«Չեմ կարող կանխատեսել, թե այսօր ինչ դատական ակտ կկայացնի դատավորը, բայց մի բան հստակ է. ամեն ինչ հավերժ չէ, հատկապես այսօրվա քաղաքական իշխանությունը, և, հավատացեք, գալու է այն օրը, որ մենք պատմության այս ամոթալի էջը ոչ թե թերթենք, այլ ուղղակի պատռենք»,- Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի գործով դատական նիստի մեկնարկից առաջ ՀՀ Վերաքննիչ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց Առուշ Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
Քիչ առաջ մեկնարկեց Առուշ Առուշանյանի խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը մերժելու որոշման դեմ Առուշանյանի փաստաբանների բողոքի քննությունը։
Էրիկ Ալեքսանյանի համոզմամբ՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորումը մեծապես կարող է ազդել դատավորների հետագա վարքագծի վրա: Նա մանրամասնեց. «Իրականում այն, ինչ դատավոր Բախշիյանի շուրջ տեղի ունեցավ, այդ երևույթն ուղղակի խժռեց մեր մասնագիտությունը՝ իսպառ վերացնելով իրավաբանությունը ՀՀ-ում: Բնականաբար, այդ հանգամանքը հիմնավոր կասկած է ստեղծում ինձ մոտ, որ յուրաքանչյուր դատավոր ՀՀ-ում այլևս երկար է մտածելու այս կամ այն քրեական գործով, որով հետաքրքրված է քաղաքական իշխանությունը, կայացնել այնպիսի որոշում, որ հետագայում քրեական հետապնդման չենթարկվի և չկալանավորվի: Այդ երևույթն ինձ մոտ հիմա ողջամիտ ենթադրություն է առաջացնում այն մասին, որ այս դատավորն Առուշանյանի բողոքի քննության ժամանակ միգուցե այդ համարձակությունը չունենա: Այո, ՀՀ-ում առկա են համարձակ դատավորներ, որոնք անկախ այդ կարգապահական վարույթներից, այդ քրեական գործերի հարուցումից, միևնույն է, հավատարիմ են մնում իրենց առաքելությանը և աշխատանքը կատարում են հավուր պատշաճի: Բայց եկեք ընդունենք, որ կան դատավորներ, որոնք մինչև այդ էլ ունեցել են վախեր, ու պատկերացնո՞ւմ եք դատավոր Բախշիյանի դեպքը նրանց մոտ առկա վախերն ինչ աստիճանի է բարձրացնելու»:
Էրիկ Ալեքսանյանը, իհարկե, վստահություն չունի, թե այսօրվա դատավորն Առուշանյանի գործով ինչ կարող է անել, բայց միևնույն ժամանակ նա հիշեցրեց, թե որ դատավորն է քննում Առուշանյանի գործը. «Նա այն դատավորն է, որը երեկ կալանավորել է Քաջարանի քաղաքապետին, այն մարդուն, որը մեկ ամսից ավելի գտնվել է ազատության մեջ և դրսևորել պատշաճ վարքագիծ, այս դատավորն այն դատավորն է, որը կալանավորել է Արմեն Չարչյանին, և կյանքը ցույց տվեց, որ դա եղել է ապօրինի, որովհետև անձեռնմխելիության ու կալանքի հետ անհամատեղելի հիվանդության պայմաններում՝ այս դատավորը վերջինիս վեց ամիս առաջ կալանավորել է: Սա այն դատավորն է, որը երկու տարի առաջ Ռոբերտ Քոչարյանին հակասահմանադրական հոդվածով նույնպես կալանավորել էր: Այս ամենը, որը նշեցի՝ արդյոք չի՞ կարող ողջամիտ կասկած չառաջացնել այն մասին, որ այս դատավորն ուղղակի հավատարիմ է մնալու ոչ թե իր առաքելությանը՝ արդարադատության կատարմանը, այլ հավատարիմ է մնալու այսօրվա քաղաքական իշխանությանը և շարունակի իր՝ նման գործելաոճը»:
Կարդացեք նաև
Այս պահին նաև Վերաքննիչ դատարանի առաջ ընթանում է բողոքի ցույց ի աջակցություն Առուշ Առուշանյանի: Բողոքի ցույցի մասնակիցները հեգնում են, թե այնքան ոստիկան կա, որ յուրաքանչյուր ցուցարարի «հասնում է» 3-4 ոստիկան:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ