«Հերթական անգամ մենք համոզվում ենք, որ ընդդիմության անվան տակ խորհրդարան է մտել մի խմբավորում, որի նպատակն է ապացուցել մեր ժողովրդին, որ ինքը սխալ ընտրություն է արել, որ այս իշխանությունները ժողովրդի մասին չեն մտածում, իսկ իրենց քունը չի տանում՝ ոնց անեն, որ մեր ժողովուրդը լավ ապրի: Հասկացանք: Բայց այս մարդիկ մոռանում են մի բան՝ մենք հետեւողականորեն բացատրում ենք մեր ընտրողներին, որ կատարում ենք մեր խոստումները հետեւողականորեն՝ բարձրացնելու ենք աշխատավարձը, հոգ ենք տանելու բազմազավակների մասին ու ամենօրյա գործունեությամբ մենք դա ապացուցում ենք»,- այսօր խորհրդարանում ահա այսպիսի ելույթ ունեցավ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ արձագանքելով ընդդիմադիրների բողոքներին, թե ինչու են մերժում «Նվազագույն ամսական աշխատավարձի» մասին Աղվան Վարդանյանի նախագծի քննարկումը: Իսկ Աղվան Վարդանյանը, հիշեցնենք, առաջարկում է 68 հազար դրամ նվազագույն աշխատավարձը դարձնել 100 հազար դրամ:
Վիգեն Խաչատրյանն ասաց. «Միակ բանը, որ մենք չենք անի՝ դա այն է, որ երբեք ու երբեք չենք խաբելու մեր ժողովրդին, ասելու ենք այն, ինչ կարող ենք անել: Ժողովուրդը կորոշի՝ կարո՞ղ էինք ավելի շատ անել, թե՞ չէինք կարող: Ժամանակը կորոշի: Բայց այս հնարքը, թե իբր մենք տեղափոխվում ենք գործնական դաշտ, ա՛յ, ուզում էինք լավ բան անել, իրենք չեն ուզում՝ շարունակեք խաբել ժողովրդին, չի՛ ստացվի: Ձեր այս հնարքները, թե ձեր քունը չի տանում, թե մեր ժողովուրդը ոնց ապրի, երեւում է ձեր վարքագծով, պահվածքով ու վերաբերմունքով դեպի ընդհանուր հոգսերն ու ցավը: Ձեր այս մանր-մունր խորամանկությունները այս դահլիճում չի անցնելու»:
Ըստ Վիգեն Խաչատրյանի, ժողովրդի դեմ առաջարկ է բերվել, որը պիտի մերժվի:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ