Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ է կատարվում Գյումրիում․ հնչել են կրակոցներ, բենզալցակայան թալանել

Փետրվար 07,2022 13:08

Գյումրու ընդդիմադիր քաղաքական գործիչներից մեկը՝ Կարապետ Պողոսյանը, երեկ ֆեյսբուքյան գրառում էր արել, թե ինքնաձիգերով զինված երկու դիմակավորված անձինք շրջագայում են Գյումրու կենտրոնով, մտնում օբյեկտներ ու վախեցնելով աշխատակիցներին ՝գումար հափշտակում։

«Ապագան եկել է․երեկվանից ավազակային հարձակումներ Գյումրիում գործող օբյեկտների վրա, երկու հոգի ինքնաձիգերով, դիմակներով, շատ լկտի պահվածքով, այդ թվում օրը ցերեկով թալանում են դեղատուն ու այլ գործող օբյեկտներ…

Ծափ տվեք, ապագան եկել է։

Հ.Գ Հիշում եք E class մերսեդեսների պահեստամասերի դեպքերը, մոտ 200 դեպք չգտան, որովհետև իրանց գործը ընդդիմադիր ճնշելն է»,-գրել էր Կարապետ Պողոսյանը։

Քիչ առաջ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանից տեղեկացանք՝ փետրվարի 5-ին, ժամը 03․35-ին ոստիկանության «Կումայրի»-ի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ ավազակային հարձակում է տեղի ունեցել Գյումրի քաղաքի Խանջյան փողոցի 9 հասցեում գործող բենզալցակայանի վրա։

Ըստ մեր տեղեկությունների, երկու դիմակավորված անձանց նկատել է բենզալցակայանի հերթափոխ աշխատակիցը։ Նա տեսել է, որ վերջիններս ինքնաձիգերով են, անմիջապես վազել է հանգստի սենյակ՝ նրանցից պաշտպանվելու համար։ Զինված անձանցից մեկը վազել է նրա հետևից, մի քանի անգամ կրակել է հատակին ու գումար պահանջել։

Աշխատակիցն ասել է, որ գումարը հանգստի սենյակում չէ, այդ ընթացքում մյուս դիմակավորված անձը դրամարկղից գումար է հափշտակել։ Նրանք անմիջապես դիմել են փախուստի, հաշվարկել են, որ վերջիններս գողացել են դրամարկղում այդ պահին եղած 150 հազար դրամը։

Կատարվում է նախաքննություն, դեպքի հանգամանքները պարզվում են։

Ի դեպ, Aravot.am-ը ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Արամ Ղազարյանից ճշտեց, թե զինված ավազակային հարձակման այլ դեպքեր Գյումրիում տեղի  ունեցե՞լ են, թե՞ ոչ։ Ոստիկանապետն ասաց,  որ բացի բենզալցակայանի դեպքից՝ զինված հանցագործության այլ դեպք Գյումրի քաղաքում և Շիրակի մարզում տեղի չի ունեցել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28