Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր ասած խնամի-ծանոթ-բարեկամ երեւույթը շատ ցավոտ էր նախկինում»․ Գրիգոր Մինասյան

Փետրվար 07,2022 14:39

Արդարադատության նորանշանակ փոխնախարար Գրիգոր Մինասյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում գնահատականներ չհնչեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ նախկինում արտաբերած «նախկինները օտարերկրացիների կոշիկ լիզողներ են», «վնգստացող դատավորներ», «ծեփել պատերին» եւ նմանօրինակ արտահայտությունների վերաբերյալ։

«Կան քաղաքական հայտարարություններ։ Առաջնորդվենք այն սկզբունքով, որ լինելով ՀՀ քաղաքացի՝ ուզում ենք ունենալ լավ դատաիրավական համակարգ։ Ունենք դատաիրավական բարեփոխումների ռազմավարություն, որում առկա են քաղաքացիների մտահոգությունները»,-հարցադրումներին այսպես արձագանքեց նա։

Լրագրողները հիշեցրին, որ Նիկոլ Փաշինյանը քննադատում էր նաեւ խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով պաշտոնների նշանակումները, մինչդեռ Մինասյանը, լինելով արդարադատության նախարարի ընկերը, նշանակվել է պաշտոնի։ «Իմ պաշտոնը քաղաքական է։ Օրենքը թույլ է տալիս նշանակում անել նրան, ով կիսում է քո գաղափարները եւ ունի փորձ։ Իսկ ձեր ասած խնամի-ծանոթ-բարեկամ երեւույթը շատ ցավոտ էր նախկինում։ Այսօր էլ եթե նման դեպքեր կան, պետք է բացառվեն։ Քաղաքացիական պաշտոններում, որոնք մրցութային են, անցկացնում էին ծանոթներին»,-պատասխանեց Գրիգոր Մինասյանը։

Ինչ վերաբերում է Freedom House միջազգային կազմակերպության հայտարարությանը, որով վերջինս խորապես մտահոգված է ՀՀ քրեական օրենսգրքի՝ ծանր վիրավորանքը քրեականացնող նոր դրույթի կիրառման կապակցությամբ ՀՀ քաղաքացու նկատմամբ կայացված առաջին դատավճռով, Գրիգոր Մինասյանն ասաց․ «Քանի որ մեր երկրում կար իրավունքի չարաշահում, դրա համար նպատակահարմար է եղել նման օրենսդրական փոփոխություն անել։ Գործընկերների բոլոր մտահոգությունները լսելի են։ Ապագայում եթե փոփոխություններ լինեն, կիմանանք, բայց հաշվի առնենք, որ կա խնդիրը, որը պետք է լուծվեր։ Այժմ սա է լուծումը, որ նման դրսեւորումներ մեր երկրում չլինեն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28