Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը ներկայացրեց «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:
Կորոնավիրուսով պայմանավորված հակահամաճարակային կանոնների պահպանման աշխատանքները ստուգելու համար տեսչական մարմինների ստուգայցեր էին նախատեսվել դեռեւս 2020-ից: Հիմա նախագծով առաջարկվում է պարզեցնել վարույթները ու խախտումներ հայտնաբերելու դեպքում, եթե խախտումն անող մարմնի կողմից դիտողություններ չկան, տեղում կարող են կիրառվել պատասխանատվության միջոցներ: Եթե տնտեսվարողը չի ընդունում խախտումը, կարող է պատասխանատվությունը լինել օրենքով սահմանված կարգով: Այս առաջարկն արել են նաեւ տնտեսվարողները, որովհետեւ գործող օրենքով 30-օրյա ժամկետ էր սահմանվում, մինչդեռ, եթե ընդունում է խախտումը, կարող է տեղում ակտը լինել:
Ասոյանն ասաց, որ 2021-ի ընթացքում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված կիրառվող սահմանափակումների պահպանման համար 77 հազար 596 ստուգայց են արել ու արձանագրվել է 4607 խախտում: Խախտման դեպքում նախազգուշացնում են, հետո տուգանք նշանակում 100-300 հազար դրամի սահմաններում ու եթե 1 տարվա ընթացքում կրկնվեց՝ 150-500 հազար դրամի սահմաններում են տուգանում:
Նա նշեց, որ շատ դեպքերում տնտեսվարողները բարեխիղճ կատարում են պահանջները, բայց հաճախորդները չեն ենթարկվում ու տնտեսվարողին են տուգանում: Հետո նա նկատեց, որ, օրինակ, ԱԺ այդ հանձնաժողովում ոչ բոլորն են դիմակ կրում, բայց տեսչական վերահսկողությունից դուրս են:
Կարդացեք նաև
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը հարցրեց՝ որքանո՞վ են արդարացված այդ ստուգումները, եթե այդքան քիչ խախտումներ են գտնում՝ հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը պատասխանեց, որ դրանց նպատակը ոչ թե պատժելն է, այլ՝ կանխարգելելը:
Ասոյանն էլ ասաց, որ կորոնավիրուսի ստուգումների համար հավելյալ որեւէ միջոց չի հատկացվել տեսչական մարմիններին, ընդհանուր ֆինանսավորման շրջանակներում դա իրականացնում են: Ըստ նրա, եթե խախտումները շատ են, դա չի փաստում, որ տեսչական մարմինները լավ են աշխատել, հուշում է, որ այդ ոլորտում խնդիրներն են շատ:
Նախագիծը դրական եզրակացություն ստացավ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ