Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնկալում եմ, որ ԵԱՀԿ-ն քաղաքական լուրջ ճնշումներ կգործադրի, որպեսզի Ադրբեջանը հարգի իր միջազգային պարտավորությունները. Թագուհի Թովմասյանը դիմել է ԵԱՀԿ գործող նախագահին՝ հայ ռազմագերիների վերադարձի ձգձգման խնդրով

Փետրվար 07,2022 17:18

Թագուհի Թովմասյանը դիմել է ԵԱՀԿ գործող նախագահին՝ հայ ռազմագերիների վերադարձի ձգձգման խնդրով և անընդունելի համարել Ադրբեջանի կողմից խնդրի քաղաքականացումը և նոր նախապայմանների առաջ քաշումը։

Այսօր, ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների և Հանրային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, իր լիազորությունների շրջանակում, հրատապ կարգով դիմել է ԵԱՀԿ գործող նախագահ` Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուին և Հարավային Կովկասում ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Վիորել Մոսանուին՝ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների անհապաղ վերադարձի հարցով։ Թագուհի Թովմասյանը ԵԱՀԿ նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների վերադարձի խնդրի հետևողական քաղաքականացման և նոր նախապայմանների առաջ քաշման անընդունելիությունը։

Ուղերձի մեջ, մասնավորապես, ասվում է․ «Հարգելի պարոն Նախագահ, սույն գրությամբ ցանկանում եմ Ձեզ իրազեկել, որ 2020 թվականի 44-օրյա Արցախյան պատերազմից 3 տարի անց Հայաստանի հանրապետության համար ռազմագերիների վերադարձի հարցը դեռևս շարունակում է մնալ ամենահրատապ խնդիրը, որն անհապաղ լուծում է պահանջում:

Ստեղծված իրավիճակում, առանց միջազգային գործընկերների կոշտ արձագանքի, մենք իրական տեղաշարժ չենք կարող ապահովել։

Հայտնի է, որ ռազմագերիների վերադարձը ձգձգելը, մարդկանց պահելը քաղաքական ու ռազմական առևտրի նպատակով պատերազմական հանցագործություն է համարվում, մինչդեռ Ադրբեջանը մինչ օրս ոչ միայն չի վերադարձնում, այլև քաղաքականացնում է ռազմագերիների վերադարձի հարցը, առաջ քաշում նոր նախապայմաններ:

Ադրբեջանը, կոպտորեն ոտնահարելով միջազգային մարդասիրական իրավունքով ողջ միջազգային հանրության հանդեպ ստանձնած պարտավորությունները, խախտելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից կիրառված միջանկյալ միջոցների պահանջները՝ թաքցնում է իր վերահսկողության ներքո գտնվող հայ ռազմագերիների և ներկալված քաղաքացիական անձանց իրական թիվը և անթույլատրելի կերպով ձգձգում է նշված անձանց, այդ թվում՝ կանանց անհապաղ հայրենադարձման մարդասիրական գործընթացը։ Ավելին, Ադրբեջանը անցկացնում է արհեստական դատավարություններ, գերեվարվածներին անմարդկային կտտանքների ենթարկում՝ ռասայական և կրոնական հողի վրա։ Ադրբեջանը շինծու քրեական հետապնդման ապօրինի գործընթաց նախաձեռնելով՝ փորձում է զրկել իր վերահսկողության ներքո գտնվող հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց Ժնևի կոնվենցիաներով սահմանված կարգավիճակից՝ չտրամադրելով վերջիններիս նշված կոնվենցիաներով նախատեսված իրավունքները, արտոնությունները և այլ երաշխիքները:

Ցանկանում եմ հիշեցնել, որ «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» 1949 թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի 118-րդ հոդվածի համաձայն՝ «Ռազմագերիներն ազատվում և հայրենադարձվում են անմիջապես ակտիվ ռազմական գործողությունները դադարեցվելուց հետո»: «Պատերազմի ժամանակ քաղաքացիական բնակչության պաշտպանության մասին» 1949 թ. օգոստոսի 12-ի Ժնևի կոնվենցիայի հոդված 113-ի 1-ին մասը սահմանում է նաև, որ «Ներկալումը պետք է դադարի որքան հնարավոր է շուտ՝ ռազմական գործողություների ավարտից հետո»: «Բռնությամբ անհետացած անձանց պաշտպանության մասին» 2007թ. փետրվարի 6-ի միջազգային կոնվենցիան սահմանում է, որ՝ Ոչ ոք չպետք է ենթարկվի բռնությամբ անհետացման, նույնիսկ պատերազմական իրավիճակում: Գերիների առկայության փաստի ժխտումը կամ անհետացած անձի ճակատագրի կամ գտնվելու վայրի մասին տեղեկությունները թաքցնելը համարվում է միջազգային հանցագործություն:

Հաշվի առնելով վերոնշյալ բոլոր հանգամանքները և ցցուն փաստարկները՝ ակնկալում եմ, որ Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը՝ Ձեր գլխավորությամբ, քաղաքական լուրջ ճնշումներ կգործադրի, որպեսզի Ադրբեջանը հարգի իր միջազգային պարտավորությունները:

Ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված հայ զինծառայողները և քաղաքացիական անձինք պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն Հայաստան:

Դա պետք է արվի առանց որևէ նախապայմանի»։

Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28