Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Կարինե Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում դիմել էր «Վանաձորի մանկատուն» ՊՈԱԿ-ի նախկին սաներին

Փետրվար 07,2022 14:00

«Իմ սիրելի սաներ, Ձեզ հետաքրքրող բնակարանային հարցի հետ կապված առաջարկ էի ներկայացրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին, որտեղից ստացել եմ պատասխանը։ Պատասխանում նշված են հեռախոսահամարներ, որով կարող եք զանգահարել, կամ կապ հաստատեք ինձ հետ անձնական նամակով, եթե ինչ-որ հարց թերի կմնա։ Ձեզ միշտ սիրող, Ձեզ հիշող ու հարգող՝ ընկեր Կարինե»: Երեկ «Առավոտը» դիմեց փաստաբան Կարինե Գասպարյանին, թե ի՞նչ խնդրով է դիմել նախարարին:

Պարզվեց հետեւյալը: Փաստաբանն անցյալ տարվա վերջերին դիմել էր Լոռու մարզպետարան, խնդրել նրանց միջամտությունը մանկատան սաների բնակարանների հարցով, սակայն որեւէ պատասխան չէր ստացել:

Այս տարվա հունվարի 13-ին Կարինե Գասպարյանը դիմել է ՀՀ վարչապետին, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին. «Ինձ են դիմել «Վանաձոր» ՊՈԱԿ-ի նախկին սաներից, ովքեր օգտվել են պետական աջակցությամբ բնակարաններ անհատույց օգտագործման իրավունքով ձեռք բերելու ծրագրից, ինչից, իհարկե, շնորհակալ են: Կան սաներ, որոնց բնակարանի՝ անհատույց օգտագործման պայմանագրերի ժամկետներն ավարտվել են, որեւէ այլ բնակարան ձեռք չեն բերել, չեն էլ կարող ձեռք բերել: Այս պահին, որպես փաստաբան, ցանկանում եմ ճշտել նախարարության դիրքորոշումը՝ այս սաներին հատկացված բնակարանները սեփականության իրավունքով նրանց անվամբ անհատույց գրանցելու հետ կապված»:

Օրեր առաջ՝ փետրվարի 1-ին նախարարության գլխավոր քարտուղարի կողմից փաստաբանը ստացել է հետեւյալ պաշտոնական գրությունը. «Հայտնում եմ, որ ՀՀ կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը որպես սոցիալական բնակարանային ֆոնդ հատկացված բնակելի տարածքները (բնակարաններ) նվիրաբերելու մասին N 1325-Ն որոշման մեջ 2021 թվի օգոստոսի 6-ին կատարվել է փոփոխություն, համաձայն որի, որոշման հավելվածում՝ ցուցակում ներառված բնակելի տարածության իրավունք ունեցող մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտների եւ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին դասված 163 անձանց հետ բնակարանների նվիրաբերության պայմանագրեր կնքելու ժամկետը երկարաձգվել է եւս 12 ամսով (մինչեւ 2022թ. սեպտեմբերի 1-ը): Հարկ եմ համարում նշել, որ որոշմամբ սահմանված նվիրաբերության գործընթացի կազմակերպման ընթացքում ի հայտ են եկել որոշակի խնդիրներ, որոնք հաղթահարման համար նախարարությունը ձեռնարկել է համապատասխան միջոցառումներ»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28