Լրահոս
Օրվա լրահոսը

Իզաբելլա Աբգարյան․ «Այս դահլիճում կան մարդիկ, որոնք հղի չեն եղել եւ փորում սեփական օրգաններից բացի` ոչինչ չեն կրել, բայց չէին գալիս նիստերին»

Փետրվար 08,2022 14:17

«Այս դահլիճում կան մարդիկ, որոնք հղի չեն եղել եւ փորում սեփական օրգաններից բացի՝ ոչինչ չեն կրել, բայց չէին գալիս նիստերին, եւ ի տարբերություն նրանց, տիկին Մխոյանը ակտիվ մասնակցություն է ունեցել քաղաքապետարանի այլ նախագծերում, երբ դրա հնարավորությունը ունեցել է։ Ուստի ինքս համարում եմ, որ դա քաղաքական վրեժխնդրություն է եւ կանանց իրավունքների խախտում»,-այսօր Երեւանի ավագանու նիստում «Իմ քայլից» Լուսինե Մխոյանին ավագանու անդամի մանդատից զրկելու որոշման նախագծի քննարկման ժամանակ ասաց ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանը։

Հիշեցնենք, որ Լուսինե Մխոյանը գտնվում է ֆիզարձակուրդում, եւ ավագանու նիստերից նրա բացակայությունները հատել են օրենքով սահմանված թույլատրելի սահմանը, ինչն էլ, ըստ նախագծի հեղինակների՝ հիմք է եղել այս որոշման համար։

Նշենք, որ Լուսինե Մխոյանը հայտարարել էր, որ ինքը չի միացել Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու «Իմ քայլի» նախաձեռնած ստորագրահավաքին։

Իզաբելլա Աբգարյանն իր ելույթում հիշատակեց այսօրվա նիստում հայտարարված ավագանու անդամի մանդատը վայր դրած կանանց, ասելով՝ նրանք բովանդակություն էին բերել ավագանուն․ «Իմ քայլից» շատերն էլ, կարծում եմ, ցավով են ընդունում, որ նրանք այլեւս ավագանու անդամ չեն, որովհետեւ, երեւի, նրանց աշխատանքային մթնոլորտն այսուհետ համատեղելի չէր այստեղ հանգիստ աշխատելու համար՝ Լիլիթ Պիպոյան, Գայանե Վարդանյան, Օվսաննա Հովսեփյան։ Գայանե Մելքոմ-Մելքոմյանի՝ փոխքաղաքապետի հրաժարականը մեծ ցավ էր ինձ համար։ Իսկ փոխքաղաքապետի բոլոր թեկնածուները տղամարդիկ են։ Կարճ տեւեց կին փոխքաղաքապետի աշխատանքը։ Կոչ եմ անում քաղաքականության մեջ չանցնել շեմը եւ չդիպչել մայրերին, կանանց իրավունքներին եւ ստեղծել հնարավորություն մայրանալուց հետո աշխատելու համար»։

City Council session took place at the Municipality of Yerevan

«Լույս» խմբակցությունից Դավիթ Խաժակյանն ասաց, Լուսինե Մխոյանի ֆիզարձակուրդում գտնվելու հանգամանքը շահարկվում է, եւ տեղին չէ նշել այդ հանգամանքը, եթե նա ցանկություն ունենար մասնակցելու նիստերին՝ նա կգար։

ԲՀԿ-ից Միքայել Մանրիկյանն էլ ասաց, որ նման մոտեցում պետք է կիրառել ավագանու նիստերից բացակայող մյուս անդամների նկատմամբ եւս։ ԲՀԿ-ն նախագծին դեմ քվեարկեց, եւ կոչ արեց «Իմ քայլին» երկակի մոտեցումներ չկիրառել, եթե օրենքով է սահմանված, ուրեմն հավասար բոլորի դեպքում պետք է կիրառել։

City Council session took place at the Municipality of Yerevan

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն էլ՝ արձագանքելով Իզաբելլա Աբգարյանին, ասաց․ «Չի կարելի իրավունքների ժամանակ բարձրաձայնել հավասարություն, իսկ պատասխանատվության ժամանակ, ասել՝ գիտեք, մենք կին եք»։

Գալջյանը շարունակելով ասաց՝ այն, կանայք, որոնց նշեց Աբգարյանը, շատ հարգված էին․ «Բայց, ի տարբերություն ձեզ, իրենք այլ կերպ վարվեցին՝ մանդատները վայր դրեցին։ Դա հարգանքի արժանի մոտեցում է»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28