Լրահոս
Օրվա լրահոսը

Հասարակության ախտորոշումն ու պետականության ձախողման ներքին սպառնալիքները

Փետրվար 07,2022 11:06

Մասնագիտական գրականության, ինչպես նաև պատմական փորձի առումով հաշտեցումը փոխադարձ գործընթաց է՝ հենված միմյանց հանդեպ ցուցադրվող հարգանքի, կատարված մեղքերի ընդունման, զանգվածային բռնություններն իրականացրած կողմի հրապարակային ներողության, և բռնությունների զոհի կողմից այդ ներողություններն ընդունելու սկզբունքների վրա։

Արդի հայաստանյան իրականության մեջ այս սկզբունքները, ինչպես նաև որևէ այլ հանրայնորեն կարևոր սկզբունք, մի կողմ են դրվել։ Մասնագիտական մոտեցումների, դիվանագիտական արվեստի և ջանքերի, ռազմական ուժի և քաղաքացիական միասնականության, քաղաքական վերնախավի անձնուրաց և համատեղ ջանքերի փոխարեն՝ Ցեղասպանություն գործած /հուսամ՝ դրանում դեռևս չենք սկսել կասկածել/ և հայատյաց ադրբեջանցիների հետ «հաշտեցմանն» ենք գնում մանր առևտրականներին հատուկ և հարիր՝ «էստի համեցեք» պարզունակ բանաձևով։

Եվ իրոք, Հայաստանի քաղաքական «վերնախավը» կենսուրախորեն արագացնում է թուրքերի և ադրբեջանցիների գիրկն ընկնելու, և Հայաստանն իրենց հետ տանելու գործընթացը, իսկ քաղաքական իշխանության եկած հայ գործարարների հերթական նեղ խումբը լուրջ և խիստ դեմքերով բացատրում է պետության համար Թուրքիայի և Ադրբեջանի հետ տնտեսական հարաբերությունների շահավետությունը։ Մարալիկում կանգնեցված՝ Սողոմոն Թեհլերյանի հուշարձանն ենք պատրաստ համապատասխանեցնել թուրքերի քմահաճույքներին, իսկ շարքային մարդիկ դեմ չեն ադրբեջանական Սոկար բենզալցակայաններից բենզին գնելու հնարավորությանը․ ինչո՞ւ չէ, եթե էժան է։

Միգուցե նաև մեր ազգությունն ու կրո՞նը փոխենք, եթե ձեռնտու լինի։

Կողքից օբյեկտիվ հայացքով նայողը կասեր, որ բռնության ենթարկվածը դարձյալ բռնության է գնում՝ այն «հաշտություն», «տնտեսական զարգացում», «հնարավորություն» անվանելով, ինչպես բռնաբարված մի կին, ում հերթական բռնաբարության համար արդեն մի քանի դրամ են խոստացել։

Նրանք, ովքեր հայրենիքի համար արյուն, քրտինք և ապա՝ արցունք են թափել, ուժասպառ եղան և այլևս կարող չեն արձագանքելու։ Մյուսները, ովքեր ակտիվորեն յուրացնում էին «թքած ունենալու արվեստը», այսօր էլ պատրաստ չեն դասեր քաղել և շարունակում են սրճարաններում նստած՝ ամեն ինչի և ամեն մեկի մասին մեծ-մեծ խոսել։ Մինչդեռ հայի անվան, ինքնության, կենսատարածքի և պատմության ակտիվ ու համակարգված վարկաբեկմանը Հայաստանից արդեն առհասարակ չեն էլ պատասխանում․ այսինքն՝ մեր մասին Ալիևի որակավորումների հետ համաձա՞յն ենք։

Փորձենք հասկանալ, թե ինչու է այդպես, և ինչ պատահեց մեզ հետ։

Հայաստանյան հասարակության ներկայիս վիճակը վերջին պատերազմի հետևանքը չէ, այլև համատարած բնույթ ունեցող, վաղուց սկսված հիվանդություն է։ Դեռ 2020թ․ հուլիսին՝ պատերազմից առաջ, «Առավոտի» էջերից կիսվեցի մասնագիտական գնահատականներով և կանխատեսմամբ՝ պետականության կորստի հավանականության վերաբերյալ։ Ցավոք՝ ճիշտ էր, և այդ հավանականությունը ոչ այնքան արտաքին, որքան ներքին ջանքերով շարունակում է աճել։ Երկիրը չէ, որ «երկիր չէ», այլ հասարակությունն է, որ հիվանդ լինելով՝ պետականամետ չէ։

Հիվանդ հասարակությունը կարող ենք բնութագրել իր իսկ ծրագրերի ձախողմամբ, հանրային սուտասանությամբ և պոպուլիզմով, ուռճացված մեծամտությամբ, ինքնաքննադատության բացակայությամբ, սովորելու և դասեր քաղելու անկարողությամբ, պետության համար վնասակար գործունեության խրախուսմամբ (օրինակ՝ պարգևավճարների տեսքով), հանրային բացասական բարքերով, որոնք արդեն սովորական և նորմալ են դարձել։ Ցավոք՝ հատկապես հետխորհրդային փուլում հայկական Սփյուռքը համալրած հայաստանցիների վարքուբարքում հաճախ նկատելի է նույնը, սակայն, դա առանձին թեմա է։

Հիվանդ հասարակությունը կարող չէ պայքարել, պաշտպանվել (առավել ևս՝ հարձակվել), աշխատել և կառուցել։ Այն խաղում է պետականություն՝ ստեղծելով պետության համար անհրաժեշտ արտաքին ատրիբուտները, ի ցույց դնելով դրանց առկայությունը, սակայն՝ դրանց բովանդակությունը չի կարևորում և կարող է, օրինակ, բազմիցս փոխել Սահմանադրությունը, կամ հակառակը՝ չփոխել միայն բացասական լիցքեր հաղորդող օրհներգը։ Հիվանդ հասարակությունը խաղում է ընտրություններ՝ ունենալով միջազգային չափանիշների ընտրական ընթացակարգեր, սակայն դրանցով «ընտրելով» անորակ ընտրանի, ում որևէ այլ քաղաքակիրթ երկրում իշխանությանը մոտ չէին թողնի։ Հիվանդ հասարակությունը ձևացնում է, որ պայքարում է կոռուպցիայի, համավարակի, արտագաղթի դեմ, որ բարեկարգում է հանրային տրանսպորտը, որ ժողովրդավարական է, իրավական և սոցիալական, որ կիրթ է, ավանդապաշտ և կամ արդիական, իրականում մնալով ո՛չ ավանդապաշտ, և ո՛չ էլ՝ արդիական։

Այդ խաղը ոմանց մոտ լավ է ստացվում, ոմանց մոտ էլ՝ ոչ այնքան, և դրանից է կախված այդ անձանց՝ իշխանությանը մոտ գալու և այնտեղ մնալու հավանականությունը։ Ոմանք էլ, ով չի խաղում, տվյալ հասարակության առողջ և գործուն անդամ է, սակայն հիվանդ հասարակության մեջ իրեն պաշտպանված և «նորմալ» չի զգում, կարծես խաղից դուրս է։

Հիվանդ հասարակությունն այդպես էլ չի կարողացել կողմնորոշվել՝ Արևե՞լք է այն, թե՞ Արևմուտք, Եվրոպա՞ է, թե՞ Ասիա, քրիստոնյա՞ է, թե՞ անհավատ, և եթե քաղաքակրթությունների խաչմերուկում է (ինչպես որ բոլորին ասում է), ապա այդ խաչմերուկից ո՞ր կողմ է գնում, ի՞նչ է ուզում։

Վերջապես, եթե որևէ տեղ չենք գնում, ապա ինչո՞ւ ենք ուզում ինչ-որ տեղ հասնել։

Հիվանդ հասարակության կողմից սեփական հիվանդությունները չախտորոշելու, դրանք չընդունելու հետևանքն է պետականության, ինչպես նաև առանձին ծրագրերի ձախողումը և դա խնդիր չհամարելը, «թեթև տանելը»։

Սեփական մեղքով մեր /նաև՝ նախորդ սերունդների կողմից մեզ վստահված/ ծրագրերի ձախողմանն ու դա «թեթև տանելուն» նպաստում են նաև հանրության կողմից արագ յուրացված՝ ինֆանտիլիզմը (մանկամտությունը), պատեռնալիզմը (պետության վրա ամբողջ պատասխանա­տվությունն ու մեղքը բարդելու հարմարավետ հանրային սովորությունը), և սպառողականությունը (վերցնելու, ստանալու, օգտագործելու, շահելու, բայց՝ ոչինչ չստեղծելու մոտեցումը)։

Հասարակության ինֆանտիլ անդամները նախընտրում են լինել հոգատարության (դրանով իսկ՝ ազդեցության) օբյեկտ, և ոչ թե գործուն սուբյեկտ, ունակ չեն ընդունել հասուն, համակարգային որոշումներ, առաջնորդվում են գոյաբանական վախերով և կենցաղային բնույթի անկարողությամբ։ Սեփական սխալների վրա սովորելու, կոփվելու, ուժեղանալու, վախերը հաղթահարելու փոխարեն` ինֆանտիլ մարդիկ նախընտրում են մեղադրել ուրիշներին, փախչել դժվարություններից, իրավիճակն օբյեկտիվորեն և ինքնաքննադատաբար չգնահատել։ Ինֆանտիլիզմը մեզանում ունի երկար պատմություն և, ցավոք, մեր ինքնազարգացումը խոչընդոտող ազգային բնութագրի մի մասն է․ բարեկամ ենք համարում նրանց, ով մեզ անվերապահորեն գովում է, և խռովում նրանցից, ով քննադատում է՝ առանց հասկանալու դրա օբյեկտիվ պատճառներն ու շտկելու թերությունները։

Ինֆանտիլ հասարակության պետական ղեկավարությունը սովորաբար ամբողջ պատասխանատվությունը բարդում է «ժողովրդի» վրա, իսկ ժողովուրդը՝ իշխանության (այդպես էր, օրինակ՝ պատերազմի, համավարակի, այլ հիմնախնդիրների դեպքում), մինչդեռ ո՛չ ինֆանտիլ քաղաքացին, ո՛չ էլ ինֆանտիլ առաջնորդն է ունակ և պատրաստ ինքնավերլուծության, ինքնաքննադատման և սեփական սխալների շտկման։

Պատեռնալիզմը՝ պետության հանդեպ քաղաքացու գերագնահատված սպասումներն ու պահանջներն առանց սեփական պարտականությունների գիտակցման, մեզանում է՛լ ավելի սրվեց 2020թ․պատերազմից հետո, որում կրած պարտությունը վերագրվեց վերացական մի պատասխանատուի՝ պետությանը, և է՛լ ավելի արմատավորվեց սեփական պետությունից դժգոհելու հայերիս սովորությունը։ Պատեռնալիզմի տրամաբանության համաձայն՝ պարտվեց ոչ թե հասարակությունը, այլև պետությունը, ուստի և պետք է ոչ թե նայենք դեպի «ներս» և փոխենք մեր պետության պարտությանը բերած մեր իսկ վարքագիծը, այլև՝ նայենք դեպի «դուրս»՝ փոխենք պետությունն ու քաղաքացիությունը, փնտրենք մեկ այլ «խնամակալ», որ դարձյալ, պետության մասին մեր իսկ պատկերացումների համաձայն` «պարտավոր» կլինի հոգ տանել մեզ համար, մեզ պաշտպանել, կերակրել, սիրել և փայփայել։ «Պետությունը մենք բոլորս ենք» մտածելակերպը մեզանում, ցավոք, այդպես էլ չարմատավորվեց։ Այստեղից էլ, մի կողմից, այդ արտաքին խնամակալի (Ռուսաստան, Եվրոպա, ԱՄՆ, այսօր նաև՝ Թուրքիա և այլն) հետ կապված հանրային գերագնահատված հույսերը, և մյուս կողմից՝ դժգոհությունը, թե «մեզ լավ չեն նայում ու պաշտպանում», «ո՞ւր է նայում աշխարհը», «ո՞ւր էին ռուսները», և այլն: Այլընտրանքային և ամենակարևոր հարցերը, թե «ո՞ւր էինք մենք», երբ հակառակորդն ուժեղանում էր, մեր դեմ աշխատում ու մեզ այդ մասին ասում, որո՞նք էին հենց մեր սխալները, և ի՞նչ անել, որպեսզի դրանք նորից չկրկնենք («այլևս երբեք» հրեական կարգախոսով), անգամ պարտվելուց հետո մեզանում հանրային բնույթ չստացան:

Վերջապես, արդի հասարակություններում և այդ թվում՝ մեզանում տարածված սպառողականությունը, այն է՝ յուրաքանչյուր երևույթ ըստ հաճելիության, էժանության, մատչելիության, օգտակարության, նորաձև լինելու, զվարճալիության գնահատելն ու այն ունենալու և օգտագործելու կենսակերպը, նաև սպառման օբյեկտ է դարձնում հայրենիքը։ Սպառողական մտածելակերպի համաձայն՝ աշխարհը առևտրի մեծ մոլ է, իսկ սեփական պետությունը՝ մեզ առաջարկվող այլ ապրանքներից մեկը։ Համապատասխանաբար, պետությունն այնքանով է լավը, որքանով մեզ տալիս է առավելագույնը՝ մեզանից նվազագույնը պահանջելով («էժան է և որակով»)։

Սպառողական մոտեցման շրջանակներում հայրենասիրությունը դառնում է ճաշակի, և ոչ թե սկզբունքի հարց․ սեփական պետության մեջ մի բան դուր չեկավ՝ ոչ թե աշխատենք և շտկենք, այլ թողնենք և գնանք մեկ այլ տեղ։

Այս իմաստով պատերազմը սպառողականության օբյեկտ չէ և հանրորեն չի կարևորվում, եթե չի հետապնդում հարձակվելով նվաճելու, ստանալու, յուրացնելու, ձեռք բերելու, ընդլայնելու, ունենալու նպատակներ։ Այդպիսի նպատակներ, բացառությամբ «Հասնենք Բաքու» պոպուլիստական և անտրամաբանական կոչերի, հայկական կողմը 2020թ․ պատերազմի ժամանակ օբյեկտիվորեն չէր դրել, ուստի և սպառողական մտածելակերպով առաջնորդվող հանրույթը հայրենիքն անվերապահորեն պաշտպանողներին միանալուն պատրաստ չէր։

Ի տարբերություն՝ ադրբեջանական հասարակության մեջ տարածված նույն սպառողականությունը պետական հայատյաց գաղափարաբանության, ռազմաքաղաքական մոտեցումների, ներդրված միջոցների, քարոզչության և պատմական հիշողության միջոցով ստացել էր կոնկրետ հարձակողական, նվաճողական նպատակներ և թիրախավորվածություն։

Դրան անհրաժեշտ էր հակադրել համակարգված կերպով պետականության ամրապնդմանն ու պաշտպանողականությանն ուղղված համազգային ջանքերը, պետական և հասարակական միջոցները, պետական գործիչների բացառիկ մասնագիտական և անձնային որակներն ու անվերապահ հայրենասիրությունը, հասարակության մշտական ինքնակատարելագործումը, մեր պատմական հիշողության մեջ ամրագրված փաստերից դասեր քաղելու կարողությունը։ Սրա փոխարեն պատերազմում հայտնվեցինք փոխադարձ ատելությամբ, հասարակությունը բաժանող բազում ներքին պիտակավորումներով, կլանային մտածելակերպ ունեցող գործիչներով, ինֆանտիլ վերնախավի մասնագիտական անպիտանությամբ, անհիմն մեծամտությամբ և ինքնասիրահարվածությամբ, կոռուպցիայով, քաղաքական դաշտի մասնատվածությամբ, մյուսներին թերագնահատելու ազգային սովորությամբ, պոպուլիզմով, ինքնախաբեությամբ և այլ հակապետական բնութագրիչներով։ Ուստի և ինքներս մեզ ենք ձախողել։

Հույս չունենալով փոխելու «թքած ունեցողների» տրամադրությունն ու «էլիտայի»՝ մանր առևտրականներին հարիր «հաշտեցվող» վարքագիծը՝ անհրաժեշտ եմ համարում ամրագրել այն փաստացի իրողությունը, որ բացի արտաքին հանգամանքներից, թշնամիներից և միջամտություններից՝ ինքներս ենք մեղավոր պետություն չունենալու կամ այն ձախողելու մեջ։ Նաև պատմական անցյալն է, որ պետք է այս տեսանկյունից վերաիմաստավորել։

Արթուր ԱԹԱՆԵՍՅԱՆ

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետ

 

24.01.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Aha says:

    The best assessment of Armenian society I have read. I plead with the Aravot leadership to translate it into good quality english so that the diaspora can also read it. This type of analysis never reaches the diaspora because of the language barrier. We usually get dichotomy platitudes about democratic/undemocratic Armenia, corrupt/non-corrupt leaders, thieves/honests, etc. Translate it (good quality) and spread it widely, please!

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28