Սպառողական գներն աճել են 7,2%-ով, թանկացել է գազը, ջուրը, էլեկտրաէներգիան. այս եւ այլ հիմնավորմամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը ԱԺ լիագումար նիստի մեկնարկին ներկայացրեց նվազագույն աշխատավարձը 68 հազարից 100 հազար դրամ դարձնելու իր նախագիծը, որը ոլորտային հանձնաժողովում բացասական եզրակացություն էր ստացել: Աղվան Վարդանյանը հիշեցրեց, որ այս իշխանությունը եկել էր աղքատությունը նվազեցնելու խոստումով, բայց հիմա մարդիկ աշխատում են ու աղքատ են:
Աղվան Վարդանյանը պատգամավորներին հորդորեց, որ «կողմ» քվեարկեն ու քննարկում լինի:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ որեւէ տրամաբանություն չկա դեմ քվեարկել, ընդամենը խոսքը օրակարգ մտցնելու մասին է:
ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը դիմեց Մինասյանին՝ նկատելով, որ արդյունավետ քննարկում լինում է հանձնաժողովի նիստում, լիագումար նիստ մտցնել այս նախագիծը ունի մեկ նպատակ՝ ցույց տալ, թե լավ բան են ուզում անել, իշխանականները համաձայն չեն. «Այս պահին այս նախագիծն այս տեսքով սխալ է»:
Կարդացեք նաև
ՔՊ-ական Գեւորգ Պապոյանն էլ ասաց, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը իրենց նախընտրական խոստումներից է եղել, դրան հավատարիմ են ու կբարձրացնեն, ըստ ժամկետների. «Մենք դա կանենք՝ ըստ մեր նախանշած սցենարի: Մենք խոստացել ենք ու դա կանենք: Բայց այս տեսքով դա չի լինելու, կան իրավական ու ֆինանսական խնդիրներ»:
31 «կողմ», 61 «դեմ» ձայներով նախագիծը մերժվեց նաեւ լիագումար նիստում: Արծվիկ Մինասյանը զարմացավ՝ սա՞ է կառուցողականությունը․ «Ոչ ուզում ենք ձեր նախընտրական խոստումը վերցնել, ոչ էլ շահարկման դաշտ տանել:
«Հայաստան» խմբակցությունից Արթուր Խաչատրյանն էլ ասաց, որ հենց ուզում են աշխատավարձ բարձրացնեն, իշխանությունները մատնացույց են անում գնաճը, թե՝ ավելի կբարձրանա: Մինչդեռ խնդիրը ներսում է. «Վաղը պրոբլեմ է լինելու բնամթերքի հետ կապված, որովհետեւ այսօրվա կառավարությունն իր ապիկար քաղաքականությամբ գարնանացանը դնում են պրոբլեմի տակ, մատը մատին չեն տալիս: Վաղը հացը կթանկանա, կարտոֆիլը կթանկանա, միսը կթանկանա, կասեն՝ աշխարհում ինֆլյացիա է, չեն ասի՝ մատը մատին չեն տալիս, սելիտրան 3 անգամ թանկացել է»:
Բաբկեն Թունյանն իր ելույթում վստահեցրեց. «Եթե ձեր այս նախագիծն ընդունվի, պատգամավորների, նախարարների, փոխնախարարների աշխատավարձը ավելի շատ է բարձրանալու, քան նվազագույն աշխատավարձ ստացողների, սա ֆիքսենք: Նախագիծը թերի է: Դեպի դժոխք տանող ճանապարհը հարթված է ամենաբարի ցանկություններով: Հիմա ձեր ցանկությունը շատ բարի է, բայց նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ դարձնելը մեզ տանելու է շատ վատ տեղ: Եթե ինձ չեք հավատում, կարող եք բացել ու կարդալ Վաչե Գաբրիելյանի հոդվածը, որտեղ նվազագույն աշխատավարձը 68 հազար դարձնելու ռիսկերի մասին մանրամասն գրել է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ