Բարձրագույն դատական խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանը, որն ընդգրկվել է սահմանադրական բարեփոխումների խորհրդի կազմում, մեզ հետ զրույցում անդրադարձավ խորհրդարանականից նախագահական կառավարման մոդելին անցում կատարելու վերաբերյալ խոսակցություններին ու հավանականությանը։ Նրա խոսքով՝ այդ հարցը կարող է քննարկման առարկա դառնալ, եւ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամները կարող են տարբեր կարծիքներ ունենալ, եւ հանձնաժողովի՝ բաց ֆորմատով քննարկումը կարող է օգնել, որ այդ հարցերում մենք՝ բոլորս, ավելի հստակ հասկանանք, թե ինչ ուղղությամբ ենք գնալու։
– Դուք նաեւ ԲԴԽ անդամ եք, մի քանի օր է՝ ակտիվորեն քննարկվում է դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու գործընթացը, որի թույլտվությունը տվեց ԲԴԽ-ն։ Չե՞ք կարծում, որ սա դատական իշխանության նկատմամբ հերթական արշավն է, որին մասնակից է դառնում նաեւ ԲԴԽ-ն։
– Իհարկե, չեմ կարծում, ես գուցե նաեւ ճիշտ չեմ համարում էս խնդրի վերաբերյալ ինչ-ինչ մեկնաբանություններ տալ, որովհետեւ Բարձրագույն դատական խորհուրդն իր դիրքորոշումները միաձայն, համապատասխան ընդունած որոշմամբ արդեն արտահայտել է։ Իսկ հավելյալ մեկնաբանությունները սխալ են նաեւ կրկնակի, որովհետեւ այսօր այդ գործընթացը դատարանների տիրույթում է գտնվում։
– Բայց տպավորություն է, որ ԲԴԽ-ն քաղաքական հրահանգ է կատարում, որովհետեւ այն դատավորները, որոնք այս իշխանությունների «սրտի դատավորները» չեն եւ կայացնում են վճիռներ, որոնցից իշխանությունները դժգոհ են մնում, նրանց նկատմամբ քաղաքական հետապնդումներ են սկսվում։ ԲԴԽ-ն էլ դրան մասնակից է դառնում, փոխանակ պաշտպանի դատավորներին։
Կարդացեք նաև
– Ես էդտեղ մեկնաբանելու բան չունեմ։ Ինչ-որ մարդկանց մոտ մի տպավորություն կարող է ստեղծվել, մեկ այլ խմբի մոտ՝ մի այլ տպավորություն, այդտեղ կարեւորն այն է, որ Բարձրագույն դատական խորհուրդը, ինչպես նաեւ Հայաստանի մնացած բոլոր դատարանները, պետք է գործեն օրենքից ելնելով, օրենքի ոգով եւ տառով ղեկավարվելով։
– Ձեզ չի՞ մտահոգում այս իրավիճակը, հատկապես, որ մի շարք դատավորներ մտահոգություններ հայտնեցին, հայտարարություն տարածեցին։
– Անկեղծ ասած՝ յուրաքանչյուր դատավոր էլ, ԲԴԽ անդամ էլ, իհարկե, մտահոգված է, որ այդպիսի տհաճ զարգացումներ են։ Բոլորս էլ մտահոգված ենք։ Ես չեմ պատկերացնում, որ ինչ-որ մեկին դա կարող է ուրախացնել։ Ինչ վերաբերում է ԲԴԽ որոշմանը, ապա դա հո մեղադրական դատավճի՞ռ չի հանդիսանում, ընդամենը թույլատրվել է օրենքի շրջանակներում համապատասխան գործողություններ կատարել։
– Բայց վաղը, որ իշխանություն փոխվի, կարող է նաեւ Ձեզ մեղադրեն Ձեր կայացրած որոշումների համար։
– Եթե ես կամ որեւէ մեկն օրենք խախտի, միշտ էլ ոչ թե կարող է, այլ պետք է մեղադրվի։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: