Լրահոս
Օրվա լրահոսը

Գիտատեխնոլոգիական կենտրոնի հայտնաբերած դեղամիջոցները ներդրվում են բժշկական կլինիկական պրակտիկայում  

Փետրվար 07,2022 11:45

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի (ՕԴՔԳԿ) նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում հետազոտվում են նեյրոտրոպ միացություններ, ինչի արդյունքում բժշկական կլինիկական պրակտիկայում ներդրվել է հակաէպիլեպտիկ դեղամիջոց Պուֆեմիդը: Մեկ այլ դեղամիջոց՝ պոտենցիալ տրանկվիլիզատոր Պիրատիդինը, գտնվում է նախակլինիկական փորձարկման փուլում:

Համակողմանի և խորը ուսումնասիրման է ենթարկվում նոր օրիգինալ դեղամիջոց N3212-ը, որն ունի հակաէպիլեպտիկ և համակցված հոգեմետ արտահայտված հատկություններ: Պուֆեմիդի, Պիրատիդինի, դեղապրեպարատ N3212-ի ուսումնասիրությունները և վերջին տարիներին բացահայտված միացությունները կարող են հետագայում կիրառություն ունենալ որպես նոր դեղամիջոցներ նեյրոտրոպ հատկություններով՝ ինչպես էպիլեպսիայի, այնպես էլ նևրոզների և մանիակալ-դեպրեսիվ սինդրոմի բուժման ժամանակ:


ՕԴՔԳԿ-ում հակացնցումային և հոգեմետ հատկությունների հայտնաբերման ուղղությամբ ուսումնասիրվել են տարբեր քիմիական խմբերի պատկանող ծծումբ, ազոտ և թթվածին պարունակող նոր միացություններ՝ պիրանոտրիազոլոպիրիդինների ածանցյալներ, պիրանոպիրիդոթիենո-տրիազինների, թիենոտրիազոլոիզոխինոլինի, տիենոպիրիմիդինների, պիրիմիդինների ածանցյալները,  հիդանտոինների ածանցյալները և նրանց լիթիումական աղերը: Միացությունների հետազոտությունն իրականացվել է կորազոլային (պենտիլենտետրազոլ, որն օգտագործվում է որպես ցնցումային միջոց էպիլեպսիայի փոքր նոպաների ստեղծման համար) թեստով, որն առաջնային ընտրության մոդել է ինչպես էպիլեպսիայի, այնպես էլ անքսիոլիտիկ (տրանկվիլիզատոր հակավախային) կանխատեսվող հատկությունների բացահայտման համար՝ օգտագործելով սպիտակ մկներ: Առավել ակտիվ՝ 60-80%, թվով 8 միացություն ենթարկվել են խորը հետազոտության ցնցումային տարբեր թեստերով և հոգեմետ հատկությունների բացահայտման համար՝ «բաց դաշտ», «բարձրացված խաչաձև լաբիրինթոս», «հարկադրված լող», «պասիվ խուսափման պայմանական ռեակցիա» թեստերով՝ կիրառելով տարբեր փորձարարական կենդանիներ՝ աուտբրեդ մկներ և առնետներ:

«Այդ նշված թեստերով միացությունները ցուցաբերել են բարձր հակացնցումային, վարքագիծն ակտիվացնող կամ ընկճող հատկություն, անքսիոլիտիկ հատկություններ, որոշակի հակադեպրեսանտ ազդեցություն: Ուսումնասիրված միացությունները «պտտվող առանցքի» մոդելով հետազոտված դեղաչափերով չեն ունեցել միոռելաքսանտ ազդեցություն», – ասաց  հոգեմետ միացությունների հետազոտման խմբի ղեկավար, կենսաբանական գիտությունների դոկտոր Ռուզաննա Պարոնիկյանը:

Նա նշեց, որ լաբորատորիայում ուսումնասիրվել է նաև 52 քիմիական նոր միացությունների հակամոնոամինօքսիդազային ակտիվությունը, որը բնորոշում է նրանց հակադեպրեսանտ ակտիվությունն առնետների ուղեղում in vitro  փորձի պայմաններում: Արդյունքում առանձնացվել են սպիրոբենզո խինազոլինների, կոնդենսացված պիրիմիդինների, ամինաթթուների հիդանտոինների ածանցյալներ՝ հետագա խորը ուսումնասիրությունների համար:  

«Որոշ ընտրված միացություններ պիրազոլիլթիենոպիրիդինների և պիրազոլիլթիենոիզոխինոլինների շարքից իրականացվող թեմայի շրջանակներում ենթարկվել են պաթոհիստոլոգիական ուսումնասիրման, որոնք իրականացվել են հիպոկամպում և էնտորինալ (ուղեղի կառուցվածքներ, որոնք պատասխանատու են հոգեմետ հատկությունների դրսևորման համար) կեղևում: Բացահայտված է միացություն, որն ունի նեյրոպրոտեկտիվ ակտիվություն և կանխում է կորազոլավ առաջացած գլիոզը և նեյրոնների կորուստը», – ասաց Ռուզաննա Պարոնիկյանը:

Չնայած մի շարք հիվանդությունների զարգացումը կանխատեսելու և օրգանիզմի վիճակը գնահատելու տարբեր մեթոդների մշակման զգալի առաջընթացին՝ ներկայում արդիական է նոր, ավելի արդյունավետ և լայնորեն հասանելի մոտեցումների որոնումը՝ օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակը և վաղաժամ խանգարումներն օբյեկտիվորեն գնահատելու համար: «Այս առումով ՀՀ ԳԱԱ ֆիզիոլոգիայի ինստիտուտում մշակված «Բիոսկոպ» սարքավորումային համալիրը մեծ հետաքրքրություն է ներկայացնում: Մեր հետազոտությունները ցույց են տվել «Բիոսկոպ» սարքավորումային համալիրի օգտագործման հնարավորությունը ոչ ինվազիվ (առանց շփման) ուսումնասիրելու օրգանիզմում էպիլեպտիֆորմ վիճակների կանխման և պաշտպանման բնույթը՝ օգտագործելով հայտնի հակաէպիլեպտիկներ՝ ֆենոբարբիտալ և դիազեպամ, ինչպես նաև գնահատելու ժամանակակից դեղամիջոցներ լամոտրիջինի և տոպիրոմատի օպտիմալ չափաբաժինները՝ օրգանիզմի էպիլեպտիֆորմ վիճակները կանխելու համար», – ասաց Ռուզաննա Պարոնիկյանը:

Շարունակվել են աշխատանքները «Բիոսկոպ» ապարատային համալիրի կիրառմամբ այլ հակաէպիլեպտիկ դեղամիջոցների, մասնավորապես՝ դիլանտինի, դեպակինի և զարոնտինի հետ ուսումնասիրություններում: Առաջարկվել է օգտագործել այս նոր մեթոդը որպես սկրինինգային՝ հակացնցումային դեղամիջոցների հայտնաբերման համար: Ուսումնասիրությունները հիմնականում իրականացվել են բազային հետազոտությունների, ինչպես նաև ՀՀ գիտության կոմիտեի «18T-1D066» դրամաշնորհի շրջանակներում, այժմ էլ կատարվում են «21T-3C101» թեմայի շրջանակներում:  Աշխատանքներում ներգրավված են երիտասարդ գիտնականներ, քիմիկոսներ Շուշան Դաշյանը, Արփինե Հարությունյանը, կենսաբաններ Տաթևիկ Առաքելյանը, Սոնա Բուլոյանը, Լիլիթ Արշակյանը:

Կատարված աշխատանքների հանդեպ կա մեծ հետաքրքրություն միջազգային հանրության կողմից, որն արտահայտվում է մեջբերվող աշխատանքների քանակով և մի շարք պարբերականների կողմից նմանատիպ աշխատանքները տպագրելու հրավերներով:

Աշխատանքների մի մասն այժմ պատրաստվում է հրատարակման, մի մասն արդեն տպագրվել է գիտական հեղինակավոր պարբերականներում՝ «Журнал органической химии», «Химико-фармацевтический журнал», «Неврологический журнал имени Л.О. Бадаляна» https://doi.org/10.46563/2686-8997-2021-2-2-83-88, «Клиническая и экспериментальная морфология», «ՀՀ մտավոր սեփականության գործակալություն»:

ՀՀ ԳԱԱ տեղեկատվական-վերլուծական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28