Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ժաննա Անդրեասյանի պատասխանը ընդդիմադիր պատգամավորի բողոքին, որ «անմարդկային» են վարվել ու գիշերային ռեժիմում աշխատեցրել

Փետրվար 07,2022 13:50

Այսօր ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ ներկայացրեց «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որը ներառում է խորհրդարանական լսումներին արված որոշ առաջարկները:

Ժաննա Անդրեասյան

Նա նշեց, որ ուսուցչի վերապատրաստման, ատեստավորման եւ տարակարգի շնորհման հոդվածում ներառել են մեկ նոր կետ. խոսքը բնագիտության, տեղեկատվական հաղորդակցության տեխնոլոգիաների, ճարտարագիտության եւ մաթեմատիկա առարկաների մասնագիտական ոլորտում ուսուցիչ աշխատանքի վերցնելու գործընթացին: Մինչ այս օրենքում փոփոխություն էին արել ու ամրագրել, որ եթե ուսուցչի թափուր տեղի համար մրցույթ է հայտարարվում ու մանկավարժի որակավորում ունեցող որեւէ անձ չի դիմում, ապա կարող են դիմել նաեւ տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող եւ մանկավարժահոգեբանական ուսումնամեթոդական հմտություններ ապահովող առնվազն 30 կրեդիտ ունեցող անձինք: Քանի որ այդ առարկաների մասով իրավիճակը խիստ մտահոգիչ է, ուսուցչի կարիք կա, հիմա սահմանվել է, որ կրեդիտների պահանջը կարող են ապահովել մեկ տարվա ընթացքում, բավական է կրթությունը:

Նախագծով խորհրդակցական ձայնի իրավունքով համակարգողը պետք է մասնակցի խորհրդի նիստերին, ավելացվել է նաեւ, որ խորհրդին պետք է ներկայացնի ամենամյա հաշվետվություն՝ իրեն վերապահված աշխատանքների մասով:

Լիլիթ Գալստյան

Ընդդիմությունից Լիլիթ Գալստյանը նախ դժգոհեց հանձնաժողովի աշխատանքից՝ փոփոխությունները ստացել է ոչ աշխատանքային օրով ու գիշերային ժամերին. «Ստանում եմ ամփոփաթերթը աներեւակայելի փոփոխություններով եւ ես պետք է գիշերային ռեժիմով փորձեմ խորանալ, հասկանալ` ինչ է կատարվում այս օրենքի հետ: Սա անլրջություն է: ԱԺ-ն դակող մարմին չի, այս փնթիությամբ անհանդուրժելի է աշխատել: Եթե ավելի լուրջ ասեմ՝ մենք պետք է մերժեինք ու չգայինք այս քննարկմանը, որովհետեւ այսպես չի կարելի աշխատել: Ես, որպես շահագրգիռ մարդ, որը 2 տասնյակից ավելի առաջարկություններ է արել, շատ պիտի ուզենայի տեսնել, որ ոչ թե առաջարկներն են կիրառվել, այլ արմատական փոփոխությունների է ենթարկվել նախագիծը: Ուղղակի անմարդկային էր նստել ու գիշերային ռեժիմով ծանոթանալ այդ փոփոխություններին: Ես հորդորում եմ եւ պահանջում եմ՝ այլեւս այս աշխատաոճով չաշխատել»:

Ի պատասխան՝ Ժաննա Անդրեասյանն ասաց, որ շուրջօրյա ռեժիմով են իրենք էլ աշխատում, ցանկալի չի գիշերն աշխատել, բայց իրենք էլ աշխատում են՝ առանց հանգստյան օրերի, որ լուծեն կուտակված խնդիրները. «Այն իրավիճակը, որում մենք գտնվում ենք, մեզ այլընտրանք չի թողնում: Ու այստեղ խոսքը ոչ թե ԱԺ-ի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի մասին է, այլ՝ գործընկերության մթնոլորտի, որ մենք գիտենք՝ անկախ որեւէ օրից եւ ժամից մենք մտահոգ ենք այդ խնդիրներով ու այդ խնդիրների լուծման շուրջ մեր առաջարկները լսելի են, քննարկելի ու նաեւ քննադատելի»:

Ժաննա Անդրեասյանը ընդդիմադիր պատգամավորին վստահեցրեց, որ եթե այս խնդիրները աստիճանաբար լուծվեն, ինչպես ցանկացած այլ երկրում, մեր երկրում նույնպես կկարողանան ունենալ հանգստի իրավունք, աշխատանքի ժամերը սահմանափակելու իրավունք. «Այսօր այդ իրավունքներից առաջին հերթին զրկված ենք մենք ու դա շատ հասկանալի է ինձ համար»:

Հետո Լիլիթ Գալստյանն անցավ բուն նախագծին՝ ասելով, որ «չապրված» մոդել են փորձում ներդնել ու եթե գլխիվայր շրջում են հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման մոդելը, պետք է գոնե 1-2 տարի փորձաշրջան անցկացնեին. «Մենք տիտանիկաբար մտնում ենք, ճեղքում ենք մի ամբողջ համակարգ, նոր ինստիտուտներ ենք բերում՝ կոնֆլիկտային հարաբերություններով ու լիազորություններով, վախենում եմ, խորը տագնապներ ունեմ, որ մենք քանդում ենք մի բան՝ հստակ չպատկերացնելով, թե դրա փոխարեն ինչ ենք կառուցում»: Նա համաձայնեց, որ կրթության ոլորտում իսկապես փոփոխությունների կարիք կա, բայց պետք է փորձարկում անել նոր մոդելը, նոր կիրառել:

Փոխնախարարը վստահեցրեց, որ արդեն փորձարկել են, կամ գտնվում են փորձարկման փուլում: Օրինակ, խորհուրդների խոշորացման գործընթացը փորձել են ու պատրաստվում են գնալ այդ ուղղությամբ. «Ունենք տեղական փորձարկում, ունենք ժամանակ ու փորձարկման գործընթացներ: Դուք ճիշտ եք, սա էական փոփոխություն է, բայց կարծում եմ, սրանով մենք չենք քանդում ոչ մի բան, որը պետք չի քանդել: Քանդելու մասին խորհրդարանական լսումներին բավական երկար խոսեցինք: Փորձում ենք նպաստել կրթության որակի էական փոփոխությանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28