Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

ՀՀ-ում հայագիտությունը մրցունակ չէ․ «Հորիզոն 2020»-ում ֆինանսավորված հայագիտական միակ հայտը եղել է Իտալիայից

Փետրվար 07,2022 16:03

ԱԺ եվրոպական ինտեգրման  հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում քննարկվեց եւ դրական եզրակացություն ստացավ «ՀՀ-ի եւ Եվրոպական միության միջեւ ԵՄ «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների եւ նորարարության շրջանակային ծրագրին ՀՀ-ի մասնակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու հարցը, որը շուտով կներկայացվի նաեւ ԱԺ լիագումար նիստում՝ վավերացման նպատակով։

Կարեն Թռչունյան

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը զեկուցեց, ծրագիրը մեծ է՝ 100 միլիարդ եվրո ընդհանուր բյուջեով․ «Գիտության գերազանցություն, գլոբալ մարտահրավերներ եւ մրցակցային արդյունավետություն, նորարարություններ։ Սրանք ուղղություններն են։ Մենք շարունակելու ենք մասնակցել ծրագրին, ուստի պետք է անցնել ներպետական ընթացակարգերը եւ վավերացնել։ Ծրագրի շահառուներ կարող են լինել բուհերը եւ գիտական կազմակերպությունները, մասնավոր հատվածը։ Նախորդ՝ «Հորիզոն 2020» ծրագրին ՀՀ-ն մասնակցել է 2016թ․-ից եւ մինչեւ 2020թ․-ը 313 հայտից 35-ն է ֆինանսավորվել։ Հիմա սա նոր ծրագիրն է, քանի որ  «Հորիզոն 2020»-ն արդեն ավարտված է»։

Սարգիս Հայոցյան

ԿԳՄՍ նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը տեղեկացրեց, որ «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների եւ նորարարության շրջանակային ծրագրին դիմելու համար գործում է  խորհրդատվական հիմնադրամ, որը շահառուներին կօգնի հայտեր կազմելիս։

Արսեն Թորոսյան

Հանձնաժողովի անդամ, ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը պաշտոնյաների ուշադրությունը հրավիրեց այն փաստին, որ բնական գիտությունները ՀՀ-ում առաջմղման կարիք ունեն, մնացել են ետնաբեմում․ «Վերջերս քիմիկոս-ֆիզիկոս լինելը ոնց որ այդքան էլ պատվաբեր չի։ Պետք է առիթը օգտագործել եւ նման գործիքներով իրավիճակը փոխել։ Տնտեսագետներն ու լեզվաբաններն էլ են կարեւոր, բայց առանց բնական գիտությունների՝ առաջընթաց հնարավոր չէ»։

Կարեն Թռչունյանը նկատառմանը համաձայնեց․ «Վերջին տարիներին բնական գիտությունների հանդեպ հետաքրքրությունը մեծացել է։ Հուսանք, որ գիտության ֆինանսավորման աճն առաջիկա տարիներին խթան կլինի, որ ուսանողները դառնան ֆիզիկոսներ եւ երկրաբաններ»։

Սարգիս Հայոցյանն էլ «Հորիզոն 2020»-ի օրինակով ասեց, որ ծրագրերի 90%-ը բնական գիտություններին են վերաբերել․ «Մի կողմից ճիշտ եք, որ հետաքրքրությունը պետք է մեծացնել, բայց մյուս կողմից՝ միջազգային ասպարեզում դա ամենամրցունակ ճյուղն է արդեն։ Ցավոք, «Հորիզոն 2020»-ի շրջանակում մի հայագիտական թեմա է ֆինանսավորել, որը շահել է Բոլոնիայի համալսարանը։ Այսինքն, ՀՀ-ում հայագիտությունն այնքան մրցունակ չէ, որքան Իտալիայի հայագիտությունը։ Բայց ղեկավարը հայուհի է եղել, Իտալիայի հաշվին է եղել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28