Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դուք հեշտ ճնշվողներից չեք». Աղվան Վարդանյանը հիշեցրեց կառավարության խոստումները ու առաջարկեց նվազագույն աշխատավարձը դարձնել 100 հազար դրամ

Փետրվար 07,2022 17:38

Նվազագույն աշխատավարձը վերջին անգամ բարձրացել է 2019-ին՝ 2020-ի համար՝ 55 հազար դրամից դառնալով 68 հազար դրամ: Այսօր ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցությունը նախագիծ է ներկայացրել եւ առաջարկում է նվազագույն աշխատավարձը դարձնել 100 հազար դրամ:

Հիմնական զեկուցող Աղվան Վարդանյանը նշեց, որ նվազագույն սպառողական զամբյուղը 73 հազար 400 դրամ է կազմել, խնդիր ունենք աղքատության հաղթահարման, ուստի տեղին է բարձրացնել նվազագույն աշխատավարձը. «Նկատի ունենալով գնաճը, վերջին շրջանի թանկացումները՝ գազ, էլեկտրաէներգիա, ջուր, կարծում ենք տեղին է նման փոփոխություն անելը»:

Նա նշեց, որ միջին աշխատավարձը դեկտեմբերին կազմել է 255 հազար դրամ, դրա 40 տոկոսը պետք է հաշվեն:

Աղվան Վարդանյանը մի տեքստ էր բերել իր հետ, որը, ինչպես հետո պարզվեց՝ կառավարության 2019-ի եզրակացությունից մեջբերում էր, երբ 55 հազար դրամ նվազագույն աշխատավարձը դարձնում էին 68 հազար դրամ: Այդ հիմնավորումներում մանրակրկիտ նշվում էր, թե ինչ լավ փոփոխություններ կլինեն երկրում, եթե նվազագույն աշխատավարձը բարձրանա, ընդ որում, իրատեսական էր նույնիսկ 150 հազար դրամ նվազագույն աշխատավարձը:

Աղվան Վարդանյանն ասաց, որ կարող են քննարկել ու սահմանել ոչ թե 100 հազար դրամ, այլ, օրինակ, 80 հազար դրամ, բայց այն չի կարող 80 հազարից ցածր լինել, որովհետեւ պարենային ապրանքների գծով գնաճը մեծ է ու պարտավոր են քաղաքացների համար գոնե նվազագույն սպառողական զամբյուղի ծախսն ապահովել: Ըստ Վարդանյանի, եթե հանձնաժողովի անդամներն էլ խելամիտ գտնվեն, կընդունեն առաջարկը:

Հերիքնազ Տիգրանյան

Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը կատակեց, որ բարոյական ու հոգեբանական ճնշում է գործադրում հանձնաժողովի վրա: Աղվան Վարդանյանն էլ արձագանքեց. «Դուք հեշտ ճնշվողներից չեք»:

Տիգրանյանը հետաքրքրվեց՝ հաշվարկ կա՞, թե դա ի՞նչ բեռ է լինելու բյուջեի վրա, եթե նվազագույն աշխատավարձը սահմանեն 100 հազար դրամ: Աղվան Վարդանյանը սոցիալական խարտիան մատնանշեց ու ասաց՝ հնարավոր է դա հաշվել, բայց չէ՞ որ սոցիալապես անապահով մարդիկ, որոնց տալու են այդ գումարը, ծախսելու են այն ու էլի դա մտնելու է շրջանառության մեջ:

Հերիքնազ Տիգրանյանն ասաց, որ եթե նվազագույն աշխատավարձը բարձրացնեն, դրա հետ կապված պետք է փոփոխություն անեն նաեւ պետական պաշտոններ զբաղեցնող անձանց օրենքում էլ ու պաշտոնյաների աշխատավարձն էլ բարձրացնեն, Բյուջեի մասին օրենքն էլ պիտի փոխեն:

«Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը բացասական եզրակացություն ստացավ, թեեւ կառավարության ծրագրով ստանձնել են պարտավորություն ծայրահեղ աղքատությունը վերացնել ու նվազագույն աշխատավարձը սահմանել 85 հազար դրամ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28