Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՊՊԱ-ի բյուրոյի ղեկավարը վարորդներին հորդորեց առաջարկներ ներկայացնել, վարորդները պահանջեցին նախ չեղարկել թանկացման մասին որոշումը

Փետրվար 07,2022 17:59

 «ԱՊՊԱ-ն չի թանկանալու» նախաձեռնության անդամներն այսօր կրկին բողոքի ցույց էին անում, նրանք իրենց ԱՊՊԱ պայմանագրի թանկացման մասին որոշումը չեղարկելու պահանջից բացի՝ նաեւ պահանջում են ապահովագրողների բյուրոյի ղեկավարի հրաժարականը։

Վարորդների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Արտակ Խաչատուրովը լրագրողների հետ զրույցում ասաց, որ վարորդները չեն պատրաստվում ԱՊՊԱ պայմանագրի փոփոխված՝ թանկացած տարբերակով վճարել․ «Շատերն արդեն որոշել են ընդհանրապես ԱՊՊԱ չանել, մենք դա հազիվ կանխում ենք, հանգստացնում ենք վարորդներին»: Խաչատուրովի խոսքով՝ վարորդները դեմ չեն ԱՊՊԱ համակարգին, սակայն այս թանկացումը պետք է հիմնավորված լինի։ Նա ասաց, որ հրավեր են ստացել, հաջորդ շաբաթ ԱԺ-ում այս խնդիրը պետք է քննարկվի․ «Մի պայմանով ենք համաձայնել, որ ոչ թե հավաքվենք, խոսենք, գնանք, այլ փոխզիջումային լուծում գտնենք»:

Ցույցի մասնակիցներից մեկն ասաց, որ այս թանկացումը արդարացի չէ, օրինակ՝ ընդհանրապես վթար չունեցող վարորդի համար մինչ այս թանկացումը ԱՊՊԱ պայմանագիրը 28 հազար դրամ էր, հիմա դառնում է 41 հազար։

Վարորդներն այսօր երթով գնացին ԱՊՊԱ բյուրոյի շենք, որտեղ հանդիպեցին բյուրոյի գործադիր տնօրեն Վաղինակ Եղիազարյանի հետ։ Եղիազարյանի հետ բյուրոյի շենքի նախասրահում ոտքի վրա, հարցուպատասխանով «շփվեցին»։

Որոշման չեղարկման մասին վարորդների առաջարկը Վաղինակ Եղիազարյանը մերժեց։ Նա ասաց, որ ԱՊՊԱ ծառայության ինքնարժեքի հիմնական մասը հատուցումներն են, որն աճել է վերանորոգման, պահեստամասերի աճի արդյունքում, սրա հետեւանքով էլ երբեւէ չվերանայված սակագներն արդեն համարժեք չէին ապահովելու համապատասխան հատուցումները։

Արտակ Խաչատուրովն ասաց, որ որոշման մասին շահառուները նախապես իրազեկված չեն եղել, ուստի պահանջում են չեղարկել որոշումը, իրազեկել ու հետո անցնել փաթեթի քննարկմանը։ Եղիազարյանն էլ վստահեցրեց՝ ինչպես կարգը պահանջում է՝ իրազեկել են՝ նախագիծը դեկտեմբերին տեղադրվել է ԱՊՊԱ բյուրոյի կայքում, դեկտեմբերի վերջին որոշումը կայացվել է, ապա ԿԲ գրանցումից հետո հայտարարություն է տարածվել։ Մինչդեռ Խաչատուրովը պնդեց, որ դա հանրային իրազեկում չէր, եւ շատ վարորդների համար վատթարացնող նորմ է ընդունվել, ինչի մասին վարորդներին նախապես չեն տեղեկացրել, այլ միայն որոշումն ընդունելուց հետո են իմացել, նախապես վարորդների հետ չի քննարկվել․ «Վարորդների շահերը հաշվի չեն առնվել»։

«Եթե ես ասում եմ՝ ծառայության գները բարձրացել են, դուք ասում եք՝ վարորդի շահերը չեն պաշտպանվել։ ԱՊՊԱ ոլորտը կառուցված է բոլոր մասնակից անձանց վճարած միջոցների հաշվին, եթե հատուցումները մեծանում են, իսկ վերեւի սահմանը՝ սակագինը մնում է նույնը, շահերը հաշվի առնելով․․․ այսինքն, ի՞նչ տարբերակ կար»,-ասաց Եղիազարյանը։ Նրա խոսքով՝ կամ պետք է մի խմբի համար շատ թանկանար կամ բոլորինը ինչ-որ չափով, մի մասինը՝ ավելի շատ։Վաղինակ Եղիազարյանը վստահեցրեց, որ ԱՊՊԱ-ն 300%-ով չի թանկացել, ինչպես պնդում են ցույցի մասնակիցները․ «Չի կարող մի խոշոր պատահար լինի ու այդքան թանկանա, միջինը մոտ 100% է թանկանում»։

Ցույցի մասնակիցները անդրդվելի էին, նրանք, որքան էլ Եղիազարյանը փորձեր արդարացնել բյուրոյի որոշումը, պնդում էին՝ չեղարկել որոշումը․ «Մենք ասում ենք՝ ճիշտ չի ներդրված, գնալով դժգոհությունն ավելանալու է, պահանջում ենք փաթեթը փոփոխության ենթարկել, քանի որ անբարենպաստ պայմաններ են ստեղծվելու»։

Բոնուս-մալուս համակարգի փոփոխության մասին հարցին, թե՝ ինչ արդյունք է տվել այդ համակարգը, Վաղինակ Եղիազարյանը պատասխանեց․ «Բոնուս-մալուսը միտված է վարորդների վարքագծի վրա ազդելու, նրանք ովքեր շատ են վթար պատճառում, հասկանան, որ դրանից տուգանվում են, որպեսզի իրենց վարքագիծը փոխեն, իսկ նրանք, ովքեր քիչ են վթար պատճառում, խրախուսվեն։ Համակարգը մարդկանց վարքագիծը փոխել է, բայց եթե չի աշխատում, պետք է հասկանալ՝ ինչո՞ւ»։

Եղիազարյանն ի վերջո ցույցի մասնակիցներին առաջարկեց՝ մինչեւ մարտի 1-ը ժամանակ ունեք քննարկեք, լավ առաջարկներ ներկայացրեք, անպայման կնայենք, եթե հիմքեր կան, ընդունելի են, որեւէ կերպ առնչվում է ԱՊՊԱ-ի բարելավման հետ, հաշվի կառնենք։

Սակայն վարորդներն անդրդվելի էին, նրանք պահանջում էին նախ կասեցնել որոշումը, հետո նոր փաթեթն ու առաջարկները քննարկեն։

Կողմերը համաձայնության չեկան, վարորդները հեռացան բյուրոյի շենքից, նշելով՝ ցույցերը շարունակելու են։

Հիշեցնենք, որ ԱՊՊԱ պայմանագիրն այսօրվանից թանկանում է տարեկան 3 հազար դրամով, սակայն բոնուս-մալուս համակարգում էլ փոփոխություն է կատարվել, որով որոշակի գումարի վթարի եւ հատուցման պարագայում վարորդի հաջորդ ԱՊՊԱ պայմանագիրը զգալիորեն թանկանում է։ Վարորդների դժգոհությունն է հարուցել նաեւ այն հանգամանքը, ըստ որի, եթե ոչ թանկարժեք մեքենայի վարորդը վթարային իրավիճակում հայտնվի, վթարը տեղի ունենա իրենցից անկախ, բայց ինքը համարվի վթարի պատճառ ու թանկարժեք մեքենային վնաս պատճառվի, ապա վթար պատճառողի համար, պատճառած վնասից կախված հաջորդ ԱՊՊԱ պայմանագիրը մեծ չափով է թանկանալու։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայ մարդ says:

    Այս իշխանությունն իրեն հռչակել էր իբր «ժողովրդի իշխանություն», բայց կատարած քայլերից ակնհայտորեն հասկացվում է, որ պաշտպանում է երկրի փողատերերի շահերը: Անընդհատ թանկանում են պարենային ապրանքները, ավելացել է բնակարանների գույքահարկը, թանկացավ ջուրը, էլեկտրաէներգիան: Հիմա էլ թանկանկացնում են ԱՊՊԱ-ն, որը կբերի նրան, որ առանց այն էլ հարուստ ապահովագրական ընկերությունները մի քանի անգամ ավելի հարուստ կդառնան, իսկ բնակչությունը ավելի կաղքատանա: Ավտոմեքենա պահելը կդառնա թանկ հաճույք, միայն հարուստների հաճույքը: Վատն այն է, որ թանկացումների վերջը չի երևում: Պողպատե մանդատը վարչապետին թանկացումների՞ համար էր տրվել, Ժողովրդի՞ շահերը պաշտպանելու, թե՞ խոշոր ընկերությունների:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28