Ադրբեջանում հայտարարել են Արցախից բռնազավթված տարածքներում հայկական մշակութային հետքը ոչնչացնելու գործընթացի մասին: Ավելին՝ արդեն ստեղծվել է աշխատանքային խումբ, որը, ինչպես հայտարարել է Ադրբեջանի մշակույթի նախարարը, զբաղվելու է «հայերի կողմից ալբանական կրոնական տաճարների վրա գրված հորինված հետքերը վերացնելու գործով»։
«Անվտանգություն և ժողովրդավարություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ հայտարարությունը հայկականությունը ոչնչացնելու պետական քաղաքականության հերթական օրինակն է: «Այդ քաղաքականությունը Ադրբեջանը մշտապես է վարել: Երկու օր առաջ Ֆրանսիայի խորհրդարանի իմ գործընկերներն ինձ հայտնել են թուրք պատգամավորներից ունեցած տեղեկության մասին, ըստ որի՝ թե՛ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու, թե՛ մեր մյուս սրբավայրերի վրայից արդեն գրեթե ամբողջապես մաքրվել են հայկականության բոլոր հետքերը: Խոսքը հատկապես մեծ սրբավայրերի մասին է, որոնք մեզ համար հատուկ նշանակություն են ունեցել: 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում ավելի քան 100 եկեղեցիներ, խաչքարեր ու սրբավայրեր են մնացել: Ինքս քանիցս դիմել եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, բայց իրենց պատասխանը հետևյալն է. ասում են՝ մենք կարող ենք մուտք գործել այդ տարածքներ միայն պետության համաձայնությամբ, մինչդեռ գիտենք, որ Ադրբեջանն իր համաձայնությունը չի տալիս»,-ասաց նա՝ շեշտելով այս ամենին զուգահեռ ՀՀ-ից հստակ քայլերի բացակայության մասին:
Ըստ Զոհրաբյանի, իշխանության ու քաղաքական մյուս ուժերի հստակ արձագանքի դեպքում միջազգային հանրության վրա ճնշումը մեծ կլիներ: «Այդ դեպքում միջազգային հանրությունը ոչ թե «գալչկայի» համար 4-5 ամիսը մեկ մի հայտարարություն կաներ, այլ Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելով՝ թույլ կտար, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ու միջազգային կառույցների դիտորդական առաքելությունները լինեին բռնազավթված տարածքներում, մոնիթորինգի ենթարկեին մշակութային արժեքները, ու դրանք հնարավոր կլիներ փրկել: Իսկ այս իրավիճակում մենք մի քանի ամիս հետո չենք ունենալու Արցախի մշակութային ժառանգության հայկականությունը: Ես չեմ ասում՝ մի քանի տարի հետո, ասում եմ՝ մի քանի ամիս հետո, որովհետև ֆրանսիացի իմ գործընկերներից ինձ անընդհատ փոխանցում են տեղեկություն այն մասին, որ այդ աշխատանքային խումբը շատ օպերատիվ է աշխատում: Ավելին՝ այդ աշխատանքային խմբում փորձագետի կարգավիճակով ներգրավված են եվրոպացի «գիտնականներ», որոնք Ադրբեջանի նավթի ու խավիարի դիմաց արդեն իսկ պատրաստվում են չակերտավոր հետազոտություններ անել ու ասել, թե այդ ամենն իբրև ալբանական ժառանգություն է ու հայկականության հետ որևէ կապ չունի»,-ասաց նա:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում