Համացանցում մեսրոպատառ հայերեն գրելու նախաձեռնությունը 10 տարեկան է: Դրական տեղաշարժն ակնհայտ է, բայց ոչ բավարար ու բոլորս պարտքն է` պահել, պաշտպանել ու եկող սերունդներին հանձնել մեր հրաշք գիրը: Այն կորցնելու վտանգ իսկապես կա ու մեզանից պահանջվում է ընդամենը գրել մեսրոպատառ ու ազդել շրջապատի մարդկանց վրա, որպեսզի անեն դա: Ամենավատն այն է, որ դպրոցներում աշխատանքներ չեն տարվում երեխաների հետ, իսկ մեր գրի ու լեզվի ապագա կրողներն ու տարածողները հենց նրանք են:
Թվայնացվող այս դարաշրջանում մենք իրավունք չունենք անլուրջ վերաբերվել այս հարցին և թողնել այն ինքնահոսի, այլապես կգա այդ օրը, երբ հայը չի իմանա իր գիրը: Չկա այլ հայերեն գիր մեսրոպատառից բացի: Գոնե վերջին արհավիրքները մեզ պետք է դարձնեն ավելի ուշադիր մեր ունեցածի հանդեպ, խեղողը, այլաձևողը թուրքը կամ ադրբեջանցին չէ, այլ մենք ենք:
Շատ փոքր ջանք է պահանջվում` ընդամենը գրել մեսրոպատառ հայերենով, մեր այբուբենը աշխարհի մի քանի տասնյակ այբուբեններից է, պատկերացրեք, ինչ ջանասիրությամբ այն կպահեին սեփականը չունեցողները: Հիշեք` ամեն արժեք կորսվում է ոչ միանգամից, այլ կամաց-կամաց:
Զոհրապ ԵԳԱՆՅԱՆ
Կարդացեք նաև
Համացանցում մեսրոպատառ գրելու նախաձեռնության հեղինակ