ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ 2020 ԹՎԱԿԱՆԻ 44-ՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍ ԿՐԱԾ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԴԱՏԱԽԱԶԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԻ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2021թ. հունիսի 3-ին ԱՀ կառավարության կողմից ընդունվել էր N 579-Ն որոշումը, որով հաստատվել էր 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության միջոցառման իրականացման կարգը:
Հաշվի առնելով տարածված դժգոհությունները, 2021թ. օգոստոս ամսից ԱՀ դատախազությունը սկսել է ուսումնասիրել հիշյալ ծրագրով նախատեսված՝ կաթնատու և մսատու կենդանիների, մեղվաընտանիքների կորստի դիմաց աջակցություն ցուցաբերելու համար տեղեկությունների տրամադրման գործընթացի օրինականությունը:
Կատարված ուսումնասիրության արդյունքներով պարզվել է հետևյալը.
-Որպես կառավարության վերոհիշյալ որոշման շահառու, ԱՀ էկոնոմիկայի և գյուղատնտեսության նախարարությանը դիմել է 8004 քաղաքացի: Նշված անձանց թիվը, անասունների և մեղվաընտանիքների քանակն ու աջակցության ենթադրյալ թիվը (առանց կառավարության որոշմամբ նախատեսված՝ աջակցության առավելագույն չափի սահմանափակումները հաշվի առնելու) ըստ ԱՀ վարչատարածքային միավորների ունի հետևյալ պատկերը (տես՝ կից ներկայացված աղյուսակում):
Հիշյալ աղյուսակում բերված վիճակագրությունը բավականին խոսուն ու համոզիչ տվյալներ է պարունակում այն մասին, որ գործընթացում առկա են, մեղմ ասած, խնդիրներ ու թերություններ: Նախ, որոշ դեպքերում վնասված կամ կորսված կենդանիների ու մեղվաընտանիքների ընդհանուր թիվը գերազանցել է տվյալ վարչատարածքային միավորումում նախապատերազմյան շրջանում հաշվառվածների թվին: Առանձին դեպքերում, եթե այն նույնիսկ չի գերազանցել, ապա պատկերված վիճակագրությունն ինքնին բավարար է թվերի անտրամաբանական ու առերևույթ կեղծ լինելը փաստելու համար: Օրինակ, ըստ բերված վիճակագրության՝ Շահումյանի շրջանում կորսվել կամ վնասվել է խոշոր եղջերավոր անասունների 44,5 տոկոսը, մանր եղջերավոր անասունների 45,6 տոկոսը, հաշվառված 2367 մեղվաընտանիքի փոխարեն կորսվել է 3796 մեղվաընտանիք, Քաշաթաղի շրջանում հաշվառված 6632 մեղվաընտանիքներից կորսվել է 5846-ը կամ 88 տոկոսը, Ասկերանի շրջանում կորսվել է հաշվառված խոզերի 64 տոկոսը, մեղվաընտանիքների՝ 82,8 տոկոսը: Տպավորություն է, որ Հադրութի շրջանից ընդհանրապես մանր կամ խոշոր եղջերավոր անասուններ, խոզեր, մեղվաընտանիքներ չեն տարհանվել, կորսված խոշոր եղջերավոր անասունների թիվը 2034-ով գերազանցում է հաշվառվածների թվին, կորսվել է մանր եղջերավոր անասունների 91,9 տոկոսը, կորսված խոզերի քանակը գերազանցում է հաշվառվածին ավելի քան 2,5 անգամ, իսկ մեղվաընտանիքներինը՝ 2,7 անգամ:
-ԱՀ կառավարության N 579-Ն առ 03.06.2021թ. որոշմամբ հաստատված կարգի 3-րդ կետի համաձայն՝ կաթնատու, մսատու կենդանիների, մեղվաընտանիքների քանակը որոշվում է համապատասխան համայնքի ղեկավարի կամ շրջանի վարչակազմի ղեկավարի, շրջանի անասնաբուժական կայանի տնօրենի կողմից տրամադրված տեղեկությունների հիման վրա, ընդ որում ելակետային տվյալներ են հանդիսանում 2020 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ հաշվառված տեղեկությունները:
Կարդացեք նաև
Դատախազության կողմից կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ համայնքներում տնտեսությունների հաշվառման գրքերում (Ձև 1 գիրք) բնակիչներին պատկանող կենդանիների, մեղվաընտանիքների հաշվառումն իրականացվել էր յուրաքանչյուր տարվա հունվար-փետրվար ամիսներին, ընդ որում հիմնականում ոչ լրիվ ծավալով և տարվա ընթացքում չեն հաշվառվել անկմամբ, վաճառքով ու ձեռքբերմամբ պայմանավորված՝ կենդանիների ու մեղվաընտանիքների քանակական փոփոխությունները:
Համայնքների բնակիչներին պատկանող անասնագլխաքանակի, մեղվաընտանիքների հաշվառման գործընթացը անպատշաճ վարելու հետևանքով, ԱՀ կառավարության վերոհիշյալ որոշմամբ սահմանված տեղեկությունները համայնքների ղեկավարների կողմից հաճախ ներկայացվել են իրականի համեմատությամբ քիչ կամ այն գերազանցող քանակով՝ ներկայացված պաշտոնական փաստաթղթերի հիմքում հաճախ չունենալով որևէ հիմնավորում:
– 2020թ. 44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած համայնքների տնտեսությունների հաշվառման գրքերը մեծամասամբ չեն տարհանվել, ուստի այդ համայնքների բնակիչներին պատկանած կենդանիների ու մեղվաընտանիքների քանակի վերաբերյալ համայնքների ղեկավարների կողմից ներկայացված տեղեկությունները հիմնականում ձևավորվել են շահառուների հայտարարությունների կամ բնակիչներից ստացված տեղեկությունների կամ վկայությունների հիման վրա: Դատախազական ստուգումների ընթացքում մի շարք համայնքների ղեկավարներ իրենք անձամբ են կասկածի տակ առել իրենց կողմից ներկայացված տեղեկությունների հավաստիությունը՝ դրանք ներկայացնելու պահին ելակետային ու փաստաթղթային հիմքի բացակայության պատճառով:
– Նույնպիսի մոտեցում է որդեգրվել նաև կաթնատու և մսատու կենդանիների ու մեղվաընտանիքների ոչնչացման կամ կորստի դեպքերի հաշվառման պարագայում: Նման դեպքերը, որպես կանոն, որևէ մեկի կողմից չեն արձանագրվել, այդպիսի փաստերի հիմնավորման հիմքում դրվել են միմիայն շահառուների հայտարարությունները: Համայնքների բնակիչները տիրապետում են բազմաթիվ տեղեկությունների այն մասին, որ այս կամ այն շահառուն պատերազմի օրերին և դրանից հետո իրեն պատկանող անասունները, մեղվաընտանիքները տեղափոխել էր Հայաստանի Հանրապետություն կամ վաճառել էր դրանք կամ միսը օգտագործել անձնական նպատակներով, մինչդեռ այդ անձինք նույնպես դիմել են գործադիր իշխանությանը՝ դրամական աջակցություն ստանալու համար:
Հատկանշական է, սակայն, որ շահադիտական դրդումներից ելնելով, քաղաքացիների մոտ ձևավորվել է նման տեղեկությունները գաղտնի պահելու փոխշահավետ շարժառիթ՝ «ես չեմ հրապարակում կամ բարձրաձայնում քո արարքները, իսկ դու՝ իմը» խոստման տեսքով: Արձանագրվել են դեպքեր, երբ համայնքի բնակիչը «մեղադրել» է համայնքի ղեկավարին անասունների քանակը իրական թվի համեմատ ավելին չներկայացնելու համար՝ «քեզանից ի՜նչ է գնում», «հո՞ դու չես վճարողը», «տես՝ մնացածները ոնց են իրենց բնակիչներին աջակցում» կեղծ հայտարարություններով:
– ԱՀ կառավարության N 579-Ն առ 03.06.2021թ. որոշմամբ սահմանված կարգը նախատեսում է նաև աջակցության չափի առավելագույն շեմ (եթե անասունների մեծ քանակի պատճառով մեկ միավորի համար սահմանված աջակցության չափի ու անասունների քանակի արտադրյալը գերազանցում է սահմանված առավելագույն շեմը), այդ պատճառով արձանագրվել են նաև դեպքեր, երբ աջակցության հայտերը ներկայացվել են տարբեր անձանց անուններով:
– Առանձին դեպքերում ի հայտ են բերվել նաև առերևույթ պաշտոնեական փաստաթղթերի կեղծման մասին վկայող տվյալներ, որոնց հիման վրա ԱՀ դատախազության կողմից հարուցվել է երկու քրեական գործ, որոնք նախաքննություն կատարելու համար ուղարկվել են ԱՀ քննչական կոմիտե։ Դատախազական ստուգման ընթացքում հաճախակի են հայտնաբերվել այնպիսի դեպքեր, երբ թեև փաստաթղթերում ներառված տեղեկությունները իրականությանը չէին համապատասխանում, սակայն իրականում դրանք ոչ թե համայնքի ղեկավարի դիտավորյալ գործողությունների, այլ բնակչին վստահելու և նրա տրամադրած բանավոր տեղեկություններով ղեկավարվելու հետևանք էին:
Այսպիսով, 2020թ․ 44-օրյա պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացի դատախազական ուսումնասիրության արդյունքները վկայում են այն մասին, որ խնդրահարույց է կառավարության սոցիալական քաղաքականության շահառուների շրջանակը և նրանց տրամադրվող աջակցության ծավալները որոշելու մեթոդաբանությունը, անարժանահավատ են տեղեկությունների ստացման աղբյուրները, ինչպիսի մոտեցումները իրենց հերթին մեծ կոռուպցիոն ռիսկեր են պարունակում, նպաստավոր պայման են հանդիսանում պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնական փաստաթղթերի կեղծման և հափշտակությունների տեսքով հանցավոր արարքների կատարման համար։ Այն խնդիրները, որոնք ներկայացվել են վերը, կրում են համատարած բնույթ և էական ազդեցություն ունեն կամ կարող են ունենալ շահառուների շրջանակը և աջակցության ծավալը որոշելու հարցում:
Վերոգրյալը թույլ է տալիս փաստելու, որ ԱՀ կառավարության N 579-Ն առ 03.06.2021թ. որոշմամբ սահմանված՝ 44-օրյա պատերազմական գործողությունների հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության տրամադրման գործընթացը ճիշտ կազմակերպելու և աջակցության իրական հասցեատերերի շրջանակն ու ծավալը որոշելու համար անհրաժեշտ է վերանայել տեղեկությունների հավաքագրման եղանակը, աջակցության կարիք ունեցող անձանց շրջանակը որոշելու մոտեցումները կամ փոփոխել աջակցության տրամադրման մեթոդաբանությունն ու նպատակայնությունը՝ յուրաքանչյուր կասկածահարույց անհատական դեպք ենթարկելով մանրակրկիտ ստուգման:
Ակնհայտ է, որ այս գործընթացում թույլ տրվող ենթադրյալ չարաշահումների, խախտումների կամ անհրաժեշտ տեղեկությունների հավաքագրման ելակետային աղբյուրների անկատար լինելու հետևանքով առաջնահերթ տուժում են կամ նման վտանգի ենթարկվում են բարեխիղճ ու օրինապաշտ քաղաքացիները, այդուհանդերձ, այս իրավիճակում հանրային շահը մասնավորի նկատմամբ պետք է դիտարկել որպես գերակա, քանզի խոսքը պետական բյուջեի բավականին մեծ միջոցների հնարավոր վատնման, փոշիացման կամ հափշտակության մասին է:
Այս գործընթացի օրինականությունը պարզելու ուղղությամբ դատախազության կողմից ուսումնասիրությունը և ստուգումները շարունակվում են, իսկ արդեն վեր հանված խնդիրների ու թերությունների վերաբերյալ առաջիկայում գրավոր հաղորդում է ներկայացվելու ԱՀ գործադիր իշխանությանը
ԱՀ դատախազություն