Երևանի մանկապարտեզներից մեկում երեխային բռնության ենթարկելու համար մեղադրվող դայակին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՔԿ մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը:
«Փետրվարի 5-ին միջնորդություն է ներկայացվել դատարան, դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել դայակի կալանքի միջնորդությունը և կիրառել ստորագրություն չհեռանալու մասին»,- ասաց Թադևոսյանը:
Ավելի վաղ, դայակների և դաստիարակների կողմից երեխային բռնության ենթարկելու հաղորդման հիման վրա Քննչական կոմիտեն քրեական գործ էր հարուցել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, որոնք կատարվել են` առանձին դաժանությամբ և ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով):
Կարդացեք նաև
Ոստիկանությունից փոխանցեցին, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 7-րդ կետի հատկանիշերով, այն է` խոշտանգում, որը կատարվել է ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով: Aravot.am-ը տեղեկություն էր տարածել, որ Ա. Հ.-ն հունվարի 31-ին ոստիկանությանը հաղորդում է տվել, որ 2019թ մարտից մինչև 2021թ հոկտեմբերի 14-ը դուստրը՝ Է. Ու-ն հաճախել է Երեւան քաղաքի մանկապարտեզներից մեկը, որտեղ դայակներ Ռ. Ղ.-ն, Ս. Կ.ն եւ դաստիարակներ Ի. Ա-ն եւ Ա. Կ.-ն հաշվի առնելով երեխայի հոր պակիստանցի լինելու հանգամանքը՝ պարբերաբար խմբի երեխաների միջոցով խոշտանգումների են ենթարկել վերջինիս:
Նշվում է, որ պարանով ձեռքերը և պարանոցը կապելու եղանակով՝ երկաթյա տաք խաղալիքով այրել են երեխայի կրծքավանդակը, հարկադրել են ուտել հող, խոտ, կղանք, ինչի արդյունքում երեխային պատճառվել է ֆիզիկական ցավ և հոգեկան տառապանք: