Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Առավոտյան, երբ ես եկա ԱԺ, իմ ատամը չէր ցավում». հումորային քննարկում՝ ԱԺ-ում. Հիմա քաղաքացին տուգանքի մատերիա՞լ է, թե՞ չէ

Փետրվար 08,2022 13:52

«Հայաստան» խմբակցությունը նախագիծ է ներկայացրել, որով առաջարկում է չեղարկել բալային համակարգը, քանի որ սահմանադրությունն արգելում է նույն արարքի համար կրկնակի պատասխանատվության միջոցի կիրառումը, օրինակ՝ տուգանք եւ ազատազրկում: Երբ ոլորտային հանձնաժողովում Արամ Վարդեւանյանը ներկայացրեց նախագիծը, այն բացասական եզրակացություն ստացավ:

Այսօր ԱԺ նիստում հիմնական զեկուցողը Գեղամ Մանուկյանն էր: Նա վիճակագրություն ներկայացրեց, ըստ որի, երբ բալային համակարգը չէր ներդրվել՝ 2017-ին մահացել է վթարներից 279 քաղաքացի, 2018-ին՝ 343 քաղաքացի, 2019-ին՝ 341, հետո ներդրվեց բալային համակարգը ու 2021-ին Հայաստանի ճանապարհներին մահացել է արդեն 368 քաղաքացի, այսինքն, շատ ավելի շատ, քան մինչեւ բալային համակարգը ներդնելն էր:

Գեղամ Մանուկյանը հիշեցրեց, որ Փաշինյանը ընդդիմադիր ժամանակ ասում էր՝ քաղաքացին տուգանքի «մատերիալ» չի, ասում էր՝ արագաչափերը, տեսախցիկները շատ են, պետք է վերանան, մինչդեռ արագաչափերն ու տեսախցիկները ոչ թե վերացան, այլ՝ ավելացան ու քաղաքացին դարձավ շատ ավելի տուգանքի մատերիալ, որին ե՛ւ տուգանում են, ե՛ւ բալերից զրկելով՝ զրկում են մեքենա վարելու իրավունքից:

 

ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանն այսպիսի հարց ուղղեց. «Առավոտյան, երբ ես եկա ԱԺ, իմ ատամը չէր ցավում, հետո ձեր նախագծից, քննարկումից հետո իմ ատամը սկսեց ցավալ, կարո՞ղ ենք ենթադրել, որ ատամիս ցավը պայմանավորված է ձեր նախագծով»: Թունյանն այս հարցը տվեց՝ ցույց տալու, որ 2017-ին ու 2021-ին վթարների թիվը մեջբերելը կապ չունի բալային համակարգի արդյունավետության հետ, քանի որ այլ հանգամանքներն էլ պետք է հաշվի առնել:

Մինչդեռ Գեղամ Մանուկյանը պատասխանեց. «Կարծում եմ, ուղիղ կապ ունի: Առավոտյան, երբ դուք եկաք ԱԺ, մտածում էիք, թե Ճանապարհային օրենսգրքում այս փոփոխությունը պետք է լինի, բայց մեկ էլ նկատեցիք, որ Աղվան Վարդանյանը ներկայացրել է նախագիծ, որի դեմ դժվար է խոսել, Արմեն Ռուստամյանը երկրի համար կարեւոր հարց բարձրացրեց, որ ՀՀ-ն չի կարողանում դիմագրավել բոլոր մարտահրավերներին ու որպես իշխանական պատգամավոր՝ կարող է այդ հոգեվիճակում ատամի ցավ լինի, ստամոքսի ցավ»:

Թունյանն էլ կատակեց. «Վարսավիրին հարցնում են՝ քաղցկեղն ինչի՞ց է առաջանում, ասում է՝ տանը սափրվելուց: Այսինքն, այդ կեղծ պատճառահետեւանքային կապերը միշտ մարդկանց մոլորության մեջ են գցում»: Նա ասաց, որ կորելացիաներով կարող է պարզվել, որ Ամերիկայում ջրավազաններում խեղդվողների թիվը ուղիղ համեմատական է այդ տարում Նիկոլաս Քեյջի մասնակցությամբ ֆիլմերի հրապարակման թվի հետ. «Ես ձեզ կարող եմ մի քանի գրաֆիկներ տամ, որոնք այդ կապը ապացուցում են»: Ըստ նրա, չի կարելի ամեն ինչը պայմանավորել ամեն ինչի հետ՝ ըստ նպատակահարմարության:

Գեղամ Մանուկյանն էլ արձագանքեց, որ երբ Փաշինյանը մարդկանց ասաց՝ դուք 3 մլն վարչապետ եք ու «ջրեցին» տուգանքները, որեւէ մեկը չէր կարողանում անկարգապահ վարորդներին կարգի հրավիրել ու վթարների աճը կարող է նաեւ դրանով պայմանավորված լինել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28