Լրահոս
Օրվա լրահոսը

Անգամ ճանճի իրավունքների համար պայքարող որոշ իրավապաշտպաններ հիմա ձայն չեն հանում երկրում տեղի ունեցող կալանավորումների մասին. Հարություն Մեսրոբյան

Փետրվար 07,2022 17:10

«Ես դիմում եմ այն ակտիվիստներին, որոնք տասնամյակներ շարունակ, անգամ ճանճի իրավունքների պաշտպանության համար դուրս էին գալիս փողոց»,-այսօր «Հայելի» ակումբում անդրադառնալով Աշոտ Մինասյանի, դատավոր Բորիս Բախշիյանի եւ այլ անձանց՝ նրա բնորոշմամբ, քաղաքական հայացքների համար կալանավորման դեպքերին, ասաց Հանրային խորհրդի նախկին անդամ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը: Նրա խոսքով, այդ իրավապաշտպանները հիմա «լալկված են եւ ամեն ինչ անում են, որ պաշտոններ ստանան»:

Բայց Հարություն Մեսրոբյանը վստահ է՝ «գլոբալիստների» հաղթանակը երկար չի տեւելու եւ շուտով ազգայնական ուժերը ոտքի են կանգնելու: Նրա խոսքով, հիմա աշխարհում տեղի են ունենում գործընթացներ, որոնց արդյունքում քանդվում են մեծ միավորները. «Երբ քանդվեց Խորհրդային միությունը, քանդվեց նաեւ Խորհրդային միության կողմից ստեղծված ռազմական բլոկը: Հիմա բավականին դժվար, մահամերձ պահ է սկսվում ՆԱՏՕ-ի համար, եւ հիմա գնում են լոկալ ինչ-որ միավորումներ: Այդ գործընթացներն արդեն տասը տարի ընթանում են եւ անցյալ տարի հասավ իր գագաթնակետին: Ղազախստանյան դեպքերը ցույց տվեցին, որ արդեն գնում է կատաղի պայքար այդ գլոբալիզացիայի ջատագովների եւ գլոբալիզացիայի կողմնակիցների միջեւ: Մենք ունենք իրավիճակ, որ ամեն տեղ գլոբալիզացիոն նախագծերը ճաքեր են տալիս»:

Բայց, ըստ Հարություն Մեսրոբյանի, դա չի նշանակում, որ նոր ստեղծվող գլոբալիզացիոն ուժերին պետք է փառաբանել. «Ո՛չ, բայց, մենք, որպես հայեր եւ պետություն, եթե ուզում ենք երկար ժամանակ գոյություն ունենալ, պետք է մակրո գործընթացներին տեղյակ լինենք: Եվ դրանք ծառայեցնենք մեր ազգային եւ պետական շահին, ինչը մեր երկրում ընդհանրապես չկա»:

Նրա համոզմամբ, հիմա աշխարհում մեծ թոհուբոհ է սկսվում, ինչպես եղավ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ մեր ազգը 1,5 միլիոն հայ կորցրեց. «Մենք նորից մեր գավառական, պարզունակ մտածելակերպով քցվում ենք մեծ ճաշատեսակի մեջ»:

Հարցին՝ արդյոք սոցիալական դժգոհությունը կարթնացնի՞ մեր քաղաքացիներին, որոնք չեն փորձում պայքարել այսօր տեղի ունեցող գործընթացների դեմ եւ իրավիճակ փոխել, կառավարման փորձագետն ասաց՝ ո՛չ:

«Սոցիալական դժգոհությունը հայերի մոտ շատ դժվար է արթնացնել՝ շատ պարզ պատճառով: Մենք՝ հայերս, դարերով եղել ենք ուրիշների լծի տակ, մեր գենետիկայի մեջ մտել է, որ ամեն մեկս մեր ընտանիքի սոցիալական հարցերը կլուծենք: Ի՞նչ ձեւերով՝ բարոյական, անբարոյական՝ այլ հարց է: Այդ իմաստով մենք շատ փակ համակարգ ենք»:

Ըստ նրա, մեր ժողովրդին ոտքի կհանի այն փոքրաթիվ հատվածը, որն ունի ազգային մտածելակերպ, ինքնասիրություն ու արժանապատվություն. «Նրանք պետք է երկու բան անեն՝ դարձի բերեն նրանց, որոնք ընկճվել են եւ ծրագրային սկսեն համախմբել եւ գնալ առաջ: Միայն հայկական առողջ ուժերը կարող են փրկել, եթե մարդը դրսից սնվում է եւ հայրենասիրական ճառեր է ասում, ուրեմն նա կրկնակի վտանգավոր է»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28