Փետրվարի 8-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին: Նախագահները, ի թիվս այլ հարցերի, անդրադարձել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը, Արցախի հարցին:
«Մենք վերահաստատեցինք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեության նշանակությունը, այդ թվում կենսական մարդասիրական և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման գործում: Ֆրանսիայի նախագահը տեղեկացրեց Եվրամիության խորհրդի նախագահ պարոն Միշելի, Ադրբեջանի նախագահի ու Հայաստանի վարչապետի հետ իր վերջին տեսակոնֆերանսի մասին»,- ասել է Պուտինը:
Մակրոնն իր հերթին նշել է, որ շոշափել են Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությանը վերաբերող մի շարք հարցեր: «Այստեղ ցանկանում եմ ուրախություն հայտնել, որ այսօր առավոտյան ազատ արձակվեցին 8 ձերբակալվածներ: Մեր ֆրանսիական ճգնաժամային կենտրոնը ինքնաթիռ էր տրամադրել նրանց տեղափոխման համար: Անցյալ ուրբաթ մենք տեսակոնֆերանսի ձևաչափով նախագահ Ալիևի և Փաշինյանի հետ անցկացրինք մամուլի ասուլիս, որի ընթացքում հենց շոշափվել են անհետ կորածների, փախստականների հետ կապված և այլ հարցեր, որոնք նույնպես կայունության բաղադրիչներ են»:
Մակրոնը նշել է, որ Պուտինի հետ նույնանման կարծիքներ ունեն մի շարք հարցերի շուրջ: Նա նաև ողջունել է Ռուսաստանի զինվորականների դերակատարությունը «Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ծանր պահին»:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ