Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախն այսօր հենց այնպիսին է, ինչին համաձայնել էր Սերժ Սարգսյանը»

Փետրվար 07,2022 14:30

Սկիզբը՝ այստեղ:

«Եթե ինքը (Նիկոլ Փաշինյանը-Ն.Գ.) համաձայն չի եղել այդ «հրաժարումի» հետ, թող ձեւակերպի սեփական հայդատական պահանջները։ Իսկ եթե չի ձեւակերպում, ուրեմն համաձայն է եւ կիսում է պատասխանատվությունը՝ թող մեղքը ոչ մեկի վրա չգցի»,- «Առավոտի» զրուցակիցն է «Հայկական ընտրություն» ՀԿ-ի խորհրդի անդամ Արմեն Աղայանը:

– «Ի վերջո պետք է խոստովանել, որ ցեղասպանության ճանաչման գործընթացի շարժիչ ուժը միշտ էլ եղել է սփյուռքը եւ սփյուռքի կազմակերպությունները»,- իր վերջին ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը: Հայ Դատից հրաժարվելու մասին էլ ասաց, որ դա արդեն արել են «նախկինները»՝ հայտարարելով, որ Թուրքիայից տարածքային պահանջներ Հայաստանը չունի: Ընդունելի՞ են Ձեզ համար այս մոտեցումները: Ի դեպ, նա նաեւ պնդում է, որ ՀՀ Ազգային ժողովը 1992թ. վավերացրել է մի համաձայնագիր, որտեղ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Արցախի խնդրին միշտ հետամուտ եք եղել, հիշո՞ւմ եք նման բան:

– Ճիշտ է, նախկինները հրաժարվել են։ Ոչ միայն Տեր-Պետրոսյանը կամ Թուրքիայի հետ արձնագրություններ ստորագրող Սերժ Սարգսյանը, այլեւ Ցեղասպանության մասին ՄԱԿ-ի ամբիոնից խոսացող Քոչարյանը։ Բայց դա չի արդարացնում նրանց կրկնողին։ Եթե ինքը համաձայն չի եղել այդ «հրաժարումի» հետ, թող ձեւակերպի սեփական հայդատական պահանջները։ Իսկ եթե չի ձեւակերպում, ուրեմն համաձայն է եւ կիսում է պատասխանատվությունը՝ թող մեղքը ոչ մեկի վրա չգցի։ Հոգնեցինք ու զզվեցինք արդեն այդ մանկամիտ խոսելաոճից ու արդարացումներից։

Ինչ վերաբերում է Ցեղասպանության ճանաչման գործընթացին, ապա բնական է, որ դրա շարժիչ ուժը պետք է Սփյուռքը լիներ, քանի որ հայաստանցիներս այդ ժամանակ բավականաչափ ազատ չէինք, որպեսզի նախաձեռնեինք ու ակտիվ մասնակցեինք։ Սակայն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը վկա, որ դա համայն Հայ ազգի պահանջն է եղել։ Սակայն Ցեղասպանության ճանաչման հետ կապված կա նպատակադրման լուրջ խնդիր։ Ինքը՝ ճանաչման փաստն արդեն կարելի է կայացած համարել, սակայն ի՞նչ է դա տալիս հայերիս։

Երկար ժամանակ ասվում էր, որ դրա իմաստն այն է, որ վերջում, այդ հիմքով Հայաստանը տարածքային պահանջ ներկայացնի Թուրքիային։ Սակայն տարբեր երկրների կողմից տարբեր տարիներին ընդունված ճանաչումները երբեք չեն պահանջել Թուրքիայից վերադարձնել հայկական տարածքները կամ դրանք չեն հայտարարել հայերիս իրավունքը։ Ինքներս էլ այդ պահանջը խուսափել ենք ներառել այն նախագծերում, որոնք ներկայացվել են տարբեր երկրների խորհրդարաններին ու կառավարություններին, որպեսզի դրանք ավելի հեշտ ընդունվեն։ Իսկ վերջերս հաճախ լսում ենք նման ձեւակերպումներ, թե իբր Հայոց ցեղասպանությունը պետք է ճանաչվի, որպեսզի աշխարհում այլեւս ցեղասպանություններ չլինեն։ Իրո՞ք։ Մի՞թե դա է մեր նպատակը։ Երբեմն էլ փոխհատուցման հարցը հանգում է զոհերի ժառանգների նյութական փոխհատուցմանը։ Եթե սրանք են մեր նպատակները, ապա անձամբ ես կնախընտրեմ երբեք չխոսել Ցեղասպանությունից։ Այն իմաստ ունի եւ մեզ կարող է հետաքրքրել բացառապես տարածքային պահանջը հիմնավորելու համար։

Անգամ մեր պետականության ներկայիս խարխուլ վիճակում մենք պարտավոր ենք չհրաժարվել մեր գրավված Հայրենիքից, տարածքային իրավունքներից, այլապես կկորցնենք մեր ինքնությունը եւ գոյության իմաստը, կվերածվենք ապազգային զանգվածի, որը Հայաստանում իր գոյությունը շարունակելու, կամք եւ զոհողություն դրսեւորելու որեւէ պատճառ չի ունենա։ Հայության հայրենաբնակ մնացորդը զգալի չափով կարտագաղթի, որոշ չափով էլ կինտեգրվի թրքական շրջապատին ու Հայաստանը կվերանա թե որպես պետություն, թե որպես երկիր։ Նիկոլ Փաշինյանը այսօր ցինիկաբար շարունակում է հենց այդ գիծը, որին բացահայտ կամ քողարկված, գիտակցված, թե անգիտակից, ծառայել են նաեւ իր նախորդները։ Իսկ ազգային զարթոնքն ու պետականության վերակենդանացումը, եթե մի օր նորից տեղի ունենա, իր օրակարգում անպայմանորեն ունենալու է տարածքային իրավունքների հարցը, ինչպես որ եղավ 19-րդ դարավերջին, 1965-ին կամ 1988-ին։

– Իր վերջին հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանը բավական ուշագրավ մանրամասներ հրապարակեց Արցախի հարցի բանակցային գործընթացից՝ պատասխանելով նաեւ Նիկոլ Փաշինյանի՝ այդ առիթով հնչեցրած մեղադրանքներին: Ի՞նչ տպավորություններ ունեք:

– «Կապիտուլյանտ, կապիտուլյանտը դու ես, դավաճան, դավաճանը դու ես»՝ Նիկոլ Փաշինյանի եւ Սերժ Սարգսյանի փոխադարձ հարձակումներն ու ինքնաարդարացումները մանկական խոսակցություն են հիշեցնում։ Ընդ որում, երկուսի՝ դիմացինին հասցեագրված կոնկրետ մեղադրանքները, խոշոր հաշվով, ճիշտ են։

Պատերազմից հետո Սերժ Սարգսյանի լեզուն երկարել է եւ, Արցախի կորստի ֆոնին, բանակցություններում տված իր իսկապես դավաճանական խոստումներն այսօր հնարավորություն է ստացել ներկայացնել իբրեւ հայանպաստ դիվանագիտություն։ Դաժան իրականությունը, սակայն, այն է, որ հենց այդ համաձայնություններն են հիմնավորել պատերազմով տարածքներ գրավելու եւ հարցը վերջնական լուծելու Բաքվի իրավունքը։

Սերժ Սարգսյանը ու բոլոր մյուս բանակցողներն այդպես էլ չհասկացան, թե ինչի համար են այդ բանակցությունները, չհասկացան, որ դրանցով ոչ մի հարց չէր կարող լուծվել, անգամ տեսականորեն։ Նրանք ուրախանում էին, երբ իրենց համաձայնությանն ի պատասխան՝ Ադրբեջանը մերժում էր ու հաստատուն մնում իր անզիջում դիրքերին։ Հիմա էլ Սերժ Սարգսյանը իր հաջողության օրինակներ է համարում դրանք։

Այնինչ, Բաքուն չէր կատարում իր բաժին զիջումները, բայց հաճույքով արձանագրում էր մեր կատարածները։ Նաեւ բոլոր կետերը մեկնաբանում էր իր օգտին ու հայտարարում, որ Հայաստանն է, որ չի համաձայնում վերադարձնել տարածքները, ուստի իրենք իրավունք ունեն դրանք վերադարձնել ուժով, ինչն էլ արեցին։ Անգամ եթե հայերս կատարեինք իրենց բոլոր պահանջները, նրանք միեւնույն է՝ նախընտրելու էին ավելացնել դրանք, որպեսզի վերջնական լուծումը լինի պատերազմով, Հայաստանին կոտրելով, 90-ականների համար վրեժ լուծելով։ Բայց Սերժ Սարգսյանն ու իր նմանները, ընդհուպ մինչեւ Նիկոլ Փաշինյանը, այդպես էլ չհասկացան, որ պատերազմը չէր ավարտվել, առնվազն Բաքվի համար այն հաստատ չէր ավարտվել, ու որ Մինկսի խումբը պոլիտբյուրո չէ, որ որոշում կայացնի, այլ ընդամենը միջնորդ։ Սերժ Սարգսյանը պարծենում է, որ խոստացել է հանձնել գործնականում բոլոր ազատագրված տարածքները, ադրբեջանցիներին վերադարձել նաեւ ԼՂԻՄ տարածք՝ պայմանով, որ այդ ԼՂԻՄ-ը ինչ-որ ժամանակավոր կարգավիճակ կստանա ու անորոշ ժամանակ անց հանրաքվե կկազմակերպվի։ Անգամ եթե տեղի ունենար այդ ամենը, քանի՞ հայ էր կամենալու ապրել այդպիսի Արցախում։ Գուշակություններ անել պետք չէ՝ Արցախն այսօր հենց այնպիսին է, ինչին համաձայնել էր Սերժ Սարգսյանը։ Ու եթե Նիկոլ Փաշինյանը չի պատկերացրել, որ 1994-ին կիսատ թողած պատերազմն անպայմանորեն վերսկսվելու է 2016-ի հետախուզությունից 3-4 տարի անց, ոչինչ չի արել դրան նախապատրաստվելու համար, դեռ մի բան էլ խոսքով ու գործով կոպիտ սխալներ է թույլ տվել, ոչնչով չի նվազեցնում Սերժ Սարգսյանի հանցանքը։

Ինչ վերաբերում է կորցրածը ետ բերելու հնարավորություններին, որոնց մասին խոսում է Սերժ Սարգսյանը, ապա նկատենք, որ կորցրած ասելով նա առավելագույնը նկատի ունի Հադրութը եւ Շուշին։ Ընդ որում՝ ենթադրվում է, որ Շուշիում պետք է ադրբեջանցիներ բնակվեն։

Հենց նման պնդումները վկայությունն են այն բանի, թե իրականությունից որքան կտրված են եղել եւ են Հայաստանի բախտի հետ խաղացող իշխանավորները։ Հադրութը եւ Շուշին կարող են նորից հայկական դառնալ, ընդհանրապես Արցախը կարող է հայկական մնալ բացառապես մեկ պայմանով՝ եթե մեզ հաջողվի նորից ու վերջնական ջախջախել Ադրբեջանին, վերականգնել Արցախի բնական եւ անվտանգ սահմանները՝ Քարվաճառից մինչեւ Արաքսի ափ, ներառյալ Աղդամը, որը ինչպես հիշում ենք՝ Սերժ Սարգսյանի հայրենիքը չէ։ Իսկ միայն Հադրութը կամ Շուշին վերադարձնելու մասին քարոզչական էժան դատարկախոսությունները հիմնված են ԼՂՀ ինքնորոշման մասին մեր իսկ հորինած հեքիաթի վրա, որը դարձել է Արցախյան պատերազմում խայտառակ պարտության հիմնական պատճառը։

– Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Ջուլֆա (Իրան)-Ջուղա (Նախիջեւան)-Երասխ (Հայաստան) բացվելիք երկաթգիծը պետք է սպասարկի նաեւ իրանական կողմից առաջ մղվող Պարսից ծոցը Սեւ ծովին կապող տրանսպորտային հանգույցը։ Իսկ ի՞նչ է լինելու Հյուսիս-Հարավ մայրուղու Սյունիքի հատվածի հետ, որը նպատակ է հետապնդում կապելու Հայաստանի հյուսիսային եւ կենտրոնական շրջանները հարավի հետ, այլ նաեւ առանց Ադրբեջանի տարածք մուտք գործելու՝ ապահովել Պարսից ծոց -Սեւ ծով ծրագրի հայաստանյան հատվածի մի նշանակալի մասը:

– Ոչ մեկն է լինելու, ոչ էլ մյուսը։ Իրանից դեպի Սեւ ծով երկաթգծային հաղորդակցություն այսօր էլ առկա է Ադրբեջանով։ Նախիջեւանով ու Հայաստանով անցնող նոր գիծը ոչ մի առավելություն չի ունենա Կուրի երկայնքով անցնողի համեմատ, քանի որ երկուսն էլ անցնելու են Ադրբեջանով։ Իսկ Հայաստանի սահմանը հատող բեռնաշրջանառության համար Բաքուն միշտ կարող է մաքսային սահմանափակումներ մտցնել։ Ինչ վերաբերում է հյուսիս-հարավին, ապա այն թեեւ ունի միայն Հայաստանով անցնելու առավելությունը, սակայն չափազանց դժվարանցանելի է եւ չափազանց մեծ ներդրումներ է պահանջում։ Այդ ներդրումների 10-20 տոկոսով մենք կարող էինք այնպիսի պաշտպանական գծեր կառուցել Արաքսի երկայնքով, որ կձախողեինք Ադրբեջանի հարձակումը։ Եվս 10-20 տոկոսով կբնակեցնեինք արաքսամերձ շրջանները։ Եվս 10-20 տոկոսով հրաշալի ավտոճանապարհ կկառուցեինք Խուդափերինի կամուրջից, իսկ մնացածով էլ կսկսեինք Արցախի հյուսիսն ու հարավը, նաեւ Իրանը Երեւանին կապող երկաթգծի շինարարությունը։ Անգամ եթե այսօր անհրաժեշտ գումարը լինի, միեւնույն է, թունելների շինարարության վրա այնքան ժամանակ կծախսվի, որ այդ ընթացքում իրանական ապրանքներն արդեն վարժված կլինեն Հայաստանը շրջանցող երթեւեկության ուղիներին։

Այս ամենից բացի, մեր աշխարհընկալման մեջ գերարժեւորված է տնտեսական տրանզիտի նշանակությունը։ Մենք չենք կարեւորում դեպի Կապան կամ Մեղրի անվտանգ ու կարճ ճանապարհ ունենալու մեր խնդիրը, բայց կարեւորում ենք, որ Իրանը կամ այլ երկրներ մեր տարածքով ինչ-որ բան տեղափոխեն, որից մենք անգամ էական մաքսատուրք չենք փորձելու գանձել։ Բայց անգամ այդ գերարժեւորումը մի տեսակ կեղծ է։ Եթե մենք իսկապես արժեւորեինք դա, ապա ժամանակին ոչ միայն կպաշտպանեինք Դիզակը, այլեւ կազատագրեինք Նախիջեւանն ու Ջուղան, եւ անգամ Գանձակն ու Կուրի աջակողմյան ափը։ Իսկ հիմա, երբ ամեն բան հանձնել ենք, մնացածից հրաժարվում ենք, շատ ծիծաղելի է դառնում Հայաստանը տրանզիտ երկիր դարձնելու նպատակը։ Հայաստանը տրանզիտ երկիր կարող են դարձնել թուրքերը, երբ ամբողջությամբ կենթարկեն ու կներառեն իրենց թրքական աշխարհի մեջ կամ մենք, եթե ինչ-որ հրաշքով նորից զարթնենք ու մեր վերահսկողության տակ առնենք մեր բնական սահմանները՝ Կուրն ու Արաքսը։

Զրույցը՝ Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
05.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28