Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ողջունում ենք Հայաստանի, տարածաշրջանային խաղաղությանը եւ անվտանգությանը մեծապես նպաստող Ֆրանսիայի եւ ԵՄ-ի քայլը

Փետրվար 07,2022 23:53

Ս․թ․ փետրվարի 7-ին ԵՄ-ում նախագահությունը ստանձնած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի համատեղ հորդորով եւ ջանքերով Ադրբեջանն ազատ արձակեց թվով 8 հայ ռազմագերիների։

Մենք ողջունում ենք ֆրանսիական եւ եվրոպական դիվանագիտության կողմից կատարված՝ Հայաստանի Հանրապետությանը, տարածաշրջանային խաղաղությանը եւ անվտանգությանը մեծապես նպաստող այս քայլը եւ հայտնում ենք մեր խորին երախտագիտությունը։

Միեւնույն ժամանակ, Հայաստանի իշխանությունների եւ միջազգային հանրության, այդ թվում՝ Ֆրանսիայի եւ Եվրամիության ղեկավարության եւ արտաքին քաղաքական պատասխանատուների ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքի վրա, որ 2020-ի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության դրույթներից ուղղակիորեն բխող այս պարտականությունը, որի կատարման պատասխանատվությունն առայսօր պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը, Ալիեւի ռեժիմը հրաժարվում էր կատարել մինչ օրս, ինչպես եւ հրաժարվում է Ադրբեջանում պատանդի կարգավիճակով պահվող՝ այլ ռազմագերիների պարագայում։ Հետեւաբար, Ադրբեջանի միջազգային պարտավորություններից բխող այս քայլը չի կարող եւ չպետք է ներկայացվի որպես Ալիեւի չեղած բարի կամքի դրսեւորում, չի կարող եւ չպետք է դառնա այլ սուբյեկտների հետ քաղաքական առեւտրի առարկա։

Մեծապես կարեւորելով Հայաստանի եվրոպական գործընկերների՝ Եվրոպական խորհրդի եւ Ֆրանսիայի ղեկավարության, որպես ԵԱՀԿ Մինսկի Խմբի եռանախագահ երկրի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի՝ չկարգավորված հակամարտության գոտում խաղաղության, կայունության, հուսալի անվտանգության հաստատման եւ վերջնական հանգուցալուծմանը հասնելուն ուղղված գործընթացներին, Հայաստանի ղեկավարության, արտաքին քաղաքական գերատեսչության եւ հասարակության ուշադրությունն ենք հրավիրում այն իրողության վրա, որ արեւմտյան գործընկերների ցանկացած դիվանագիտական ակտիվացում խիստ բարենպաստ ազդեցություն է թողնում տարածաշրջանային մթնոլորտի վրա, էապես բարձրացնելով Ալիեւի ռեժիմի համար սովորական դարձած քաղաքական վարքագծի քաղաքական գինը, ստիպելով հետեւել առողջ բանականությանը եւ միջազգային պարտավորություններին։

Մենք համոզված ենք, որ Հայաստանի եւ Եվրոպական Միության, ԵՄ անդամ-երկրների, առանձնապես Ֆրանսիայի հետ հարաբերությունների եւ գործակցության խորացումը եւ ընդլայնումը, դրանց ռազմավարական մակարդակ հաղորդելը լիովին բխում է մեր ազգային շահերից եւ անհրաժեշտ է բարենպաստ անվտանգության միջավայր ձեւավորելու համար։

ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28