Հայաստանի կառավարությունը մտադիր է վաճառել Սեւանա լճից հանվող բուսահողը։ Նկատենք, որ օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի վաճառքն արգելվում է: ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է օրենսդրական փոփոխություն կատարել. այսպես, ՀՀ հողային օրենսգրքում լրացում կկատարվի, եւ Սեւանա լճի մակարդակի բարձրացման արդյունքում ջրածածկ եւ ջրածածկման ենթակա տարածքներում մաքրման աշխատանքներ կատարելիս հողի բերրի շերտի վաճառքի թույլատրելիության վերաբերյալ դրույթ կներառվի հողային օրենսգրքում:
Բանն այն է, որ Սեւանա լճի մակարդակի բարձրացման ժամանակ հողը մնում է ջրի տակ՝ հանդիսանալով աղտոտման աղբյուր, անհրաժեշտություն է առաջանում Սեւանա լճի շրջակայքում ջրածածկման ենթակա տարածքներում անտառմաքրման աշխատանքներ իրականացնել՝ տարածքը ազատել ծառերից եւ թփերից։ Հանվող բուսահողը չի օգտագործվում։ Ըստ Շրջակա միջավայրի նախարարության՝ հողի բերրի շերտը համապատասխան նորմատիվները պահպանելու դեպքում կարող է դառնալ վաճառքի առարկա, քանի որ գոյություն ունի բերրի հողի պահանջարկ:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։