Քիչ առաջ ավարտվեց Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի գործով դատական նիստը, (նախագահող դատավոր Ռուբիկ Մխիթարյան) որի ընթացքում տեղի ունեցավ Առուշ Առուշանյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ Առուշանյանի փաստաբանների բողոքի քննությունը։
Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ: Առուշ Առուշանյանի կալանքի հարցով դատարանը որոշումը կհրապարակի վաղը՝ փետրվարի 9-ին՝ ժամը 09.40-ին:
Դատական նիստերի դահլիճում Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ դիմելով նախագահող դատավորին ասաց. «Դուք այն իրավիճակում եք գտնվում, որ պետք է այս գործով խափանման միջոցի հետ կապված որոշում կայացնեք, ինչը կատարել էր Բորիս Բախշիյանը մեկ այլ գործով: Արդյոք Բորիս Բախշիյանի օրինակը չի՞ կաշկանդում, չի՞ վախեցնում Ձեզ այս գործով նման որոշում կայացնել»:
Նախագահող դատավորը պատասխանեց. «Որևէ ներքին վախեր, ճնշումներ չեն կարող լինել իմ նկատմամբ»:
Կարդացեք նաև
Առուշ Առուշանյանի պաշտպան Արմեն Պետրոսյանը հայտնեց, թե ինչու դատական նիստին ներկա չէ Առուշ Առուշանյանը. «Առուշ Առուշանյանին Երևան քրեակատարողական հիմնարկից Գորիս են տեղափոխել երեկ: Մինչև ժամը յոթը նիստ ենք արել, որից հետո մի քանի գործով Առուշ Առուշանյանին հարցաքննել են, հետո տեղափոխել են: Այս ընթացքում Առուշանյանի առողջական վիճակի վատթարացում է եղել, ուստի չի կարողացել ներկա գտնվել նիստին»:
Էրիկ Ալեքսանյանը դատարանի դահլիճում հիմնավորեց, թե ինչու չի կարող Առուշ Առուշանյանը ճնշում գործադրել վկաների նկատմամբ, եթե նրա խափանման միջոց կալանքը փոխվի և նա ազատ արձակվի. «Այն վեց քաղաքացիները, որոնք գործով անցնում են, իրենց ցուցմունքներում նշում են, որ այո, նախկինում էլ են եղել դեպքեր, որ Առուշ Առուշանյանին դիմել են ֆինանսական օգնություն ստանալու համար: Եվ անխտիր ստացել են: Բոլոր վկաները հայտնել են, որ Առուշ Առուշանյանի հետ հանդիպման ժամանակ այլ խոսակցություն չեն ունեցել վերջինիս հետ, որ նա ակնարկ էլ չի կատարել, որ այդ օգնությունները տրվում են, որ մասնակցեն որևէ ուժի կողմից կազմակերպված հանրահավաքին: Ակնհայտ է, որ վկաներից որևէ մեկն Առուշ Առուշանյանի մասին չի տվել նման ցուցմունքներ: Չգիտեմ՝ Ձեզ առաջին ատյանի դատարանն ինչ հիմքեր է տվել, և ինչի հիման վրա պետք է կայացնենք որոշում: Վկաների ցուցմունքներից էլ պարզ է դառնում, որ այն նպատակը, որով պահվում է Առուշանյանն անազատության մեջ, արդարացված չէ»:
Մեղադրող դատախազն առարկեց և վստահեցրեց՝ պաշտպանների կողմից ներկայացվող բողոքի քննությունն անհիմն է ու նշեց. «Առուշ Առուշանյանն այն համայնքի ղեկավարն է, որտեղ ապրում են սույն քրեական գործով անցնող վկաները: Ամբաստանյալը, օգտագործելով իր պաշտոնական դիրքը, ունեցած հեղինակությունը, կարող է ազդեցություն գործադրել գործում ներգրավված անձանց նկատմամբ: Տեսել ենք, որ գրավը՝ որպես խափանման միջոց, իր նպատակին չի ծառայել: Քրեական գործում առկա են ծանր հանցագործության տարրեր, որոնց առկայությունը բավարար է Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցն անփոփոխ թողնելու համար»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ