Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատրաստ ենք սերտ համագործակցություն ծավալել գիտության և տեխնոլոգիաների ոլորտում». Վահրամ Դումանյանը զրուցել է Իրանի գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարարի հետ

Փետրվար 07,2022 17:26

 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր տեսակապի միջոցով զրուցել է Իրանի Իսլամական Հանրապետության գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մուհամմեդ Ալի Զոլֆիգոլի հետ:

Ողջունելով իրանցի գործընկերոջը՝ Վահրամ Դումանյանը հույս է հայտնել, որ երկու նախարարների առաջիկա հանդիպումն արդեն կանցկացվի դեմ առ դեմ: Նախարարը նշել է, որ երկու օրից լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և այն լավ առիթ է առկա համագործակցությունն առավել բարձր մակարդակի հասցնելու տեսանկյունից:

«Հաճելի է զարգացած ու սերտ հարաբերություններ ունենալ բարեկամական և եղբայրական հարևանի հետ: Ծանոթ եմ Իրանի ուսանողների նվաճումներին, մասնավորապես` ծրագրավորման ոլորտի համաշխարհային մրցույթներում նրանց գրանցած հաջողություններին: Այդ առումով կարևորում եմ բարեկամ Իրանի ուսանողների հետ շփումը և առաջարկում եմ դիտարկել Միջազգային ուսանողական ծրագրավորման համաշխարհային հեղինակավոր մրցույթի (ICPC) շրջանակում ուսանողական թիմերի միջև համագործակցության հնարավորությունը: Մենք բարձր ենք գնահատում նաև Իրանի գիտնականների նվաճումները և կարևորում Հիմնարար գիտությունների հետազոտական ինստիտուտի հետ համագործակցություն ծավալելու հնարավորությունը, ինչպես նաև մաթեմատիկայի և քիմիայի ոլորտում նոր կապերի ստեղծումը»,- նշել է Վահրամ Դումանյանը՝ առաջարկելով խթանել համագործակցությունը նաև դպրոցների մակարդակում՝ համատեղ ամառային ճամբարների անցկացման և լեզուների ուսուցման շրջանակում:

ԻԻՀ գիտության, հետազոտությունների և տեխնոլոգիաների նախարար Մուհամմեդ Ալի Զոլֆիգոլն իր գոհունակությունն է հայտնել երկու երկրների միջև գիտական, հասարակական և մշակութային համագործակցության առնչությամբ: Նա տեղեկացրել է, որ Իրանում գործում են 44 համալսարան, որոնք համաշխարհային սանդղակում զբաղեցնում են բավականին բարձր տեղեր, տեխնոլոգիական բազմաթիվ պարկեր և գիտելիքահեն ընկերություններ: ԻԻՀ նախարարի փոխանցմամբ՝ Իրանի բուհերի դասախոսները և գիտնականները կարող են տարբեր ոլորտներում համագործակցել ՀՀ բուհերի հետ՝ միաժամանակ պատրաստակամություն հայտնելով օգտվել Հայաստանի գիտական և մարդկային ներուժից:

«Մենք բարեկամական և եղբայրական ձեռք ենք մեկնում Հայաստանին ու պատրաստ ենք սերտ համագործակցություն ծավալել գիտության և տեխնոլոգիաների ոլորտում, փոխադարձ օգտագործել նորարարությունների ներուժը՝ իրագործելով բոլոր կառուցողական առաջարկները»,- փաստել է Մուհամմեդ Ալի Զոլֆիգոլը:

Կողմերը քննարկել են նաև համատեղ տեխնոլոգիական պարկեր ունենալու և համապատասխան մասնագետներ պատրաստելու, երկու երկրների ուսանողների շարժունության, դիպլոմների փոխճանաչման և փոխայցերի կազմակերպման վերաբերյալ հարցեր:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28