«Համահայկական ինտելեկտուալ շարժում» ստեղծելու գաղափարը վաղուց է ծնվել, բայց այսօր ենք փորձում իրականացնել, որովհետեւ երեւի թե ոչ ոք չի կարող հերքել այն փաստը, որ Հայաստանում ամեն ինչ պետք է սկսել հենց կրթությունից, հասարակության կրթական մակարդակի բարձրացումից: Դա երկար պրոցես է ենթադրում, դրա համար պետք է մեր ուշադրությունն առաջին հերթին երեխաների, երիտասարդների վրա կենտրոնացնենք: Այդ առումով էլ եկավ գաղափար՝ իսկ ինչո՞ւ չաշխատել բոլոր շերտերի հետ՝ սկսած երեխաներից ու պատանիներից, վերջացրած հասուն տարիքի մարդկանցով»,- «Սպուտնիկ Արմենիայի» մամուլի սրահում նշեց «Համահայկական ինտելեկտուալ շարժում» նախաձեռնության համահիմնադիր Կարեն Քոչարյանը:
«Պարզել ենք, որ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղը, ինտելեկտուալ խաղերը բոլոր հաստատություններում պոպուլյար են դարձել, ինչն ուրախացնում է: Միեւնույն ժամանակ, մեզ համար շատ կարեւոր է ուշադրություն դարձնել նաեւ մարզերին: Ցավոք սրտի, ամեն ինչը, նաեւ այս շարժումը հիմնականում կենտրոնացվել է Երեւանում: Սակայն այժմ ուզում եմ ուրախալի լուր հայտնել, որ այս տարի հեռուստատեսային ձեւաչափով ավելացնում ենք արտամրցութային խաղերի քանակը, որի շնորհիվ կկարողանանք տարբեր համայնքների, մարզերի սիրողական թիմերին հրավիրել հեռուստատեսային խաղերի»,-հավելեց Կարեն Քոչարյանը:
Նախաձեռնության համահիմնադիր Տիգրան Քոչարյանն անդրադարձավ այն խնդիրերին, որոնք առկա են Հայաստանում. «Մարդն ուզում է խաղալ ինտելեկտուալ խաղ, բայց չգիտի՝ որտեղ անել դա եւ ինչպես անել: Ինքը գնում է ակումբներ, որտեղ խաղում են պրոֆեսիոնալ մարդիկ, ու այս մարդը նստում, տեսնում է, որ ենթադրենք 36 հարցից վերցնում է 5-ը, հետեւաբար մտածում է, որ դա իր բանը չէ: Հայաստանի ինտելեկտուալ շարժումը ստեղծում ենք այն նպատակով, որ կարողանանք բոլորի համար սա ինտելեկտուալ ժամանց դարձնել, հնարավորություն տալ սիրողական մակարդակով, կազմակերպության մակարդակով կամ մի գուցե որոշակի առաջնությունների միջոցով կիսապրոֆեսիոնալ մակարդակով հանդես գալու եւ ի վերջո հայտնվելու ինտելեկտուալ խաղերի բուրգում, հեռուստահաղորդման էլիտար ակումբում»:
Կարդացեք նաև
Նա ընդգծեց, որ ներկայումս մարզերում կան գործող ակումբներ, եւ իր ներկայացրած Գիտակների հայկական ասոցիացիան երկու խոշոր միջոցառում է նախատեսում իրականացնել գարնանն ու ամռանը: Մեկը Դիլիջանի միջազգային փառատոնն է, որին ներկա է լինելու 30-ից ավելի թիմ՝ 11 երկրից, իսկ երկրորդը Արցախում իրականացվելիք ծրագիրն է. «Կա գիտակցում, որ Հայաստանը եւ Արցախը ինտելեկտուալ ասպարեզում պետք է միասին լինեն եւ իրարից չկտրվեն»:
Տիգրան Քոչարյանի ձեւակերպմամբ, առաջիկա ծրագրերից մեկը Հայաստանի սիրողական առաջնության իրականացնում է, որը հավանաբար կկայանա աշնանը: Հաղթողները հնարավորություն կունենան մասնակցելու նաեւ աշխարհի սիրողական թիմերի առաջնությանը:
Նախաձեռնության մյուս համահիմնադիր Հարություն Արզումանյանը մանրամասնեց, թե ինչպես են աշխատելու հասարակության տարբեր շերտերի հետ. «Մեզ մոտ խնդիրն այն էր, որ ինտելեկտուալ խաղերի ասպարեզը անընդհատ նույն մարդկանց հետ էր կապված, մարդիկ տասնամյակներով խաղում էին, սակայն սերնդափոխություն տեղի չէր ունենում, ու հատկապես հաշվի առնելով, որ ինտելեկտուալ խաղերի հիմքերը գալիս են ռուսերենից, ռուսախոս զանգվածից, մենք խնդիր ունենք այս ամենը հայաֆիկացնելու եւ նոր մարդկանց ասպարեզ բերելու»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ