Լրահոս
Օրվա լրահոսը

Մասնակցել եք Տարոն Մարգարյանի քարոզարշավին, ծաղրել եք Նիկոլ Փաշինյանին, ա՞յն ժամանակ էիք ձեզ կեղծում, թե՞ հիմա. Ագնեսա Խամոյանը՝ Գրիգոր Մինասյանին

Փետրվար 07,2022 17:00

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը, դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորման մասին լուրը կարդալով՝ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանին հարցրեց. «Կարող ենք արձանագրել, որ հոգեվարքի մեջ գտնվող արդարադատության դագաղի մեխը դրվեց…Արդարադատության ոլորտի մարդիկ պետք է որոշակի արժեհամակարգ ունենան: Ես եւ հանրությունը ուզում ենք հասկանալ, թե ինչպիսին է պատկերը ձեզ մոտ: Դուք ՀՀԿ անդամ եք եղել, ՀՀԿ ավագանու անդամ եք եղել, մասնակցել եք Տարոն Մարգարյանի քարոզարշավին, ծաղրել եք Նիկոլ Փաշինյանին այդ ընթացքում՝ ասելով, որ Տարոն Մարգարյանի հետ փորձում է մրցել մի մարդ, ով նույնիսկ մի համատիրություն չի ղեկավարել: Այս իշխանությունները տարիներ շարունակ քննադատել են ԽԾԲ մեթոդով նշանակումները պետական կառավարման համակարգում: Ինչո՞վ էր, ի վերջո, պայմանավորված ձեր նշանակումը արդարադատության փոխնախարարի պաշտոնում: Ազգակցական դաշտ չեմ մտնի, ինչո՞վ էր պայմանավորված, ի՞նչը ձեզ ի վերջո գայթակղեց փոխնախարարի պաշտոնում աշխատելու»:

Մինասյանը նախ ցավ հայտնեց, որ Խամոյանը պատգամավորական իր գործունեությունը խառնում է լրագրողական գործունեության հետ. «Առաջին ձեր դիտարկումը, որ արդարադատության դագաղի մեխը խրվեց, կարծում եմ այդ դագաղի մեխը դրված էր անցյալում, երբ որ երբեք նման քննարկումներ չէին եղել ու դատավորը ենթադրյալ ապօրինությունր գործելու համար պատասխանատվության չի ենթարկվել: Հենց սա է առողջացումը, soft վեթինգը: Տարիներ շարունակ ունեցել ենք օբյեկտիվ դժգոհություններ դատական համակարգից, բոլորս կարողանում ենք հիմա լավ գործ անել»:

Ինչ վերաբերում է Փաշինյանին ծաղրելուն՝ նա ասաց. «Երբեք նման բան չի եղել, եղել են քաղաքական դեբատներ, հայտարարություններ, որոնք երբեք ծաղրանք չեն եղել: Իսկ թե ինչու եմ ես այսօր այս պաշտոնին՝ արդարադատության նախարարի հետ երկար տարիների աշխատանքի փորձ ունենք, իմ պաշտոնը քաղաքական պաշտոն է ու ես ունեմ նույն սկզբունքները, որն ունի թիմը: Ես տասը տարուց ավելի փաստաբանական գործում եմ ու ներսից գիտեմ, թե որն է եղել վատ օրը, դագաղի մեխը երբ է խփվել, ուզում եմ իմ փորձով լավ բան անել»:

Խամոյանը արձագանքեց. «Դուք չէ, որ գնահատական պետք է տաք իմ պատգամավորական գործունեությանը: Ձեր քաղաքական ղեկավար Նիկոլ Փաշինյանն էլ ժամանակին մեր գործընկերն էր ու երեսով տալ մեր մասնագիտությունը այնքան էլ տեղին չէ»:

Հետո Խամոյանը հարցրեց՝ դուք ա՞յն ժամանակ էիք ձեզ կեղծում, երբ ծաղրում էիք Նիկոլ Փաշինյանին, թե՞ հիմա. «Ես կարծում եմ, որ այդ դագաղի մեխը խփվեց այն ժամանակ, երբ ձեր անվանի բժիշկ հոր նկատմամբ այս իշխանությունների կողմից իրականացվեցին հետապնդումներ»:

Ի պատասխան՝ Գրիգոր Մինասյանն ասաց, որ անձնական դաշտ է մտնում, ուստի նախընտրեց չանդրադառնալ. «Այդ, որ դուք շատ գոհ եք եղել դատական համակարգից 30 տարի, ուրեմն գնացեք ու մեր քաղաքացիներին ասեք, ինչու ենք բարեփոխում անում, հետաքրքիր է՝ ձեզ ոնց կդիմավորի մեր դժգոհ քաղաքացիների բանակը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28