, թե Բելառուսի և Ռուսաստանի միութենական պետությանը կարող են միանալ հետխորհրդային տարածության նաև այլ հանրապետություններ, և մեծ հավանականությամբ՝ Հայաստանը, որովհետև «ոչ մեկին պետք չէ»:
Արմեն Ռուստամյանը շեշտեց, որ պետությունը կոնկրետ քաղաքական ուժ է ներկայացնում․ «Այդ քաղաքական ուժի ղեկավարն է պարտավոր բոլոր հարաբերություններն այնպես տանել, որ այսպիսի նսեմացած, նվաստացած վիճակում չլինենք, որ մեր հետ նման քամահրանքով չխոսեն»։
Կարդացեք նաև
Նկատառմանն ի պատասխան, որ ընդդիմությունը եւս պետությանն է ներկայացնում, Արմեն Ռուստամյանն ասաց․ «Ընդդիմությունը ներկայացնում է պետությունը՝ քննադատելով իշխանություններին։ Սա ասում եմ ոչ թե լավ կյանքից ելնելով, այլ որովհետեւ այս իշխանության թեթեւ ձեռքով հայտնվել ենք այս վիճակում։ Սա է ընդդիմության ասածը։ Բայց կա պաշտոնական տեսակետ, որն ընդդիմությունը չէ, որ արտահայտում է»։
Լրագրողները հիշեցրին, որ 2018թ․-ին Բելառուսի նախագահը Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովի հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ Հայաստանը գլխավորում է ԵԱՏՄ-ն ու ՀԱՊԿ-ը, եւ դա շատ մեծ բեռ է անցումային շրջանում գտնվող երկրի համար, իսկ Նիկոլ Փաշինյանը պատասխանել էր, որ բացատրություն է պահանջելու Բելառուսի նախագահից։ Արմեն Ռուստամյանը նշեց․ «Դե թող պատասխանատվության կանչի, հայտարարությամբ հանդես գա եւ դրան ադեկվատ պատասխան տա, մենք չենք լսել ադեկվատ պատասխան։ Լուկաշենկոյի ասածը հլը մեղմ էր։ Բա Ալիեւի՞ ասածները։ Պատասխան լսե՞լ եք»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ