«Պետք չի մեզ դասեր տալ»,- ԱԺ նիստում իշխանականներին ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Նա հայտարարեց, որ իբր ժողովրդավարական արժեքներին դավանող, բայց բռնատիրության ձգտող ՀՀ իշխանությունները ապօրինի կալանավորում են համայնքի ղեկավարներին, ավագանու անդամների, իշխանության անօրինական ցանկությունը չկատարող դատավորի, իշխանության քննադատների: Երեկ կրկին կալանավորվեց Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը: Սեյրան Օհանյանն ասաց, որ իրենք դատապարտում են այդ գործողությունները, այս պահին Վերաքննիչում Առուշ Առուշանյանի խափանման միջոցի հարցն է, ընդդիմադիր երկու խմբակցությունները լինելու են դատարանում ու կոչ արեց քաղաքացիներին միանալ իրենց պայքարին:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը արտաքին մարտահրավերներին անդրադարձավ. «Մենք հայտնվել ենք պատմական վերջին ժամանակաշրջանում ամենալուրջ մարտահրավերներով լեցուն մի միջավայրում, երբ թուրք-ադրբեջանական տանդեմը անթաքույց հայտարարում է, թե ինչի են ձգտելու, որոնք են իրենց կենսական շահերը ու դա ուղղակի հակասում է ՀՀ-ի ու հայության ռազմավարական շահերին. «Ակնհայտ մարտահրավեր է նետված ու այդ մարտահրավերը մենք կամ ուղղակի անտեսում ենք, կամ ոչ ադեկվատ օրակարգով զբաղվում: Այն օրակարգը, որ մենք հիմա ենք քննարկում, բացարձակ կապ չունի այն իրական մարտահրավերի հետ, որը այսօր Հայաստանին սպառնում է: Թուրքիան ու Ադրբեջանը արձանագրել են, որ առաջնորդվելու են հիմնականում 4 խնդիր լուծելու ուղղությամբ՝ ապօրինի բոլոր սահմանները ճանաչելու, դա պարտադրելու են ՀՀ-ին, ցեղասպանությունից հրաժարում, Ադրբեջանի պահանջների բավարարում Արցախի հարցով ու այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի ամրագրում: Սա ուղղակի սեւով սպիտակի վրա գրված է Շուշիի հռչակագրի մեջ: Մենք դրան ինչ ենք պատասխանում: Մենք չունենք դրան ադեկվատ արձագանք: Իսկ այն, ինչ արձագանքում ենք, սպասարկում է այն, ինչ հայտարարում է Թուրքիան: Ցեղասպանությունը թողնում ենք սփյուռքին, ասում ենք՝ որեւէ պահանջ չունենք սահմանների ճշգրտումների մասով: Ասում ենք՝ Արցախը թողնելու ենք Ադրբեջանի կազմում, որովհետեւ տեսականորեն այլ լուծում չունի: Մեզ մնում է մեկ շանս՝ կա՛մ այդ հարցը լուծում ենք խորհրդարանում, արձանագրում մեր կարմիր գծերը, կա՛մ դա կատարվելու է խորհրդարանի դուրս»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ