Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության վերացմանը միտված գործողությունների մասին ծանուցել ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանին. հայտարարություն

Փետրվար 07,2022 17:46

Ս․թ․ փետրվարի 3-ին ադրբեջանական և միջազգային աղբյուրներից հայտնի է դարձել, որ Ադրբեջանի կառավարությունը ձևավորել է «աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի առաջադրանքն է՝ աղվանական ճարտարապետական հուշարձաններից հեռացնել «կեղծ հայկական հետքերը»։ Ակնհայտ է, որ այս գործողությունն ուղղված է Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգության վերացմանը, որի արդյունքում նաև հարցականի տակ է դրվելու արցախահայության սեփական հողի վրա ապրելու պահանջների, նրանց իրավունքների պաշտպանության հիմքը։

Այս համատեքստում հատկանշական է հիշեցնել, որ Ադրբեջանի իշխանությունները 2005 թվականին ոչնչացրել են Նախիջևանի Ջուղա քաղաքի հայկական գերեզմանոցն՝ իր հազարավոր արժեքավոր խաչքարերով։ Դրանք տեղահանվել ու ջարդվել են շինարարական տեխնիկայի օգնությամբ և օգտագործվել որպես շինանյութ, իսկ գերեզմանոցի ազատված տարածքը վերածել են զինավարժարանի։ Այդպիսով Ադրբեջանի իշխանություններն ապացուցել են, որ ընդունակ և հետևողական են հայկական պատմական հետքերի ոչնչացմամբ իրականացնել էթնիկ զտման իրենց քաղաքականությունը:

ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով իր 2021թ. դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ որոշմամբ պահանջել է Ադրբեջանից՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման բոլոր գործողությունները, որոնք կատարվել են հայկական մշակութային ժառանգության հանդեպ, այդ թվում՝ եկեղեցիների և պաշտամունքի այլ վայրերի, հուշարձանների, բնության վայրերի, գերեզմանների և այլ արտեֆակտների: Ադրբեջանն իր ներկայիս գործողություններով ոտնահարում է տվյալ որոշումը և ապացուցում իր վճռականությունը ավարտին հասցնելու սկսած գործը:

Ցավալիորեն, Ադրբեջանի նախագահ Ալիևի պարբերական դարձած հայատյաց կոչերը ու անթաքույց էթնիկ զտման ու մշակութային ցեղասպանության քաղաքականությանը պատշաճ և համարժեք արձագանք չեն ստանում Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից։ Վերջինիս դիրքորոշումները հաճախ չեն համապատասխանում Հայաստանի ինքնիշխանության ու անվտանգության, Հայաստանի և Արցախի բնակչության մարդու իրավունքների ոտնահարումներին առնչվող  օրհասական իրավիճակի մարտահրավերներին։

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՀՀ վարչապետից և կառավարությունից (մասնավորապես՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն)՝

ԱՆՀԱՊԱՂ

1.Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության վերացմանը միտված գործողությունների մասին ծանուցել ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանին՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով կիրառված միջանկյալ միջոցի չկատարման/խախտման վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում` լրացուցիչ միջոցների կիրառում պահանջելու և նախատեսվող հանցագործությունները ու հայկական մշակութային ժառանգության անդառնալի կորուստը կանխելու նպատակով:

2.դիմել ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին (այդ թվում՝ գործելով որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր խորհրդի անդամ) և Մշակութային հարցերով հատուկ զեկուցողին՝ կազմակերպելու այցելություն Արցախ և դիտարկելու ու փաստագրելու հայկական հուշարձանների առկա վիճակը:

  • Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
  • Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների
  • Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
  • Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ
  • «Խաղաղության երկխոսություն» ՀԿ
  • Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
  • Երևանի մամուլի ակումբ
  • «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ
  • «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ
  • «Հոդված 3» մարդու իրավունքների ակումբ
  • Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե
  • Ստեղծագործ Եվրոպա հարթակ մշակութային ՀԿ
  • Ինֆորմացիայի ազատության կենտրոն
  • «Փինք» իրավապաշտպան ՀԿ
  • Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան
  • Գորիսի մամուլի ակումբ
  • «Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ
  • Իրազեկ քաղաքացիների միավորում
  • Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ
  • Հանրային լրագրության ակումբ
  • Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ
  • Կանանց իրավունքների տուն
  • Սոսի Թաթիկյան, միջազգային հարաբերությունների և անվտանգության մասնագետ
  • Էդուարդ Աբրահամյան, պ.գ.թ., Բրիտանական Լեսթերի համալսարանի դասախոս և դոկտորանտ
  • Բենիամին Պողոսյան, Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28