Ադրբեջանի ԱԳՆ-ն կոչ է արել միջազգային հանրությանը պարտադրել Հայաստանին տեղեկություն տրամադրել Արցախյան առաջին պատերազմում անհետ կորած ադրբեջանցիների մասին: Նման հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի ԱԳՆ-ն:
«Ադրբեջանը փետրվարի 7-ին ազատ է արձակել 8 հայ զինվորականների: Ի պատասխան՝ հայկական կողմը պետք է տեղեկություն տրամադրի առաջին պատերազմի ժամանակ զոհված ադրբեջանցի քաղաքացիական անձանց և զինվորականների, նրանց հուղարկավորման վայրերի մասին,- ասվում է հայտարարության մեջ:
Ըստ փաստաթղթի՝ Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը, թե Երևանը նման պարտավորություններ չի ստանձնել, «ապացուցում է Հայաստանի անհարգալից վերաբերմունքի միջազգային մարդասիրական իրավունքի և մարդասիրության սկզբունքների նկատմամբ»:
Հիշեցնենք, որ եթե գերիների վերադարձի նախորդ դեպքերում Ադրբեջանը փոխարենը ստանում էր ականապատված տարածքների քարտեզները, ապա այժմ Բաքուն տեղեկություններ է ակնկալում Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում զոհված ադրբեջանցի զինծառայողների և խաղաղ բնակիչների մասին, որոնք, ինչպես իրենք են ենթադրում, հուղարկավորվել են եղբայրական գերեզմաններում։
Կարդացեք նաև
Այս առնչությամբ Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Վահան Հունանյանը «Ազատությանը» փոխանցել է, որ անհետ կորածների ճակատագրերի բացահայտման առումով հայկական կողմը միակողմանի որևէ պարտավորություն չի վերցրել. «Ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ արցախյան պատերազմում հայկական կողմն ունի անհետ կորածներ։ Կարևորում ենք անհետ կորածների ճակատագրերի բացահայտումը։ Այս առումով հայկական կողմը որևէ միակողմանի պարտավորություն իր վրա չի վերցրել»։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ