Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆինանսական յուրացում են անում, քրեական հետապնդումից հետո գալիս, դպրոցի տնօրեն են դառնում. Ժաննա Անդրեասյանը՝ դպրոցներում նոր փոփոխությունների մասին

Փետրվար 07,2022 12:45

«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը խորհրդարանական լսումներից հետո երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովում:

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրեց նախագծի հիմնական փոփոխությունները: Վերանայվել է հանրակրթական ծրագրի սահմանումը, որոշ խմբագրական փոփոխություններ են արվել: Տեւական ժամանակ քննարկվել ու քննադատության էին արժանացել դպրոցների կառավարման հարցում փոփոխությունները: Ժաննա Անդրեասյանն ասաց. «Քննարկեցինք պետական ուսումնական հաստատության գործունեության ղեկավարման ձեւաչափը, մասնավորապես՝ ուսումնական գործընթացի եւ վարչատնտեսական գործընթացի մասով: Հստակ ամրագրվել ենք, որ վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրականացնում է ուսումնական հաստատության համակարգողը կամ լիազոր մարմնի կողմից պատվիրակված իրավաբանական անձը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով»: Այսինքն, իրավաբանական անձանց կողմից էլ կարող են այդ գործառույթն իրականացնել:

Հստակեցվել են նաեւ խորհրդի գործառույթները, ներառվել նոր գործառույթներ, մասնավորապես, խորհուրդը լիազորված մարմնին նաեւ առաջարկություններ կարող է ներկայացնել ուսումնական հաստատության գործունեության բնագավառին, խնդիրներին համապատասխան ու հստակեցվել է, թե որ դեպքերում կարող են տնօրենին անվստահություն հայտնել: Հիմք կարող են ընդունվել լիազոր մարմնի սահմանած կատարողական ցուցանիշները: Այսինքն, զարգացման ծրագրին հետեւելու են կատարողական ցուցանիշներով ու այդ ցուցանիշները չկատարելու դեպքում կարող է անվստահության գործընթաց սկսել: Մանկավարժի որակավորման պահանջը տնօրեն դառնալու համար վերանայել են ու ամրագրել կրթության ոլորտի բարձրագույն կրթության պահանջ: Կարեւոր հստակեցում է արվել, թե ինչպես է լինելու տնօրենի ընտրելու մրցույթը: Լիազոր մարմնի կողմից ձեւավորվում է մասնագիտական հանձնաժողով, որի եզրակացությունը հիմք է տնօրեն նշանակելու համար: Տնօրենի եւ համակարգողի իրավասությունների շրջանակը հստակեցվել է:

Ժաննա Անդրեասյանը հավելեց. «Մենք ունենք հստակ թվարկում լիազորությունների, պարտավորությունների ու ոչ որոշակի իրավական դրույթները այլեւս տեղ չեն գտել: Ներառել ենք շահերի բախման գործընթացը կանխելու դրույթը, որ նույն պետական ուսումնական հաստատության տնօրեն եւ համակարգող չեն կարող առաջադրվել, նշանակվել միմյանց հետ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ կապված անձինք: Ինչպես նաեւ կարեւոր դիտարկումներ ենք ներառել, որը լսումների ժամանակ հնչեց նաեւ, մասնավորապես՝ դպրոցների քաղաքականացվածության, կուսակցականացման մտահոգության տիրույթում պետական ուսումնական հաստատության տնօրեն, համակարգող չի կարող առաջադրվել այն անձը, որը հանդիսանում է կուսակցության եւ նրա ստորաբաժանումների ղեկավար, վերահսկողություն իրականացնող մարմինների անդամ: Եվս մի նկատառում. մենք հաճախ ունենում ենք դեպքեր, երբ գործող տնօրենների նկատմամբ իրականացվում են քրեական հետապնդումներ, բացահայտվում են հանգամանքներ, օրինակ, ֆինանսական յուրացումների մասով, այնուհետեւ դրանք փոխհատուցվում են այդ անձի կողմից ու սա որեւէ կերպ չի խոչընդոտում, որպեսզի հետագայում, չնայած արդարացնող հիմք չկա, քրեական հետապնդումը դադարեցվել է այդ գործընթացի արդյունքում, այդ մարդը նույն ձեւով գա, շարունակի մասնակցել մրցույթների եւ նորից ընտրվի: Ուստի նախագծում ավելացվել է, որ ոչ արդարացնող հիմքով եթե քրեական հետապնդումը դադարեցվել է, այդ անձը չի կարող առաջադրվել, նշանակվել տնօրենի կամ համակարգողի պաշտոնում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28