Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմ քայլը» որոշեց ֆիզարձակուրդում գտնվող, Մարությանի իմպիչմենտին չմիացած Լուսինե Մխոյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնել

Փետրվար 08,2022 13:28

Երեւանի ավագանու այսօրվա նիստում որոշում ընդունվեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Լուսինե Մխոյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին։ Նախագիծը ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։

Հիշեցնենք, որ Լուսինե Մխոյանը հայտարարել էր, որ ինքը չի միացել Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու ավագանու անդամների ստորագրահավաքին։

Այսօրվա նիստում Արմեն Գալջյանն ասաց, որ Լուսինե Մխոյանը մոտ քսան անգամ բացակայել է ավագանու նիստերից , սակայն տեղեկանքի մեջ նշել են մի քանի ամսաթիվ, այն ժամկետը, որը բավարար է օրենքով սահմանված կարգով լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու համար։ «Այդ բացակայությունների մի մեծ հատվածը օբյեկտիվ պատճառներ ունի, նա ֆիզիկապես չէր կարող գալ նիստի եւ այդ ժամանակահատվածը չենք դիտարկել այս նախագիծը ներկայացնելու համար, այլ ներկայացրել ենք այն ժամանակահատվածը, որը օբյեկտիվ հիմքեր չի պարունակել։ Ամռանը իր հետ խոսել ենք, համաձայնության եկել, որ որոշակի ակտիվություն պետք է դրսեւորեր։ Դա, ցավոք, տեղի չունեցավ։ Ստիպված այս ճանապարհով ենք գնում»,-ասաց Գալջյանը։

City Council session took place at the Municipality of Yerevan

Նա նշեց, որ «Իմ քայլում» էլի կան ավագանու անդամներ, ովքեր բավարար բացակայություններ ունեն, օրենքով սահմանված թույլատրելի բացակայությունների շեմը հատել են․ «Հարց կլինի՝ ինչո՞ւ ենք միայն Լուսինե Մխոյանի վերաբերյալ նախագիծ ներկայացնում։ Այս դեպքում միակ լուծումը սա էր։ Մյուս դեպքերում այլ լուծումներ կան, եւ կտրվեն դրանք»։

Ավագանու անկախ անդամ Էռնեստ Ավանեսովն էլ ասաց՝ դեռ մի կողմ թողած քաղաքական դրդապատճառները, որքանո՞վ է բարոյական եւ իրավական տեսանկյունից արդարացված այս մոտեցումը, քանի որ Մխոյանը ֆիզարձակուրդում է գտնվում, նա տանը երեխա է խնամում։

Գալջյանն ի պատասխան ասաց․ «Ես չեմ կարծում, որ սա այն հարցն է, որ պետք է բարոյականության դաշտում քննարկել, որովհետեւ ձեր նշած ֆիզարձակուրդը սովորաբար աշխատանքային հարաբերություններին է վերաբերում, ավագանու անդամի կարգավիճակը չի ենթադրում այդպիսի հարաբերություն։ Ամսվա մեջ ընդամենը մեկ անգամ պետք է նիստի գար եւ չեմ կարծում ֆիզարձակուրդը կամ որեւէ տիպի այլ հիմնավորում կարող էր արդարացված լիներ երկու տարվա մեջ այսպիսի բացակայությունների համար։ Երեխայի հետ կախված որևէ քննարկում տեղին չեմ համարում։ Չեմ կարծում՝ բարդ է ամսվա մեջ մեկ անգամ նիստին գալը։ Ավագանու անդամ կա՝ երեխայի հետ է նիստին եկել։ Այսինքն, մենք ինչ-որ բացառիկ երեւույթի հետ չենք առնչվում»։

City Council session took place at the Municipality of Yerevan

Ավագանու մեկ այլ անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանն էլ հետաքրքրվեց՝ արդյոք տեղյա՞կ եք, որ մայրությունն ու մանկությունը պաշտպանված են ՀՀ Սահմանադրությամբ․ «Լրատվամիջոցներում գրվել էր, որ տիկին Մխոյանին երկընտրանք էր առաջադրվել՝ կամ միանալ ստորագրահավաքին՝ պահանջելով Մարությանի իմպիչմենտը, կամ նրա առաջ բացակայությունների հարցը կդրվի։ Եթե միանար ստորագրահավաքին, դուք այս հարցը այսօր բերելո՞ւ էիք»։

Գալջյանն ի պատասխան ասաց, որ Սահմանադրությանը շատ լավ ծանոթ է, եւ սա այդ դեպքը չէ․ «Պետք չէ շահարկել մայրության հանգամանքը։ Մենք այս պահին բացառիկ երեւույթի հետ չենք առնչվում։ Ավագանու անդամի պարտականությունների մեջ չի մտնում ամենօրյա աշխատանք։ Մենք իր հետ ունեցել ենք քաղաքական զրույց եւ մեր տեսակետները չեն հատվել։ Ինչ վերաբերում է շանտաժին, ամենեւին այդպես չէ։ Մենք նրան ասել ենք՝ այո, կա բացակայությունների շեմ, որը հատվել է, բացի քաղաքական հարցերից՝ կան նաեւ աշխատանքային հարցեր։ Էլի ունենք ավագանու անդամներ, որոնք չեն պաշտպանել Մարությանի պաշտոնանկության որոշումը, բայց այստեղ նստած են եւ մեր խմբակցությունն են ներկայացնում։ Շանտաժ, չգիտեմ՝ ինչ, չափազանցված եմ համարում»։

Իզաբելլա Աբգարյանն էլ արձագանքեց․ «Շանտաժը պոզով-պոչով չի լինում։ Եթե մարդուն երկընտրանք է առաջարկվում՝ կամ սա ես անում կամ սա է տեղի ունենում, դա արդեն շանտաժ է»։

Նիստը վարող քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն էլ հավելեց, թե՝ տիկին Մխոյանը մասնակցում էր ճարտարապետական խմբին․ «Եվ աշխատանքային տարբեր քննարկումներ էին տեղի ունենում, որտեղ նա, ոնց հասկանում եմ, ակտիվ մասնակցում էր։ Այսինքն, անկախ երեխայի հանգամանքից, ինքը հնարավորություն ունեցել է մասնակցելու։ Նույն տրամաբանությամբ կարող էր ավագանու նիստերին մասնակցել։ Խնդրում եմ, երեխայի հետ կապված չշահարկենք»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28