«Ադրբեջանցիների» ծագման «ալբանական» կեղծ գիտությունը մշակել էր Զիյա Բունիաթովը։ Վերջինս պատմական իրողությունները գլխիվայր շրջելով, հայկական եկեղեցիներում հայերեն լեզվով արձանագրությունները ներկայացնում էր որպես եկեղեցիների «հայաֆիկացման» արդյունք, իսկ հայերիս՝ որպես եկվորներ։ Այս հակագիտական թեզը կրկին ակտիվորեն զարգացվում է 2020 թ. 44-օրյա պատերազմից հետո, երբ Ադրբեջանը բռնազավթեց Արցախի Հանրապետության տարածքի շուրջ 75 տոկոսը:
Հակագիտական թեզը կոչված է ապահովելու Ադրբեջանի մշակութային ցեղասպանությունն Արցախի տարածքում։ Փետրվարի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քարիմովը լրատվամիջոցների հետ զրույցում ասել էր, որ ստեղծվել է «Ալբանիայի պատմությանն ու ճարտարապետությանը տիրապետող փորձագետների աշխատանքային խումբ, որոնք պետք է վերացնեն ալբանական կրոնական տաճարների վրայից հայերի կողմից արված կեղծ գրությունները»։ Խմբում ներկայացված են լինելու նաեւ պետական կառույցների ներկայացուցիչներ, ինչը մեկ անգամ եւս փաստում է, որ մշակութային ցեղասպանական գործողությունները ոչ թե «պատահական» բնույթ են կրում, այլ պետության հովանավորությամբ իրականացվող նպատակային քաղաքականության դրսեւորումներ են։ Քարիմովը նշել է, որ աշխատանքներ են տարվում «միջազգային փորձագետներ» եւս ներգրավելու ուղղությամբ, որոնց «նախատեսում են հրավիրել Ադրբեջան»։ Ցավոք, փորձը ցույց է տալիս, որ նյութական մոտիվացիան կօգնի գտնել «միջազգային փորձագետների», որոնք գումարի դիմաց պատրաստ կլինեն աջակցել Ադրբեջանի կառավարությանը՝ պատմամշակութային եւ կրոնական հուշարձանների վրայից հայկական հետքը վերացնելու հարցում։
Այս օրերին վանդալիզմը շարունակվում է նաեւ Շուշիի Սբ ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցու մասով. լուսանկարները վկայում են, որ Ադրբեջանը եկեղեցու գմբեթը վերածում է մզկիթի գմբեթի։ Անզեն աչքով անգամ տեսանելի է, որ այս ձեռագիրը նույնությամբ կրկնում է պատմությունը սրբագրելու թուրքական գործելաոճը՝ Աղթամարից սկսած մինչեւ Սբ Սոֆիայի տաճար։
Թեեւ անցած տարվա դեկտեմբերին Արդարադատության միջազգային դատարանը (ICJ) վճռեց, որ Ադրբեջանը պետք է «ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու եւ պատժելու վանդալիզմի եւ պղծման գործողությունները, որոնք վերաբերում են հայկական մշակութային ժառանգությանը, որոնք ներառում, բայց չեն սահմանափակվում եկեղեցիներով եւ այլ պաշտամունքային վայրերով, հուշարձաններով, տեսարժան վայրերով, գերեզմանոցներով եւ արտեֆակտներով», այնուամենայնիվ, Ադրբեջանն արդեն բաց տեքստով հայտարարում է, որ «ջնջելու է հայկական հետքերն իր վերահսկողության տակ գտնվող եկեղեցիների վրայից»։
Կարդացեք նաև
Նման բնույթի ցինիկ պահվածքը պայմանավորված է անպատժելիության զգացումով. չէ՞ որ առայսօր Ադրբեջանը պատասխանատվության չի ենթարկվել 2005 թ. ամբողջ աշխարհի աչքի առաջ Նախիջեւանի Ջուղայի հազարավոր հայկական խաչքարերի ոչնչացման համար: Եվ սա միակ դեպքը չէ։ Քանի դեռ տեր չենք կանգնում մեր իրավունքներին, մեր մշակութային, պատմական ժառանգությանը եւ ամենակարեւորը՝ մեր հայրենիքի անգամ ամենափոքր կտորին, թշնամին կշարունակի անգղի պես հոշոտել այն։ Քանի դեռ…
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում: