«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հկ-ի իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը տարակուսած է, որ ԲԴԽ-ն, որը կոչված է դատավորների անկախությունը պաշտպանելու, ճանապարհ է հարթում այնպիսի արատավոր երեւույթի համար, ինչպիսինն է դատավորի կալանավորումը: Այս մասին Հասմիկ Հարությունյանն ասաց այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված «Անկախ դատավորը՝ քրեական հանցագո՞րծ. ինչ հիմքով են հետապնդվում ոչ իշխանահաճո վճիռներ կայացրած դատավորները», թեմայով քննարկման ժամանակ:
Քննարկմանը մասնակցության հրավեր էր ուղարկվել նաեւ ԲԴԽ, սակայն հրաժարվել էին մասնակցել՝ չհիմնավորելով պատճառը:
Հիշեցնենք, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Արղամանյանն այսօր որոշում կայացրեց՝ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու մասին։ Բորիս Բախշիյանի նկատմամբ հետապնդում է իրականացվում՝ Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի դեմ ցուցմունք տված Նիկոլ Փաշինյանի աջակցին կալանավորելու համար, թեեւ ըստ պաշտպանական կողմի՝ ամբաստանյալն ինքն էր դրսեւորել ոչ պատշաճ վարքագիծ՝ չներկայանալով դատական նիստերին։ Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասով՝ անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետեւանք։ Ի դեպ, Մանվել Փարամազյանը նույնպես կալանավորվեց: Հիշեցնենք նաեւ, որ Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսվեց Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի խափանման միջոց կալանքը փոխելուց հետո:
Դատավորի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու առիթով՝ տարբեր կողմերի՝ դատախազությունից, ԲԴԽ-ից, հնչեցված պարզաբանումների ֆոնին, Հասմիկ Հարությունյանն արձանագրում է, որ դատավորի նկատմամբ քրեական հետապնդումը եւ նրան կալանավորելու որոշումը ծայրահեղ անհամաչափ, կասկածների եւ մտահոգությունների տեղիք տվող որոշում է : Այսպիսով, ըստ նրա, մենք մեկ քայլ ետ ենք գնում դատական համակարգի անկախության եւ իրավական պետության կառուցման հույսերի մասով: Սակայն, գործի ամբողջական հանգամանքներին ծանոթ չլինելով եւ դատավորի կալանքի որոշման հիմնավորումներին ծանոթ չլինելով՝ նա նաեւ վերապահումներ ունի քննարկման հարցադրման հետ: Նկատում է՝ իրավական համայնքի տարբեր ներկայացուցիչներ, իր գնահատմամբ մանիպուլյատիվ հայտարարություններ են արել այս գործի առնչությամբ, սակայն, դատավորի կողմից քննվող գործի մանրամասներին ծանոթանալը, կարծում է, որ շատ հանգամանքներ կարող է ի հայտ բերել, ինչը ցույց կտա, որ դատավոր Բորիս Բախշիյանի կողմից գործի քննության ընթացքում թույլ են տրվել որոշակի վարքագիծ, որը կարող էր քննության առարկա դառնալ, օրինակ, կարգապահական վարույթի:
Կարդացեք նաև
«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանն էլ այս ամենը արձագանքն է համարում դատական համակարգում տարիներ շարունակ առկա խնդիրների, որոնք գնալով ոչ թե լուծվում են, այլ՝ խորանում: Մի բան նրա համար ակնհայտ է, որ կալանքը խափանման միջոց է եւ պիտի կիրառվի ծայրագույն դեպքում: «Ես չեմ հասկանում, թե կալանավորումը, կոնկրետ այս դատավորի պարագայում, ի՞նչ խնդիր է լուծում: Եթե կա հանցակազմի տարրեր նրա վարքագծում, թող ընտրվի խափանման այլ միջոց եւ գործի արագ քննության արդյունքում ցույց տրվի, թե դատավորի արարքը քրեաիրավական ինչպիսի կոնկրետ որակում պետք է ստանա»,- ասաց Հայկ Մարտիրոսյանը՝ համամիտ լինելով, որ գործերի ժամանակագրությունը սուբյեկտիվ մոտեցումն ակնհայտ է դարձնում:
«Կալանքը չպետք է դրսեւորվի, որպես տվյալ անձին հպատակեցնելու միջոց, սա պատժի տեսակ չի եւ եվրոպական կառույցները չափազանց լուրջ գնահատականի են արժանացրել այս առումով հայկական պրակտիկան եւ կոնկրետ անձերի դեպքում հորդորել են այլ պրակտիկա դրսեւորել»,- հավելեց Հայկ Մարտիրոսյանը:
Խոսելով դատավորների անկախության համար առկա խոչընդոտներից, մասնավորաբար, 2018-ից հետո արված իբր քայլերից, որոնք կոչված էին ապահովել դատավորների անկախությունը, Հասմիկ Հարությունյանն ասաց, որ իր կարծիքով առհասարակ տապալվեց դատական համակարգի բարեփոխումները եւ ներկայիս գործընթացներն են խոսում այդ փաստի օգտին. ձեռնարկվող քայլերը ոչ թե լուծում են խնդիրները, այլ լրացուցիչ խնդիրներ են ստեղծում դատական համակարգի ներսում՝ թե դատավորների անկախության, թե համակարգի ինստիտուցիոնալ անկախության մասով: Հասարակությունն, ինչպես չի վստահել, այնպես էլ շարունակում է չվստահել դատական համակարգին. «Դատական համակարգի բարեփոխում չի իրականացվել եւ չի իրականացվում: Այս հատային բնույթ կրող գործողություններն ավելի շատ միտված են լրացուցիչ ճնշման որոշակի մթնոլորտ ստեղծել : Այն դատավորների, որոնք իսկապես այդ անկախության կրողներն են, նրանց համար լրացուցիչ զսպող եւ վախի տարրեր պարունակող մթնոլորտ ստեղծելու համար են: Այն խնդիրները, որոնք ունեինք, փաստացի կրկնապատկվում են»: Վեթինգը, ըստ նրա, նույնպես մնացել է անցյալում եւ այս իշխանության հետ, այդ ինստիտուտը կարող ենք այլեւս չքննարկել. «Վեթինգը վերեւից էլ պետք է սկսվի եւ ինքը՝ ԲԴԽ-ն պետք է առաջին հերթին վեթինգի առարկա դառնա, որովհետեւ նույն ԲԴԽ-ն ձեւավորման առաջին օրից ոչ լայն հասարակության, ոչ էլ մասնագիտական համայնքի վստահությունը չկարողացավ շահել: Եվ այն մարմինը, որը պետք է հանդես գար, որպես այդ անկախության ապահովողը, փաստացի, այսօր լրիվ հակառակ կարգավիճակով է հանդես գալիս եւ ավելի շատ խնդիրներ է ստեղծում դատավորների համար»:
Հայկ Մարտիրոսյանն էլ ասաց. «Իրավական համակարգում կան շատ գրագետ եւ պրոֆեսիոնալ ծառայողներ, ովքեր ուժերի գերլարմամբ փորձում են լինել անկախ, քանի որ ոչ նախկինում, ոչ էլ հիմա, մեր օրենսդրությունն իրավական համակարգի անկախության համար երաշխիքներ չի ստեղծում: Հակառակը, անընդհատ խորացվել են այն իրողությունները, որոնք դատավորներին կարող են դնել եւ դնում են կախման մեջ: Օրինակ, ստեղծվել է դատավորների գործունեության գնահատման հանձնաժողով եւ չպատկերացնելով, թե միտումնավոր, ձեւավորվել է մի իրավիճակ, երբ դատավորի գործունեությունը կարող է գնահատվել նաեւ նրա կայացրած որոշումներով, այն պարագայում, երբ ամբողջ աշխարհում դատավորի գործունեությունը կարող է գնահատել բացառապես վերադաս դատարանը»: Բանախոսի գնահատմամբ, որեւէ դատավորի գործունեությունը գնահատել նրա աշխատանքի ընթացքում, այն էլ ինչ-որ հանձնաժողովի կողմից, ոչ այլ ինչ է, քան ճնշում նրա աշխատանքի նկատմամբ, այդ թվում նաեւ քաղաքական ենթատեքստից ելնելով:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարները՝ «Մեդիա կենտրոնի»