Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Եկե՛ք դնենք մեր ազգային երազանքների դրոշը ամենօրյա գագաթներին միասին»

Փետրվար 07,2022 22:11

«Լավ է կույր աչոք,  քան կույր մտոք» (Եղիշե)

Կրթված, բազմակողմանի զարգացած անհատը մշտապես ձգտում է հարստացնել իր գիտելիքները` դրսևորելով և՛ ֆիզիկական, և՛ հոգևոր կորով: Հույն մեծ մտածող Սոկրատեսն ասում էր. «Մի բան գիտեմ միայն, որ ոչինչ չգիտեմ». այսինքն, հասարակական կյանքի, մարդու հոգևոր ներաշխարհի, բնության, տիեզերքի առեղծվածների բացահայտումը, ճանաչողությունը անվերջանալի գործընթաց է:

Գոհունակությամբ հարկ է արձանագրել, որ քաղաքակրթության աննախընթաց զարգացման այս դարաշրջանում չտեսնող մարդը բոլոր հնարավորություններն ունի բազմակողմանիորեն կրթվելու, հետևողականորեն բազմապատկելու գիտելիքները` դառնալով հասարակության լիարժեք անդամ: Հոգին ազնվացնող, մարմինը կազդուրող ստեղծագործ աշխատանքն է, որ հնարավորություն է տալիս հաղթահարելու ֆիզիկական մեծագույն կորուստը, խորհելու որ կյանքը հրաշք է, և ամեն վայրկյան հարկ է հրճվել նրանով, ինչպես շատ դիպուկ բանաստեղծորեն ձևակերպել է ռուս մեծ պոետ Ռոբերտ Ռոժդեստվենսկին`

Как страшно мне,
Что люди привыкают,
Открыв глаза-
Не удивляться дню.

Իսկ Լև Տոլստոյը` «Եթե կյանքը քեզ համար մեծագույն ուրախություն չէ, ուրեմն միայն այն պատճառով, որ քո բանականությունը քեզ կեղծ ճանապարհով է ուղղորդել»:

Յուրաքանչյուր օր ոչ միայն 24 ժամ է, այլ ևս մի հնարավորություն իմանալու դեռևս չճանաչված, չբացահայտված ինչ-որ նոր բան, ևս մեկ քայլ դեպի տիեզերքի, կյանքի, մարդու հոգևոր ու ֆիզիկական առեղծվածների բացահայտումը, որի համար պետք է կարողանալ «տեսնել», նույնիսկ եթե բժշկական տեսակետից դա անհնար է:

Այս առումով ուշագրավ է Ռուսաստանի կույրերի միավորման կենտրոնական գրադարանի նախկին աշխատակից, Ռուսաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Անատոլի Վերժբիցկու ժամանակին հրապարակված հրաշալի հոդվածաշարը, որում նա չտեսնողներին էր ներկայացնում, հմտորեն մեկնաբանում գեղանկարչության, ճարտարապետության, քանդակագործության` չտեսնող մարդու համար անմատչելի արվեստի գործերը:

Մեծագույն հետաքրքրությամբ է ընթերցվում նաև Դմիտրի Գոստիշչևի «Գեղանկարչությունը` լսողությամբ» հոդվածը: Հեղինակը մանրամասնորեն ներկայացնում և մեկնաբանում է Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդի Պրադո թանգարանում ցուցադրվող գեղանկարչական բազմաթիվ կտավներ, որոնցում պատկերված են չտեսնող մարդիկ: Գոստիշչևը մեկնաբանում է, թե տվյալ գեղանկարիչը ինչպես է բացահայտել չտեսնողի ներաշխարհը: Ահա Պիկասոյի «Չտեսնողների նախաճաշը» կտավը. չտեսնողի զգայուն ձեռքերը ասես չտեսնող աչքերի հակադրությունն են: Այդ հակադրությունում երևում են ուժեղ, կենսունակ ձեռքերը: «Ճիշտ է, ես չեմ կարող մատների ծայրերով «տեսնել» աստղային երկինքը, բայց շուրջբոլորը ճանաչելու համար ինձ լիովին կբավարարեն»` խորհրդածում է հոդվածագիրը:

«Երբ ես դիտում և մեկնաբանություններ էի գրառում ցուցադրվող նկարների մասին, ոմանք զարմանում էին` չտեսնողն ի՞նչ պետք է հասկանա գեղանկարչությունից, չէ՞ որ նույնիսկ մանրամասն, վառ նկարագրությունը չի կարող ստեղծել տեսողական պատկեր: Ժամանակին նման կարծիք է հայտնել նաև ռուս գրող Ա. Գերցենը. նա այցելել է Էրմիտաժ և փորձել գրավոր ներկայացնել իրեն հիացրած մի քանի կտավի բովանդակություն, բայց, ի վերջո, հրաժարվել է. «Դե, իհարկե, նկարները պետք է դիտել և ոչ թե պատմել»: Այդ ակնարկն ուղղված է բոլորին, բայց ոչ չտեսնողներին, ովքեր հնարավորություն չունեն «դիտելու» նկարները. սակայն դա տգիտությունն արդարացնելու պատճառ չէ. հոդվածում ես փորձեցի գեղարվեստական կտավները ներկայացնել այնպես, ինչպես ինքս եմ անձամբ «տեսնում»:

Կիսելով Վերժբիցկու, Գոստիշչևի և շատ շատերի լավատեսական տրամադրությունները, արձանագրենք ակնհայտ իրողությունները. բազմաթիվ չտեսնող գիտնականներ, արվեստագետներ, գրողներ, բանաստեղծներ, գուսաններ, երգիչներ փառքով են պսակել իրենց անունները` մեծ ավանդ բերելով մշակույթի, արվեստի, գիտության զարգացմանը: Հիշատակենք բազմաթիվ նշանավոր անհատներից միայն մի քանիսին. աշխարհահռչակ գիտնական Լուի Բրայլ. ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Պոնտրյագին, ում գիտական աշխատություններով, դասագրքերով են կրթվում տարբեր երկրների հազարավոր ուսանողներ. մանկավարժական գիտությունների թեկնածու, կույրուխուլ Օլգա Սկորոխոդովա, մանկավարժական գիտությունների դոկտոր, կույրուխուլ ամերիկուհի Հելեն Քելլեր, հայ իրականությունում` կոմպոզիտոր Նիկողայոս Տիգրանյան, գուսան Հավասի, կոմպոզիտոր Սիմոն Հովհաննիսյան, որոնց երգն ու երաժշտությունը հաճույքով ունկնդրում ու կատարում են հայ ժողովրդի զավակները աշխարհի բոլոր ծագերում, բանասիրական գիտությունների դոկտորներ Ալբերտ Մուշեղյան, Երջանիկ Գևորգյան:

Մեծ գրող Չառլզ Դիկենսը «Ամերիկյան գրառումներ»-ում իր հերոսուհու` կույրուխուլ Լորա Բրիջմանի կենսասեր սխրանքը ներկայացնելով, փաստում է, թե ինչպիսի բացառիկ ընդունակություններ կարող է դրսևորել մարդը նույնիսկ անելանելի թվացող խաչմերուկներում` ցուցաբերելով աներևակայելի կամք, խիզախություն, հոգու անմարելի կորով ու գեղեցկություն:

Մարդու հոգու գեղեցկությունն ու անմարելի լույսը, հզոր կամքը, բանականության աներևակայելի հնարավորությունները հաղթահարում են ֆիզիկական մեծագույն կորուստների հարուցած բոլոր խոչընդոտները. պայծառագույն օրինակներից է ամերիկուհի կույրուխուլ Հելեն Քելլերի զարմանալի կենսագրությունը: Հարկ եմ համարում մի հատված մեջբերել Կարինե Պետրոսյանի «Լույսի ճանապարհով» հոդվածից. «Կարդալով Հելեն Քելլերի ինքնակենսագրական գիրքը` խղճահարության մասին խոսք անգամ լինել չի կարող: Այն սկզբից մինչև վերջ առաջացնում է միայն հիացմունք ու զարմանք: Ծանոթանալով երկաթյա կամք ունեցող կույրուխուլ կնոջ կենսագրության մանրամասներին` դեռ հարց է առաջանում` թե ով է տեսնում ու լսում, իսկ ով` ոչ: Քելլերը իր օրինակով գծեց հնարավորի և անհնարինի սահմանները: Մատներով հպվելով ջութակին՝ նա «լսում էր» դրա կախարդիչ հնչյունները, շոշափելով մեծագույն նկարիչների գլուխգործոցները` իր ներաշխարհն էր տեղափոխում դրանց գույները, նկարչի մտորումներն ու հույզերը: Քելլերը մի շարք գրական գործերի հեղինակ է` «Իմ կյանքի պատմությունը», որի հիման վրա նկարահանվել է «Հրաշագործը» կինոնկարը` նվիրված իր ուսուցչուհի Աննա Սիլվանին, «Իմ աշխարհը», «Օրագիրը», «ՈՒսուցչուհի Աննա Սիլվանը»: Քելլերը ԱՄՆ-ի, Գերմանիայի, Շոտլանդիայի համալսարանների պատվավոր դոկտոր էր, նրա մտերիմ ընկերներն էին Մարկ Տվենը, Չառլի Չապլինը, Բեռնարդ Շոուն, Ջոն Քենեդին, ովքեր մեծագույն հարգանք էին տածում այս յուրահատուկ կնոջ հանդեպ, ով արիաբար ճեղքեց և անցավ խավարի ու լռության միջով: «Աշխարհում լավագույն ու գեղեցկագույն երևույթները չի կարելի տեսնել, դրանց չի կարելի նույնիսկ դիպչել. դրանք պետք է սրտով զգալ: Նայել և չկարողանալ տեսնել ճշմարտությունը` սա ավելի վատ է, քան կույր լինելը»,- ծանոթ լինելով Քելլերին դեռևս վաղ տարիներից, հետևելով նրա անցած ճանապարհին ու գործունեությանը՝ Մարկ Տվենն այսպես է արտահայտվել նրա մասին:

Ի դեպ, Քելլերը տիրապետում էր լատիներեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, հունարեն լեզուներին: Նա գրող էր, հասարակական գործիչ, ուսուցչուհի»:

Ուրեմն կեցցե այն կյանքը, որից, եթե խլված է աչքի լույսը, բայց ոչ` հոգու լույսը: Թերևս առաջնայինը հոգու գեղեցկությունն է, մարդու ամենամեծ արժանիքը: Այս առումով շատ ուշագրավ է մեծն Անրի Թրուայայի «Դիմանկարը» հոգեբանական հրաշալի պատմվածքը, որում հանճարեղ հայ գրող-արվեստագետը մարդու կերպարում առաջնային է համարում հոգու գեղեցկությունը. նկարիչ Մալվուազենը կտավին է հանձնում քաղաքապետ Բուգասի հոգու տգեղությունը, որից վերջինս ցնցվում է, գոչելով. «Դա ես չեմ».
«Ձեր հոգին է, Դուք ինքներդ ձեզ չե՞ք ճանաչում. կարող եմ հավաստիացնել, որ նմանությունը կատարյալ է։ Իհարկե ես չեմ պատկերել ձեր մարմնական պատյանը, սա Ծեր հոգին է»,- ասում է նկարիչը: Մալվուազենը կտավին է հանձնում նաև իր կնոջ` Լյուսիենի պատկերը` հոգու գեղեցկությունը, բայց արդեն ֆիզիկապես ծերացած, տգեղացած կնոջ հոգու գեղեցկությունը: Նկարիչը կնոջն ասում է. «55 տարի առաջ, երբ դու երիտասարդ էիր, հոգիդ արժանի չէր քո գեղեցիկ մարմնին, այժմ գեղեցիկ հոգիդ արժանի չէ քո ծերացած մարմնին»:

Այս ամենը շարադրեցի, որ այնուհետև ընթերցողին ներկայացնեմ Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանի ուսանելի, կյանքով լեցուն կենսագրությունը` հասարակությանը, երիտասարդներին  մեկ անգամ ևս հիշեցնելու, թե որքա՜ն կենսունակ է մարդ անհատը` նույնիսկ կյանքի ամենադժվարին խաչմերուկներում:

Կյանքի դժվարությունները հաղթահարած, Արարատ սրբազան լեռան ու Արագածի բարձունքները նվաճած, աշխարհի մի շարք նշանավոր համալսարաններում փայլուն կրթություն ստացած երիտասարդ արցախցին շատ հակիրճ ու համեստ ներկայացնում է իր կենսագրությունը` խոհեմաբար ի միտ ունենալով մեծն Լև Տոլստոյի բանաձևած մարդու արժանիքի մաթեմատիկական ճշգրիտ գնահատականը. «Մարդը նման է կոտորակի. համարիչում այն է, ինչ նա իրականում, իսկ հայտարարում այն է, ինչ նա մտածում է իր մասին. որքան մեծ է հայտարարը, այնքան փոքր է կոտորակը…»:

Ներկայացնենք հատված Արտակ Բեգլարյանի ելույթ-տեսաուղերձից.

Ողջույն… Ես Արտակ Բեգլարյանն եմ… Երբ 6 տարեկան էի` 1995 թվականին, Արցախում, ականի պայթյունից կորցրի տեսողությունս: Մայրիկս ցանկանում էր ինձ տանել Երևանի տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ դպրոց: Սկզբում ընդդիմացա, որովհետև չէի ուզում հեռու լինել իմ ընտանիքից։ Ես 6 տարեկան էի… Այնուհանդերձ, մայրիկս վերջապես համոզեց՝ ասելով, որ դպրոցում շատ բան կսովորեմ` կարդալ, նվագել, հյուսնություն և այլն: Ոգևորվեցի և ասացի.«Ես կհաճախեմ այդ դպրոցը, կսովորեմ հյուսնություն և կգամ վերանորոգելու մեր ջարդված բազմոցն ու զգեստապահարանը»:

Կարծում եք` դա զուտ մանկական ցանկությո՞ւն էր… Ես դպրոցում ձեռք բերեցի բազմակողմանի, հիմնարար գիտելիքներ: Այնուհետև կրթությունս շարունակեցի Հայաստանի, Հունաստանի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի համալսարաններում: Վերադառնալով հայրենի քաղաք՝ Ստեփանակերտ, այժմ աշխատում եմ որպես Արցախի վարչապետի խոսնակ: Թեև չեմ սովորել հյուսնություն, բայց ամեն օր անում եմ հնարավորինը՝ վերանորոգելու իմ շրջապատում առկա ջարդված բազմոցներն ու զգեստապահարանները…

Շնորհիվ «Լույս» հիմնադրամի հայրենանվեր գործունեության՝ այժմ հարյուրավոր պայծառ երիտասարդներ ստեղծել են մի հրաշալի ցանց ու առանցք և քայլում են վերականգնելու, վերանորոգելու հայրենիքի ջարդված մասերը։ Նրանք կառուցում են նոր արահետներ և փնտրում նոր լուծումներ:

Տարիների փայլուն կրթությունն ինձ հավատ, վստահություն ու համարձակություն ներշնչեց, և ես բարձրացա բիբլիական Արարատի գագաթը: Շատերը թերահավատ էին, որ չտեսնողը կարող է հաղթահարել դժվարամատչելի լեռան բարձունքները: Այո՛, ես դա արեցի, հայկական դրոշները պարզեցի Արարատի գագաթին։ Դա իմ նպատակն էր:

Իսկ ահա ազգային նպատակները կարող ենք իրականացնել միասնաբար։ Ուրեմն, եկե՛ք միավորվենք, արարենք միասին։ Եկե՛ք դնենք մեր ազգային երազանքների դրոշը ամենօրյա գագաթներին միասին։ Այդ դեպքում, ապագան կպտտվի մեր առանցքի շուրջը:

 

Անահիտ ԾԱՏՈՒՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28