Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդենիսի համայնքապետի աշխատասենյակի բանալիները եւ կնիքը մարզպետարանում են. Ահարոն Խաչատրյան

Փետրվար 08,2022 13:40

Վարդենիսի համայնքապետարանում այսօր նշանակված էր ավագանու առաջին նստաշրջանը: ՔՊ-ական ավագանիները առաջին նստաշրջանի առաջին նիստին չէին եկել, թեեւ նրանց ծանուցվել էր նիստի մասին:

Որոշվեց 30 րոպե սպասել, ինչպես օրենքն է սահմանել:

ՔՊ-ական ավագանիները, մասնավորաբար, Արամ Մելքոնյանը, լրագրողների հետ զրույցում ասել էին, որ իրենք որոշել են չմասնակցել նիստին:

Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրեն չի հետաքրքրում, թե Արամ Մելքոնյանը ինչ է հայտարարել, եթե համայնքապետարանի քարտուղարը կծանուցի, որ իրենց գործընկերները որոշել են նիստին չմասնակցել, իրենք դա հիմք կընդունեն եւ կշարունակեն նիստը: Այսօրվա նիստն Ահարոն Խաչատրյանն իրավազոր է համարում, քանի որ դատարանը մասամբ է բավարարել ՔՊ-ական ավագանիների հայցը, դատարանի որոշումն էլ ուժի մեջ է մտնելու 30 օր հետո, ուստի ինքը լիարժեք կարող է շարունակել իր աշխատանքը:

Ահարոն Խաչատրյանն ասաց, որ այս ընթացքում ինքը եղել է համայնքի տարբեր բնակավայրերում, մարդկանց հետ զրուցել, խնդիրներին տեղում է ծանոթացել, բայց այլ աշխատանքներ չի կատարել, չի մասնակցել որեւէ այլ գործառույթի, քանի որ աշխատասենյակից եւ համայնքապետարանի կնիքից զրկված է եղել. «Ընդհանուր վերցրած, ամբողջ Վարդենիս համայնքը պարալիզացված է»:

Խոսելով կնիքի եւ համայնքապետի աշխատասենյակի բանալիների գործի մասին էլ` Ահարոն Խաչատրյանն ասաց, որ ոստիկանությունից տեղեկություններ չունի, թե հարուցված գործն ի՞նչ փուլում է, բայց գիտի, որ մարզպետարանից եկել են՝ կապարակնքել են համայնքապետի աշխատասենյակը, նախկին ղեկավարությունից վերցրել են բանալիները: Թե ու՞մ մոտ էին, ի վերջո, համայնքապետի աշխատասենյակի բանալիները եւ կնիքը, քանի որ նախկին համայնքապետը պնդում էր, որ աշխատասենյակի բանալիները եւ կնիքը փոխանցել է համայնքապետարանի քարտուղարին, վերջինս էլ պնդում էր, որ իրեն ոչինչ չի փոխանցվել, Ահարոն Խաչատրյանն ասաց, որ ինքն այդպես էլ չի իմացել:

«Երբ ես ամբողջությամբ անցա իմ պաշտոնական լիազորություններին, այդ ժամանակ բոլորը կպարզեմ»,- պատասխանեց Ահարոն Խաչատրյանը՝ լրագրողի հարցին՝ հնարավո՞ր է կնիքն այս ընթացքում օգտագործված լինի եւ դա վերագրվի իրեն:

 

Նիստի օրակարգում մեկ հարց է՝ համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձեւավորման կարգը:

ՔՊ-ական ավագանիներն այդպես էլ չներկայացան նիստին: Նիստը կայացավ «Ահարոն Խաչատրյան» եւ «Միասնական Վարդենիս» դաշինքների ավագանիների մասնակցությամբ:

«Միասնական Վարդենիս» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը ներկայացրեց համայնքի ղեկավարին կից խորհրդակցական մարմինների ձեւավորման եւ գործունեության կարգի մասին նախագիծը, որը հաստատվեց միաձայն: Վարդենիսի համայնքապետին կից կգործի երեք խորհրդակցական մարմին՝ 35 անդամով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28