«Իմ գործով ոչ մի նոր հանգամանք ի հայտ չի եկել, չկա տրամաբանություն՝ ինձ կալանավորելու։ Բայց ես համոզված եմ, այդ մեղավորները Աստծո կողմից հատուցում ստանալու են»,-«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ գնալուց լրագրողների հետ զրույցում ասաց Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը։
Հիշեցնենք, այսօր՝ փետրվարի 7-ին, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը բեկանեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի 2021թ.-ի դեկտեմբերի 17-ի որոշումը եւ Մանվել Փարամազյանին կրկին կալանավորելու որոշում կայացրեց։ Վերջինս ազատ էր արձակվել 70 մլն դրամ գրավի դիմաց։
Կարդացեք նաև
«Մի՞թե մենք արժանի ենք այս ամենին։ Մենք նվիրված ենք այս երկրին, խոնարհ ծառա։ Պատերազմը տեսած, գյուլլեքի միջով անցած , թուրքերի միջով անցած, ամեն ինչ տված, ի՞նչ անենք էս պետության համար»,-լրագրողների հետ զրույցում ասաց Մանվել Փարամազյանը։
Չնայած Քաջարանի համայնքի ղեկավարը չի հավատում արդարադատությանը, բայց նրա պաշտպանական կողմը վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկելու է Վճռաբեկ դատարան։
Մանվել Փարամազյանը առողջական խնդիրներ ունի, որոնք թերեւս անհամատեղելի են կալանքի հետ։ Հրաժեշտ տալով հարազատներին ու ընկերներին՝ Փարամազյանն ասաց՝ «Աստծով․․․»։
Մանրամասները տեսանյութում։
Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության օժանդակելը կամ կազմակերպելը), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) եւ 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։