ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում հյուրընկալվել էր «Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը՝ որպես շահագրգիռ արտախորհրդարանական ուժ քննարկելու ՀՀ-ԵՄ օրակարգային հարցեր։
Հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը ներկաներին տեղեկացրեց, որ Խզմալյանը ցանկություն է հայտնել ներգրավվել հանձնաժողովի աշխատանքներում եւ օգտակար լինել, ներկայացնել գործընկերների տեսակետները։
«Այստեղ պետք է լինեի «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ, նա էլ էր ցանկացել գալ, բայց ինչ-ինչ պատճառներով ինձ թողեց մենակ։ Միայն իմ անունից կարող եմ ասել, որ մեր նպատակն է՝ փորձել աջակցել ձեր աշխատանքին»,-ասաց Տիգրան Խզմալյանը՝ տեղեկացնելով, որ իր կուսակցությունը գործնական կապեր ունի եվրոպական մի շարք քաղաքական ուժերի եւ կառույցների հետ։
Խզմալյանը նշեց, որ վաղը կայանալիք առցանց քննարկման ժամանակ եվրոպացի գործընկերներին խնդրելու է, որպեսզի Եվրախորհրդարանը եւ Եվրամիությունը որեւէ տնտեսական կամ քաղաքական պայմանագիր, համաձայնագիր չքննարկեն Ադրբեջանի հետ, մինչեւ որ չվերադարձվեն բոլոր հայ ռազմագերիները։
Կարդացեք նաև
Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն իր հերթին ասաց, որ ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագիրը պատրաստ է երկու տարուց ավելի, բայց ոչ մի կերպ չի ստորագրվում․ «Անցած տարվա դեկտեմբերին այն պատրաստվեց նախաստորագրման համար, բայց չստորագրվեց քաղաքական պատճառներով։ Կան խնդիրներ։ Որքան հնարավոր է՝ մենք պետք է շատացնենք եւ խորացնենք այդ խնդիրը։ Կարծում եմ՝ հանձնաժողովը դեմ չի լինի, որպեսզի արտախորհրդարանական ուժերը խորհրդարանական ուժերի անունից ուղերձներ հղեն ԵՄ-ի իրենց գործընկերներին։ Կարող եք հանդես գալ նման առաջարկներով սպասվելիք քննարկումներում»։
Արման Եղոյանը Տիգրան Խզմալյանից նաեւ հետաքրքրվեց, թե ՀՀ-ԵՄ հարաբերությունների հետ կապված ինչպիսի՞ տեսլական ունի։ Խզմալյանը պատասխանեց, որ կուսակցության նպատակը ՀՀ-ի անդամակցությունն է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին՝ իր հիմնախնդիրների լուծման նպատակով․ «Քաղաքակրթական առումով ՀՀ-ն Եվրոպա է։ Վերջին տարիների քաղաքական զարգացումները մեզ ստիպում են եվրոպական կառույցներում հանդես գալ առաջարկով, որ պետք է ստեղծվի Ուկրաինա-Մոլդովա-Վրաստան-ՀՀ առանցք՝ որպես արժեքային եւ քաղաքակրթական մաս մեծ Եվրոպայի»։
Արման Եղոյանն իր հերթին հավելեց, որ Տիգրան Խզմալյանի եւ Արամ Սարգսյանի հետ արդեն իսկ մեկ հանդիպում ունեցել է, պայմանավորվել են հանձնաժողովում նման քննարկումները դարձնել պարբերական։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ